logo
ՓԱԿԵԼMenu
Վերապրողից՝ հաղթող

Վերապրողից՝ հաղթող

Նուբար Աֆեյան

Շուրջ մեկ դար առաջ հայերը դարձան XX դարի առաջին ցեղասպանության զոհ` իրագործված Օսմանյան կայսրության կողմից: Մոտ 1.5 միլիոն մարդ բնաջնջվեց. մնացյալ 300 հազարը փրկվեց տարբեր ազգությունների, կրոնների եւ էթնիկ խմբերի մարդկանց բարեհոգության շնորհիվ:

Սփռվելով աշխարհով մեկ՝ մեր նախնիները ոչ միայն փրկվեցին, այլեւ առաջադիմեցին ու հաջողության հասան: Այսօր մենք տասը միլիոն ենք՝ ուժեղ մեր համայնքներով, որոնք առկա են գրեթե բոլոր երկրներում: Մենք գերազանց արդյունք ենք արձանագրել բիզնեսի, գիտության, արվեստի եւ կրթության ոլորտներում: Բայց մինչ մեզնից շատերը տարբեր հաջողությունների էին հասնում հայրենիքից դուրս, Հայաստանը տասնամյակներ շարունակ դժվարին կացության մեջ էր գտնվում:    

Անցած տարի մենք անհավանական փոփոխության ականատես եղանք: Այսօր՝ Ցեղասպանությունից ավելի քան հարյուր տարի անց, Հայաստանն առավել քան երբեւէ պատրաստ է իրացնելու իր իրական ներուժը: Թավշյա հեղափոխությունը ոչ միայն արթնացրեց հայաստանցիների հավատը միասնականության հանդեպ, այլեւ դրդեց սփյուռքահայերին՝ վերաիմաստավորելու իրենց արմատների հետ կապը: Մեր երկիրը կարող է տնտեսական լուրջ աճ արձանագրել առաջիկա տարիներին: Այսօր արդեն երկրում բուռն կերպով զարգանում են ՏՏ եւ զբոսաշրջության ոլորտները, եւ ամրապնդվում է ստարտափային ու ձեռնարկատիրական մշակույթը, ինչը կարող է ընձեռել հնարավորություն՝ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը հայկական նորարարական մտքի վրա:

Անցյալ շաբաթ մենք հավաքվել էինք մեր ընկերների եւ ընտանիքների հետ՝ հիշատակելու մեկ դար առաջ իրագործված ոճրագործությունը, եւ դա անում ենք նոր Հայաստանի արշալույսին. նոր Հայաստան, որը մեծ հույս է տալիս հաջորդ սերունդներին, Հայաստան, որն իրավացիորեն վերադիրքավորում է մեզ որպես քաղաքակրթության բնօրրան, եւ Հայաստան, որը երբեք թույլ չի տալիս մոռանալ մեր արմատները, ինչպես նաեւ այն, թե ինչն է մեզ հասցրել այս կետին, որտեղ հիմա ենք: Մենք շարունակում ենք լինել կարեւոր խաչմերուկ, եւ մեր յուրաքանչյուր հաջորդ քայլը պետք է արտացոլի մեր շարունակական վերածնունդն ու ցեղասպանությունը վերապրած ժողովրդից անցումը:

Մենք միշտ եղել ենք հպարտ ժողովուրդ, բայց հիմա միայն հայերը չէ, որ տեսնում են կովկասյան լեռների մեջ պարփակված այս փոքրիկ երկրի ահռելի ներուժը: Անցած տարի «Էկոնոմիստ» պարբերականը հռչակեց Հայաստանը «Տարվա երկիր»՝ ճանաչելով վերջինիս՝ առանց արյան հեղափոխություն իրականացնելու եւ նոր իշխանություն ձեւավորելու կարողությունը: Ինչպես նշում է պարբերականը, Հայաստանը «անհանգիստ տարածաշրջանում գտնվող հինավուրց, սակայն հաճախ անարդյունավետ կառավարում ունեցող երկիր է, որն այսօր ունի ժողովրդավարացման եւ վերածնունդի հնարավորություն:    

Ժամանակն է, որ աշխարհասփյուռ հայությունը ճիշտ օգտագործի հայկական սփյուռքի հնարավորությունները եւ ոգեշնչի հաջորդ սերունդներին՝ ամուր պահելու հայրենիքի հետ կապը: Անհատների, գործարարների, քաղաքացիական հասարակության ու կառավարության՝ բոլորի դերակատարումը մեծ է Հայաստանի նոր արշալույս կերտելու եւ հայկական համայնքներում հայ լինելու հպարտության զգացումը տարածելու գործում:

Որպես Հայկական սփյուռքի ներկայացուցիչ՝ մեր պարտքն է փոխանցել մեր ընտանիքներին այն հարուստ պատմությունն ու հազարամյակների մշակութային ժառանգությունը, որն ունի մեր ժողովուրդը: Գրքերն ու լուսանկարները չեն կարող ճշմարտացիորեն արտահայտել այն հույզերն ու ապրումները, որոնք զգում ես Հայաստանում եւ որոնք հայ լինելու անբաժանելի մասն են: Սփյուռքի երիտասարդ սերունդներն աստիճանաբար ավելի են օտարանում իրենց արմատներից, եւ անհրաժեշտ է բաց չթողնել այս պահն ու դարձնել հայ լինելու հպարտությունը մեր՝ որպես անհատի գոյության հիմնամաս՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում:    

Հայության համար զարգացման ճիշտ հնարավորություններ ստեղծելու գործում հավասարաչափ կարեւոր դերակատարներ են թե՛ գործարարները, թե՛ պետական այրերը: Միայն միասնական ջանքերի շնորհիվ է հնարավոր ստեղծել մի միջավայր, որը կոգեշնչի մարդկանց՝ այցելելու Հայաստան եւ ծանոթանալու մեր պատմությանն ու մշակույթին: Ահա թե ինչու ես եւ Սփյուռքի այլ  ներկայացուցիչներ ու համաշխարհային մտքի առաջատարներ կմիավորենք մեր ջանքերը՝ հոկտեմբերի 14-21-ն անցկացնելու առաջին «Ավրորա» ֆորումը: Կլինեն մի շարք քննարկումներ եւ միջոցառումներ՝ միտված գործողությունների մղելուն: Մենք կհրավիրենք մարդասիրության, գործարարության, տեխնոլոգիաների, գիտության, կրթության եւ առողջապահության ոլորտների ամենաազդեցիկ դեմքերին: Գլոբալ անորոշության եւ հակամարտությունների այս ժամանակաշրջանում մենք լավատեսության հիմքեր ենք տեսնում ապագայի համար: Մենք մեկ տեղում կմիավորենք համաշխարհային մակարդակով առաջատար նորարարներին՝ մղելու սովորական մարդկանց, գործարարներին եւ կառավարություններին շոշափելի փոփոխության եւ դրդելու նրանց՝ ստանձնելու անհատական պատասխանատվություն:  

«Ավրորա» ֆորումը բացառիկ է իր գաղափարով. ի տարբերություն շատ այլ գլոբալ ֆորումների՝ այն կկենտրոնանա գործողությունների վրա եւ չի լինի պարզապես քննարկումների շարք: Մենք բոլորս հավատացած ենք, որ մեզնից յուրաքանչյուրն իր դերն ունի մարդկության առաջընթացի գործում, եւ անհրաժեշտ է ընդունել այդ ընդհանուր պատասխանատվությունը: Այս բացառիկ նախաձեռնությունը կյանքի կոչելու եւ գլոբալ հայերին իրենց միասնական ներուժն իրացնելու յուրօրինակ հնարավորություն ընձեռելու գաղափարի շուրջ միավորվել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը (IDeA Foundation), Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Scholae Mundi կրթական հարթակը, UWC Դիլիջանը, Ամերիաբանկը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

Հույս  ունենք «Ավրորա» ֆորումի միջոցով խթանել նորարարություն եւ գործուն գաղափարներ, որոնք կիրառելի կլինեն ոչ միայն Հայաստանի համար, այլեւ աշխարհի բազմաթիվ այլ  հատվածների՝ լուծելու իրենց սեփական մարտահրավերներն ու խնդիրները: Որպես ձեռներեց եւ Սփյուռքի ներկայացուցիչ՝ ես խորապես հավատում եմ Հայաստանի ներուժին: Այդ համոզմունքս ամեն անգամ է՛լ ավելի է ամրապնդվում, երբ հայացքս ուղղում եմ Արարատ լեռանը  եւ գիտակցում, թե ինչ է այն խորհրդանշում՝ մեր հարուստ մշակույթը, մեր բազմաշերտ անցյալը եւ լավատեսությունն առ ապագան՝ որպես երկրորդ հնարավորություն ստացած ժողովուրդ: Սրանք հատկանիշներ են, որոնք ամփոփում են այն, թե ինչ է նշանակում «լինել հայ», եւ բոլոր նրանք, ովքեր այս տարվա հոկտեմբերին կմիանան մեզ «Ավրորա» ֆորումի ընթացքում, վստահաբար հաղորդակից կդառնան այս ամենին:

Այս հոդվածն առաջին անգամ հրապարակվել է «Արմենիան Ուիքլիում»: