logo
ՓԱԿԵԼMenu
«Ավրորան» 100.000 դոլար դրամաշնորհ է հատկացնում Քուինսի «Էլմհրսթ» հիվանդանոցին

«Ավրորան» 100.000 դոլար դրամաշնորհ է հատկացնում Քուինսի «Էլմհրսթ» հիվանդանոցին

Նախաձեռնությունը մեծարում է Նյու Յորք քաղաքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին

Այս տարեսկզբի աննախադեպ ծանր շաբաթների ընթացքում NYC Health + Hospitals առողջապահական համակարգի «Էլմհրսթ» հիվանդանոցն աչքի ընկավ կորոնավիրուսի դեմ պայքարով՝ իր վրա վերցնելով քաղաքի բոլոր հինգ թաղամասերից եկող կորոնավիրուսի ամենամեծ ալիքը: 2020 թ. հոկտեմբերի 19-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 100.000 դոլար դրամաշնորհ կհատկացնի հիվանդանոցին՝ ի պատիվ այն բժիշկների, բուժքույրերի եւ համավարակի առաջնագծում ծառայող անձնակազմի, որոնք բացառիկ հերոսությամբ եւ մարդասիրությամբ  ծառայել են Միացյալ Նահանգներում ներգաղթյալներից կազմված Էթնիկ տեսանկյունից ամենաբազմազան եւ տնտեսական խնդիրներով լի համայնքներից մեկում: Հաղթահարելով  կորոնավիրուսի 7-ամյսա ճգնաժամը՝ «Էլմհրսթ» հիվանդանոցն անցնում է իր ապագայի ծրագրերին: Վերջինիս անձնակազմն ավելի քան երբեւէ կենտրոնացած է համայնքային հասանելիության ծրագրերի, քրոնիկ հիվանդությունների վերաբերյալ կրթության եւ այլ նախաձեռնությունների վրա, որոնք կօգնեն ամրապնդել առողջապահությունն իրենց համայնքներում:  

«Երբ խոսքը վերաբերում է համավարակի դեմ պայքարին, առաջնագծերն ու այնտեղ պայքարող հերոսները շատ են: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Նյու Յորք քաղաքի հերոսներին, որոնք քաջաբար պայքարել են առաջնագծում՝ կորոնավիրուսի հետ կռիվ տվող հիվանդներին բուժելու եւ նրանց առողջություն պարգեւելու համար: Մեր բոլորի անունից ես շնորհակալություն եմ հայտնում «Էլմհրսթ» հիվանդանոցում առողջապահությունն ապահովող հերոսներին: Մեր խոնարհումը  ձեզ՝ խիզախության եւ հիվանդների հանդեպ նվիրումի համար»,- ասաց Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Էլմհրսթ» հիվանդանոցի պատմությունն սկսվում է 1800-ականների կեսից․ այն հայտնի էր «Քաղաքային հիվանդանոց» անունով: Նյու Յորքի երկրորդ ամենահին քաղաքային հիվանդանոցն էր, որը կառուցվել էր աղքատներին ծառայելու նպատակով: Այսօր այն սպասարկում է 112 երկրներից ներգաղթած ավելի քան 2.4 միլիոն մարդու, որոնց տունը դարձել է Քուինսը:

«Առաջնագծում պայքարող NYC Health + Hospitals/«Էլմհրսթի» մեր ողջ անձնակազմի անունից ես մեր խորին երախտագիտությունն եմ ուզում հայտնել «Ավրորային» այս առատաձեռն նվերի համար, որը կօգնի մեզ ավելի ուժեղ ծրագրեր ստեղծել կորոնավիրուսի եւ այլ հատուկ հարուցիչների դեմ պայքարի համար»,- ասաց NYC Health + Hospitals առողջապահական համակարգի փոխնախագահ, «Էլմհրսթ» եւ «Քուինս» հիվանդանոցների գործադիր տնօրեն Իսրայել Ռոչան:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության դրամաշնորհը NYC Health + Hospitals/«Էլմհրսթին» կտրվի 2020 թ. հոկտեմբերի 19-ին՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» շարքի մաս կազմող հատուկ առցանց միջոցառմանը, որն ուղիղ կհեռարձակվի Նյու Յորքի հանրային գրադարանից: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հնգամյակին նվիրված միջոցառումների ընթացքում կիրականացվի դրամահավաք միջազգային նվիրատուների շրջանում, ինչն էլ կօգնի ընդլայնելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ազդեցությունն ու հասանելիությունը, որն ավելի քան երբեւէ հավատարիմ է իր հանձնառությանը՝ երկրորդ հնարավորություն տալու աշխարհում բոլորին, ովքեր ունեն դրա կարիքը: Այսօր, երբ ադրբեջանցիները Թուրքիայի աջակցությամբ ուժգին հարձակումներ են իրականացնում՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները խորապես անհանգստացած են եւ վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությամբ եւ քաջալերում են յուրաքանչյուրին դրսեւորելու մարդասիրություն՝ միանալով «Ավրորա» համաշխարհային շարժմանը եւ ներդրում ունենալով աշխարհում խաղաղության հաստատմանը: