logo
ՓԱԿԵԼMenu
«Ավրորա» ֆորումը մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում

«Ավրորա» ֆորումը մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում

Հոկտեմբերի 21-ին Հայաստանում ավարտվեց առաջին «Ավրորա» ֆորումը, որը մեծ հաջողությամբ մեկ հարկի տակ հավաքեց հազարավոր մասնակիցների, որոնք ժամանել էին Հայաստան՝ մասնակցելու աշխարհի ամենահրատապ մարտահրավերների շուրջ կազմակերպված քննարկումներին եւ տարբեր այլ միջոցառումների։ Մասնակիցները բարձր կարծիք հայտնեցին միջոցառումների վերաբերյալ՝ Ֆորումն անվանելով հարթակ, որը հաստատում է Հայաստանի առանձնակի դերը՝ որպես տարածաշրջանային մարդասիրական, կրթական, տեխնոլոգիական, սոցիալական եւ մշակութային կենտրոն։

«Ավրորա» ֆորումի ծրագիրը ներառում էր ավելի քան իննսուն միջոցառում՝ փառատոններից ու ցուցահանդեսներից մինչեւ գիտաժողովներ եւ համաժողովներ, որոնց մասնակցելու էին եկել ավելի քան 500 առաջնորդներ եւ փորձագետներ, ինչպես նաեւ 150 բանախոսներ աշխարհի տարբեր երկրներից՝ ելույթ ունենալով եւ խորացված քննարկումներ վարելով նորարարության, բնապահպանության, արվեստի, կրթության, մարդասիրական օգնության եւ զբոսաշրջության հարցերի շուրջ։ Երեւանի Ազատության հրապարակում «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ հազարավոր տեղացիներ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ մեծարանքի արժանացրին մրցանակի չորրորդ դափնեկրին՝ եզդի ակտիվիստ եւ «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ Իրաք») կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինայիին։ Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ բարեգործական համերգ-նվիրում, որին հատուկ համերգային ծրագրով մասնակցեց Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ։ «Ավրորա» ֆորումի գլխավոր միջոցառումներին ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ եւ մրցանակի բոլոր տարիների դափնեկիրները։

«Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգներ՝ մենք վառ ենք պահում մեր նախնիներին փրկողների հիշատակը, որոնք մեծ ջանքեր գործադրեցին ծանրագույն մարտահրավերները հաղթահարելու եւ ապագայում այդօրինակ ոճրի կրկնությունը կանխելու համար։ Սակայն հիշողությունը ամենից արդյունավետ է այն ժամանակ, երբ ուղեկցվում է գործով եւ շարունակում երախտագիտության շղթան՝ բերելով դրական փոփոխություններ»,– նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ «Մեր տեսլականն այն էր, որ «Ավրորա» ֆորումի շնորհիվ մարդիկ ողջ աշխարհից գան Հայաստան՝ միմյանց հետ հաղորդակցվելու եւ մտքերով փոխանակվելու համար, որպեսզի միասին կարողանան կատարել նոր տարածքներ նվաճելու համար անհրաժեշտ թռիչքը։ Եւ պիտի ասեմ, որ ես ավելի քան հպարտ եմ նրանով, ինչ հաջողեցինք իրականացնել»։

«Ավրորա» ֆորումի ընթացքում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման մի շարք խորհրդանշական միջոցառումներ, որոնցից էր, օրինակ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում իրականացված ծառատունկը՝ Armenia Tree Project կազմակերպության հետ  համագործակցությամբ։ Ծառերի նոր պուրակն այսուհետեւ կրելու է Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ «Ավրորա» մրցանակի ներշնչանքի աղբյուր Ավրորա Մարդիգանյանի անունը։

«Սրանք ֆանտաստիկ օրեր էին, որոնք կոչված էին պատվելու ուրիշների առջեւ իրենց սիրտը բացած մարդկանց։ «Ավրորա» ֆորումը, #AraratChallenge փառատոնը եւ հատկապես 2019 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը ներկայացրին մարդկանց, որոնք ձգտում են դրական փոփոխություն բերել աշխարհում՝ բոլորիս ընդհանուր տանը։ Եւ քանի որ գթասրտությունը չունի վերջնաժամկետ, «Ավրորայի» սկզբնավորած երախտագիտության շղթան շարունակվելու է հազարավոր մարդկանց աջակցությամբ»,– ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։

Ֆորումի կիզակետերից էր առաջին #AraratChallenge փառատոնը, որի ընթացքում հազարավոր տեղացիներ եւ հյուրեր հավաքվեցին Երեւանի Ազատության հրապարակում՝ մասնակցելու արդիական քննարկումների եւ վարպետության դասերի, որոնք միտված էին ներկայացնելու Հայաստանի առաջընթացը կրթության, մարդասիրության, տեխնոլոգիայի, մշակութային եւ սոցիալական առաջընթացի ոլորտներում։ Մյուս միջոցառումներից էր «Բարեփոխելով աշխարհը» հեռուստատեսային եւ կինոփառատոնը, որին ներկայացված էին հեռուստանախագծեր եւ ֆիլմեր, որոնք կրթելու եւ իրազեկելու միջոցով օգնում են կանխել մարդկության դեմ հանցագործություններն ամբողջ աշխարհում։

Հայաստանում ՏՏ եւ տեխնոլոգիական ոլորտների վերջին տարիների աննախադեպ աճին զուգընթաց՝ Գլոբալ ինովացիոն ֆորումը եւ Արհեստական բանականության եւ անօդաչու թռչող սարքերի ինտեգրման հարցերին նվիրված համաժողովը խորազնին քննարկումներ վարեցին գիտատեխնիկական առաջընթացի եւ փոխակերպումների ապագայի վերաբերյալ։

««Ավրորա» ֆորումի շնորհիվ մենք հնարավորություն ստացանք աշխարհի չորս կողմերից մեզ հյուր եկած մարդկանց համար բացահայտելու Հայաստանի եւ հայ ժողովրդի բացառիկությունը։ Մեր նպատակն էր, որ մարդիկ ներգրավվեն եւ գիտակցեն, թե գթասրտության պարզագույն քայլերը որքան ազդեցիկ եւ իմաստալից կարող են լինել աշխարհի առավել հրատապ հիմնախնդիրների հանգուցալուծման գործում։ Հավատացած ենք, որ մարդկությունը համագործակցելու կարիք ունի, եւ այս Ֆորումն ինքնին հրաշալի օրինակ է, թե անհատներն ինչպես կարող են միավորել իրենց ուժերը՝ հանուն ավելի մեծ բարիքի։ Մեզ համար սա է հաջողության լավագույն սահմանումը»,– նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

Ամենամյա Aurora Dialogues քննարկումների համատեքստում Դիլիջանում կազմակերպվեց «Մարդասիրությունը կրթության մեջ» համաժողովը, որը ներկայացրեց սոցիալապես պատասխանատու անհատների ամենաերիտասարդ սերնդին՝ «Երիտասարդական Ավրորա» մրցանակի հավակնորդներին՝ իրենց նախագծերով։ Այդ նույն ընթացքում Եվրոպական մշակութային խորհրդարանի համաժողովը քննարկումների հարթակ տրամադրեց եվրոպական համագործակցության եւ մշակույթի հրատապ հիմնախնդիրների շուրջ քննարկումների եւ բանավեճերի համար։

Ի վերջո, այս տարին նշանավորվում է նաեւ UWC Դիլիջան դպրոցի հնգամյակի միջոցառումներով: Կրթահամալիրի տարածքում կազմակերպված տոնակատարության ընթացքում իրար հանդիպեցին տեղական համայնքի ներկայացուցիչներն ու Ֆորումի հյուրերը։ UWC ցանցի կրթական մոտեցումը հիմնված է համատեղ ուսումնառության, համագործակցության եւ փոխըմբռնման վրա՝ զորացնելով աշակերտներին՝ գործելու որպես խաղաղության առաջամարտիկներ։

«Ավրորա» ֆորումը հիմնական գործընկերների միասնական նախաձեռնությունն էր` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST), UWC Դիլիջան միջազգային քոլեջ, «Scholae Mundi» համաշխարհային կրթական հարթակ, Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամ (IDeA) եւ Ամերիաբանկ: