logo
ՓԱԿԵԼMenu
«Ավրորան» միանում է Ռուանդայում «Խաղաղության տան» 25-ամյակի միջոցառումներին

«Ավրորան» միանում է Ռուանդայում «Խաղաղության տան» 25-ամյակի միջոցառումներին

«Խաղաղության տուն» (Maison Shalom) միջազգային հասարակական կազմակերպությունը, որը հոգ է տանում պատերազմից տուժած հազարավոր որբ երեխաների եւ փախստականների մասին, այժմ նշում է իր հիմնադրման 25-րդ տարեդարձն այնպիսի թեմաների հանրային քննարկումներով ու ելույթներով, ինչպիսիք են մարդասիրությունը, կրթությունը եւ այլ հրատապ համաշխարհային հարցեր՝ բարեգործների եւ փորձագետների մասնակցությամբ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը եւ նախաձեռնության նախագահ, «Գթության մայր» հիվանդանոցի բժշկության գծով տնօրեն, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան սեպտեմբերի 5-7-ը  կլինեն Ռուանդայում՝ մասնակցելու միջոցառումներին:  

«Մեծ պատիվ է միանալ «Խաղաղության տան» (Maison Shalom) 25-ամյակին նվիրված տոնակատարություններին, ինչպես որ մեծ պատիվ էր այդ խնամքի տան հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեի՝ 2016թ. «Ավրորա» մրցանակի անդրանիկ դափնեկիր դառնալը»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: «Մարգարիտն իսկական հերոս է եւ «Ավրորայի» ոգու կենդանի մարմնացումը: Նրա նման մարդկանց շնորհիվ է, որ «Ավրորայի» բացառիկ մարդասերների համայնքը շարունակում է մեծանալ եւ օգնել կարիքի մեջ գտնվող մարդկանց՝ տարածելով «Երախտագիտությունն՝ ի գործ» ուղերձը»:

2016թ. Մարգարիտ Բարանկիցեն ճանաչվեց «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ հազարավոր մարդկանց կյանքը փրկելու, Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին որբերի եւ փախստականների մասին հոգ տանելու հարցում գործադրած իր բացառիկ ջանքերի համար: Որպես «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ Մարգարիտ Բարանկիցեն ստացավ 100.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, ինչպես նաեւ 1.000.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին հատկացնելու նպատակով:

««Ավրորա» մրցանակը հսկայական ազդեցություն է ունեցել ինձ վրա, «Խաղաղության տան» վրա և հարյուրավոր մարդկանց վրա, որոնց կարողացանք օգնել այդ մրցանակի շնորհիվ: Առանց ձեզ մենք դա չէինք կարող անել: Այն սերն ու մարդկային արժանապատվությունը խորհրդանշող հրաշք էր: Հիմա մենք պատրաստ ենք աշխարհին ցույց տալու, թե ինչի ենք հասել այս 25 տարիների ընթացքում, եւ դա ընդամենն սկիզբն է»,- ասել է «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան հիմնադիր եւ 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն: «Սիրով սպասում եմ՝ ողջունելու «Ավրորայի» պատվիրակությանը Կիգալիում եւ ցույց տալու միեւնույն հյուրընկալությունը, որին արժանացա Հայաստանում, որտեղ բոլորն ինձ վերաբերվում էին ինչպես ընտանիքի անդամի»:

Մարգարիտ Բարանկիցեն «Խաղաղության տունը» հիմնել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի ունեցող վայրագությունների ընթացքում՝ իր խաղաղ տանիքի տակ պատսպարելով առաջին 25 որբ երեխաներին և նրանց օգնելով վերակառուցելու իրենց կյանքը: 1993 թվականից՝ իր ստեղծումից ի վեր, ոգեշնչված խաղաղության եւ հաշտության մշակույթով, Maison Shalom խնամքի տան առաքելությունն ընդլայնվել է՝ խնամք հատկացնելով ՁԻԱՀ-ի պատճառով որբացած ինչպես Բուրունդիի, այնպես էլ Ռուանդայի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության երեխաներին: