logo
ՓԱԿԵԼMenu
«Ավրորան» կաջակցի «Հոշոտված Հայաստան» գրքի վերահրատարակմանը

«Ավրորան» կաջակցի «Հոշոտված Հայաստան» գրքի վերահրատարակմանը

«Ավրորա» դրամաշնորհով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կվերահրատարակի Ավրորա Մարդիգանյանի գիրքը՝ համալրված ծանոթագրություններով

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կաջակցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կյանքի կոչել իր նոր նախագիծը եւ առաջին անգամ Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը վերահրատարակել ծանոթագրություններով: Հայերեն եւ անգլերեն այս եզակի հրատարակությունը կլինի Թանգարան-ինստիտուտի կարեւորագույն նախագծերից մեկի՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների մատենաշարի» խորհրդանշական մեկնարկը:

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը տարիներ շարունակ սերտորեն համագործակցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ եւ ուրախ է աջակցել հատկապես այս նախագծին, քանի որ մեր նախաձեռնությունը ոգեշնչվել է Ավրորա Մարդիգանյանի պատմությամբ եւ կրում է նրա անունը: Դեռ երեխա ժամանակ նա անցել է Հայոց ցեղասպանության սարսափների միջով եւ ոչ միայն ողջ է մնացել, այլեւ բազմիցս վերապրել է այդ ողբերգությունը՝ իր պատմությունն աշխարհին ներկայացնելով բեմից եւ ֆիլմով, այդպիսով բարձրացնելով Ցեղասպանության մասին հանրային իրազեկվածությունը: Այս տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նշում է իր հնգամյակը, եւ այս վերահրատարակությունը ճիշտ պահին է՝ ընդգծելու, թե որքան կարեւոր է լույս սփռել մարդկային ոգու տոկունության վրա»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան:

Գիրքը վերահրատարկվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակչական նոր՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների մատենաշար» նախագծով, որի շրջանակում լույս կտեսնեն Ցեղասպանությունը վերապրածների անտիպ հուշերը: «Հոշոտված Հայաստան» գիրքը կվերահրատարակվի անգլերեն եւ հայերեն՝ 20 էջ ծանոթագրություններով: Անգլերենը լույս կտեսնի 2.000 օրինակով, իսկ հայերենը՝ 1.000:

«Ցեղասպանությունից ավելի քան հարյուր տարի է անցել, եւ շատ եզրույթներ ու աշխարհագրական տեղանուններ ծանոթ չեն այսօրվա ընթերցողին, ուստի այս գրքի՝ ծանոթագրություններով հրատարակումը, անհրաժեշտություն էր: Իսկ «Ավրորայի» հետ համագործակցությունն այս համատեքստում, ինչ խոսք, շատ խորհրդանշական է: Ե՛վ Թանգարան-ինստիտուտի, ե՛ւ նախաձեռնության նպատակն ընդհանուր է՝ բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին հանրային իրազեկվածությունը, պայքարել ու կանխարգելել այսօր տեղի ունեցող ցեղասպանությունները եւ օգնության ձեռք մեկնել նման ողբերգությունների միջով անցնող ժողովուրդներին»,- ընդգծեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

«Ավրորան» աջակցում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին «Ավրորա» դրամաշնորհների միջոցով: Այն հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին մեծարելու իրենց նախնիներին փրկողների հիշատակը` աջակցելով կրթական նախաձեռնություններին, բարձրացնելով հանրային իրազեկվածությունը հայկական ժառանգության եւ մարդասիրական ջանքերի վերաբերյալ:

Լուսանկարում՝ Ավրորա Մարդիգանյանն իր՝ «Հոշոտված Հայաստան» գրքի շապիկին, որը գրվել է 1918 թվականին: