logo
ՓԱԿԵԼMenu
#AraratChallenge փառատոն. Երախտագիտությունն՝ ի գործ

#AraratChallenge փառատոն. Երախտագիտությունն՝ ի գործ

«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019թ. դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 19-ին՝ հանրության համար բաց միջոցառման ընթացքում: Իսկ հոկտեմբերի 20-ին կկայանա յուրահատուկ բարեգործական համերգ-նվիրում՝ աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի եւ Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

Երկու միջոցառումներն էլ տեղի կունենան երկօրյա #AraratChallenge փառատոնի շրջանակում, որը հագեցած է լինելու հանրային ոգեշնչող ելույթներով, վարպետության դասերով եւ մարդասիրությունը խթանող բարեգործական նախաձեռնություններով:

Հոկտեմբերի 19-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, որի ընթացքում մեծարանքի կարժանանան 2019թ. «Ավրորայի» հերոսները՝ մարդիկ, որոնք անձնվիրաբար օգնել են ուրիշներին ու կարեւոր ազդեցություն ունեցել մարդասիրության ոլորտում: Ընտրող հանձնաժողովը կհայտնի դափնեկրի անունը, որին էլ կշնորհվի 1 միլիոն ԱՄՆ դոլարի պարգեւ՝ շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին: Երեկոն կշարունակվի Մարիամ Մերաբովայի եւ Դանա Լեոնգի բացօթյա համերգով:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, Ազատության հրապարակում մանկապատանեկան բազմապիսի միջոցառումները կամփոփվեն Գերգիեւի եւ Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ. Սերգեյ Պրոկոֆեւի «Պետյան եւ գայլը» սիմֆոնիկ հեքիաթը՝ երեխաների համար:

Նույն օրը երեկոյան ԱՎՐՈՐԱ բարեգործական համերգ – նվիրումն է. Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հատուկ ծրագիր՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ: «Ավրորայի» աջակիցներին նվիրված այս բացառիկ երեկոյի ընթացքում 2019թ. «Ավրորայի» դափնեկրին կշնորհվի մրցանակը: Բարեգործական այս համերգի մուտքը հրավիրատոմս-նվիրատվությամբ է

#AraratChallenge փառատոնը նպատակ ունի համախմբել «Ավրորայի» համախոհներին՝ երախտագիտությունը գործով արտահայտելու, դժվարին դրության մեջ գտնվող մարդկանց երկրորդ հնարավորություն տալու եւ աշխարհը բարեփոխելու շուրջ:

#AraratChallenge փառատոնը տեղի կունենա «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի 2019թ. հոկտեմբերի 14-21-ը: Այն Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի ձեռնարկումն է: Ֆորումը կմիավորի աշխարհի սոցիալական, գիտական, տեխնոլոգիական, կրթական եւ մարդասիրական  ոլորտների լավագույն ներկայացուցիչներին՝  քննարկելու համաշխարհային մարտահրավերները դիմագրավելու եւ տեղական զարգացումը խթանելու ամենանորարար ու հեղափոխական ուղիները:

Ավելին իմանալու համար այցելեք https://auroraforum.com/am