logo
ՓԱԿԵԼMenu
Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ՝ երիտասարդ գիտաշխատողներին

Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ՝ երիտասարդ գիտաշխատողներին

Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակն (գիտահետազոտական դրամաշնորհներ) այս տարի տրվում է Ասյա Դարբինյանին՝ «Համաշխարհային պատերազմի եւ Ցեղասպանության հետեւանքով փախստական դարձած հայերը եւ ռուս կայսերական մարդասիրությունը» գիտահետազոտական նախագծի եւ Քնար Խաչատրյանի ղեկավարած երիտասարդ գիտնականների թիմին՝ «Ուրբանացումը եւ սոցիալ-տնտեսական զարգացումը Հայաստանում՝ ետ գնալով ավելի քան մեկ դար» նախագծի համար:

«Սա կրթաթոշակային ծրագրի երկրորդ շրջափուլն է, եւ կցանկանայի նշել, որ գիտահետազոտական շատ հետաքրքիր նախագծեր են ներկայացվել։ Գիտական հետազոտություններում կարեւորը որակն է, ոչ թե քանակը. լավագույն երկու առաջարկներն ընտրելիս ահա այդ սկզբունքով ենք առաջնորդվել: Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ ստացողների թվի տարեցտարի ավելացումն օգնելու է հայագիտությամբ զբաղվող գիտնականների նոր համայնքի ստեղծմանը, եւ դա լավ նորություն է բոլորիս համար», - ասաց Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակի Ընտրող խորհրդի անդամ Հայկ Դեմոյանը:

Կրթաթոշակի արժանացած Ասյա Դարբինյանն այժմ Ստոքթոնի համալսարանում հետդոկտորական հետազոտություն է իրականացնում Հոլոքոստի ու ցեղասպանագիտության թեմայով: Այս կրթաթոշակի օգնությամբ նա կավարտի Համաշխարհային պատերազմի եւ Հայոց ցեղասպանության հետեւանքով փախստական դարձած հայերի մասին ուսումնասիրությունը՝ բացահայտելով ռուս կայսերական մարդասիրական օգնության դերն այդ շրջանում:

«Այս կրթաթոշակն ինձ առանձնահատուկ հնարավորություն կընձեռի՝ բարեհաջող ավարտին հասցնելու հայոց պատմության և մարդասիրական օգնության պատմության մեծածավալ, սակայն դեռեւս լավ չուսումնասիրված աղբյուրների հետազոտությունն ու վերլուծությունը։ Հաշվի առնելով ֆինանսական այն բարդությունները, որոնց բախվում են գիտաշխատողները՝ այն մեծագույն աջակցություն կլինի ինչպես իմ ծրագրի, այնպես էլ հայագիտության եւ հայոց պատմության ոլորտի շարունակական ուսումնասիրության համար», - ասաց Ասյա Դարբինյանը:

Այս տարի Վարդան Գրեգորյանի անվան երկրորդ կրթաթոշակն ստացել է  Հայաստանի ամերիկյան համալսարանի դոցենտ Քնար Խաչատրյանի ղեկավարությամբ գործող երիտասարդ գիտնականների խումբը, որի կազմում են Ալեքսանդր Գրիգորյանը, Աննա Օհանյանը, Արա Սանջյանը: Նրանց սոցիալ-տնտեսական մոտեցումը հնարավորություն կտա հանգելու Հայաստանի ուրբանացման եւ տնտեսական պատմության բացառիկ համակարգված ուսումնասիրության։

«Մենք ուսումնասիրելու ենք պատմական իրադարձությունների երկարաժամկետ ազդեցությունն ուրբանացման վրա եւ դրա ներգործությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում: Մեր հետազոտությունը կենտրոնանալու է 1900-2015 թվականների ընթացքում Հայաստանի տնտեսության տարածքային անհամաչափ զարգացման փաստերի մատուցման վրա։ Այս դրամաշնորհը մեզ հնարավորություն կտա գիտական որակյալ հետազոտություն իրականացնելու Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման գերակա ուղղության վերաբերյալ», - նշեց Քնար Խաչատրյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակի (գիտահետազոտական դրամաշնորհներ) մասին ազդարարեց 2018թ. աշնանը: Այն օժանդակում է երիտասարդ գիտնականներին եւ հետազոտողներին՝ ուսումնասիրելու Հայաստանի XX դարի պատմության չուսումնասիրված դրվագները։ Այս ծրագրով ամեն տարի տրամադրվում է երկու դրամաշնորհ մինչև 30.000 ԱՄՆ դոլարի չափով: Դրամաշնորհը նախատեսված է Հայաստանում եւ արտասահմանում գործող մինչեւ 40 տարեկան հայ գիտնականների համար: Այս տարի ներկայացվել է 29 հայտ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից եւ Կանադայից:

Բոլոր հայտերն ուսումնասիրում եւ վերջնական որոշում է կայացնում գիտնականներից կազմված միջազգային Ընտրող խորհուրդը, որի կազմում են Այոնա քոլեջի պատմագիտության ավագ պրոֆեսոր Ջորջ Բուռնությանը, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Հասմիկ Խալափյանը, Միչիգանի համալսարանի պատմության վաստակավոր պրոֆեսոր եւ  Չիկագոյի համալսարանի քաղաքական գիտությունների եւ պատմության պատվավոր պրոֆեսոր Ռոնալդ Գ. Սունին, Օքսֆորդի համալսարանի արեւելագիտության ամբիոնի դասախոս եւ գիտաշխատող Հրաչ Չիլինգիրյանը։

 

Լուսանկարում 2019-2020թթ. Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակի արժանացած երիտասարդ գիտնականներ Ասյա Դարբինյանն է եւ Քնար Խաչատրյանը