logo
ՓԱԿԵԼMenu
Վ․ Գրեգորյանի անվան դրամաշնորհ

Վ․ Գրեգորյանի անվան դրամաշնորհ

Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը՝ Թարգմանչաց տոնին, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ազդարարում է Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակի (գիտահետազոտական դրամաշնորհներ) հայտերի ընդունման նոր` 2019-2020 թթ. փուլի սկիզբը: 2018-ին մեկնարկած այս կրթաթոշակը տրվում է երիտասարդ գիտնականներին եւ հետազոտողներին, որոնք ուսումնասիրում են Հայաստանի եւ հայկական սփյուռքի XX դարի պատմության քիչ ուսումնասիրված դրվագները։

Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը նախատեսված է մինչեւ 40 տարեկան ՀՀ քաղաքացիություն ունեցող կամ Սփյուռքի հետազոտողների համար: Կարող են դիմել նաեւ հետազոտական խմբեր, որոնց գիտական ղեկավարի տարիքը համապատասխանում է առաջադրված պահանջին: Նախընտրությունը տրվում է  ակադեմիական առաջադիմություն ցուցաբերած հայտատուներին: Անցած տարի՝ նախագծի մեկնարկային փուլում, երկու հետազոտողներ ստացան Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ եւ այժմ շարունակում են իրենց գիտահետազոտական աշխատանքներն արտասահմանում:

«Կուռ մեթոդաբանությամբ եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան հետազոտությունները խիստ կարեւոր են Հայաստանում գիտության զարգացման համար: Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը լրացնում է այդ բացը՝ աջակցելով ժամանակակից պատմության ուսումնասիրություններին նվիրված այսպիսի բարձրորակ հետազոտություններին: Այս կրթաթոշակը մի կողմից լուրջ աջակցություն է երիտասարդ գիտնականներին, մյուս կողմից՝ նպաստում է հայագիտության զարգացմանը»,- նկատեց Ընտրող խորհրդի անդամ Հրաչ Չիլինգիրյանը:

«Որպես Ընտրող խորհրդի նոր անդամ՝ ուրախ եմ, որ այս գիտական ընտանիքի մի մասն եմ, որն իրական հնարավորություն է տալիս երիտասարդ գիտնականներին՝ արժեքավոր հետազոտություններ իրականացնելու հայագիտության ոլորտում: Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը խրախուսում է նրանց՝ կապեր հաստատելու միջազգային գիտական համայնքի հետ՝ դառնալով դրա մի մասն ու միջազգայնորեն ճանաչելի դարձնելով սեփական աշխատանքը: Երբ երիտասարդ ես, լի էներգիայով ու գաղափարներով, անհրաժեշտ է իրական աջակցություն, որ չնահանջես: Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը երիտասարդ գիտնականներին տալիս է այդ իրական հնարավորությունը՝  ուսումնասիրելու մեր պատմության խորքերում մոռացված էջերը»,- ասաց Ընտրող խորհրդի անդամ Հասմիկ Խալափյանը:

Գիտահետազոտական այս դրամաշնորհը զարգացնում է եւ ամրապնդում Հայաստանի ու միջազգային գիտական կենտրոնների միջեւ կապերը։ Այն իրականացվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Scholae Mundi կրթական հարթակի ու հայագիտության ոլորտի հայտնի մասնագետների աջակցությամբ:

Տարեկան տրամադրվում է երկու դրամաշնորհ, ընդհանուր՝ 30,000 ԱՄՆ դոլարի չափով։ Հայտերն ուսումնասիրում է եւ վերջնական որոշում կայացնում անվանի գիտնականներից կազմված միջազգային Ընտրող խորհուրդը.

  • Ջորջ Բուռնության, Այոնա քոլեջի պատմագիտության ավագ պրոֆեսոր,
  • Հասմիկ Խալափյան, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի տնօրեն,
  • Հրաչ Չիլինգիրյան, Օքսֆորդի համալսարանի արեւելագիտության ամբիոնի դասախոս եւ գիտաշխատող,
  • Լեւոն Չուգասզյան, Երեւանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ,
  • Ռոնալդ Գ. Սյունի, Վիլյամ Սյուելի անվան պատմության եւ քաղաքագիտության պատվավոր պրոֆեսոր (Միչիգանի համալսարան), քաղաքագիտության եւ պատմության պատվավոր պրոֆեսոր (Չիկագոյի համալսարան):

Հայտերն ընդունվում են մինչեւ 2019-ի դեկտեմբերի 15-ն առցանց։ Բոլոր դիմորդները պետք է ներկայացնեն՝

  • հետազոտական հայտ/առաջարկ՝ անգլերեն (առավելագույնը 2,000 բառ, կրկնակի տողարանքով, 12pt տառաչափով)
  • ինքնակենսագրություն (CV)՝ ներառելով հրատարակությունների ցանկը (անգլերեն)
  • ուղեկցող նամակ (անգլերեն, առավելագույնը՝ 500 բառ)
  • երկու երաշխավորագիր՝ ճանաչված գիտնականների կողմից (անգլերեն): 

Լուսանկարում 2018թ. Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակի արժանացած երիտասարդ գիտնականներ Աննա Ալեքսանյանն է եւ Արման Խաչատրյանը