«Ավրորա» ֆորումի նախաձեռնողները շնորհակալություն են հայտնում Բարի կամքի դեսպաններին

«Ավրորա» ֆորումի հիմնադիրներն ու նախաձեռնողները երախտագիտություն են հայտնում 100 Բարի կամքի դեսպաններին:

««Ավրորա» ֆորումի հիմքում մեր այն համոզմունքն է, որ գլոբալ հայերը եւ աշխարհի քաղաքացիները, որոնք ձգտում են դիմագրավել մարդկության առջեւ կանգնած հրատապ մարտահրավերներին, կարող են դա անել՝ հենվելով մարդասիրական, կրթական եւ տեխնոլոգիական լավագույն փորձի վրա՝ ապահովելու երկարաժամկետ առաջընթաց սոցիալական, մշակութային եւ գիտական ոլորտներում»,- ասել է «Ավրորա» ֆորումի համահիմնադիր Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով. «Մենք շնորհակալ ենք աշխարհի տարբեր կողմերից մեզ միացած Բարի կամքի դեսպաններին, որոնց հետ այս նախաձեռնությունը պետք է հաջողության պատմություն դարձնենք»:

«Ավրորա» ֆորումի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն էլ նշել է. «Հայաստանի զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների շնորհիվ մենք ստեղծեցինք գործընկերների եւ աջակիցների մի մեծ համայնք: Իսկ «Գլոբալ հայերի բաց նամակը» ուղերձով՝ հրապարակված Նյու-Յորք Թայմսում 2016թ. հոկտեմբերի 28-ին, մենք էլ ավելի մեծ մասնակցության եւ ներգրավման կոչ արեցինք»:

«Գլոբալ հայերի բաց նամակը» ուղերձում մասնավորապես ասվում էր.

«Նախկին Խորհրդային Միությունից անկախանալուց քառորդ դար անց Հայաստանի երիտասարդ հանրապետությունը դեռեւս խոցելի է, ինչպես եւ հայկական ինքնությունն աշխարհում: Այժմ մենք պատմական խաչմերուկում ենք եւ, սթափ գնահատելով առկա մարտահրավերները, առջեւում նաեւ աննախադեպ հնարավորություն ենք տեսնում: Դա Հայկական աշխարհը բարգավաճման մղելու, հետխորհրդային պետությունը գլոբալ ազգի համար զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ եւ առաջադեմ հայրենիք դարձնելու հնարավորությունն է: Ոչ միայն Հայոց ցեղասպանությունը վերապրելու, այլեւ վերածնվելու եւ առաջ գնալու հնարավորությունն է: Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունն է՝ ոչ միայն հանուն մեր քաղաքացիների, այլեւ երեխաների ու մեր ժողովրդի ապագայի:

Առաջ շարժվելով՝ ողջ աշխարհի հայությունն առավել հանձնառու պետք է լինի սոցիալական ազդեցության՝ թե՛ առեւտրային ներդրումների, նորարարությունների, փորձի, թե՛ ակտիվ ներգրավման միջոցով: Երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է ձգտենք առնվազն համապատասխանեցնել Հայաստանը համաշխարհային այնպիսի չափանիշներին, ինչպիսիք առկա են մեզանից շատերին հյուրընկալած երկրներում:

Անհատական ջանքերից բացի, մենք ցանկանում ենք հայերի եւ հայկական կազմակերպությունների միջեւ համագործակցության եւ համախմբման աննախադեպ ոգի ստեղծել: Կոչ ենք անում հայերին ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ առանցքում ունենալով Հայաստանը:

Միաժամանակ, մենք Հայաստանի կառավարությանը զարգացման նոր, համատեղ ջանքերի վրա հիմնված ռազմավարություններ ներդնելու միջոցով այս ուղերձին արձագանքելու կոչ ենք անում:

Անհատները, ինչպես նաեւ հանրային եւ մասնավոր կազմակերպությունները, որ նվիրված են Հայաստանի առաջընթացին, պետք է միավորվեն, մեկտեղեն իրենց ներուժն ու համագործակցեն՝ հանուն հայի ավելի լավ ապագայի: Մենք հավատում ենք, որ հաջողության հասնելու համար Հայաստանի քաղաքացիները եւ Սփյուռքի հայությունը չպետք է տարանջատ հանդես գան, այլ գործենք որպես մեկ՝ միասնական ուժ»:

Այս կոչի հրապարակումից հետո Հայաստանում ականատես եղանք սահմանադրական փոփոխությունների, ունեցանք նորընտիր նախագահ եւ անկանխատեսելի Թավշյա հեղափոխություն: Այժմ նորընտիր առաջնորդների եւ կառավարության հետ գրելով մեր դարավոր պատմության նորագույն էջը՝ աշխարհասփյուռ հայությունը հնարավորություն է ստացել աննախադեպ կերպով ակտիվանալու եւ միասնաբար ներգրավվելու՝ որպես մեր ապագայի համահեղինակ:

Համագործակցելով հայաստանյան եւ օտարերկրյա բազմաթիվ կազմակերպությունների հետ եւ ընդգրկելով տարբեր ոլորտներ՝ «Ավրորա» ֆորումը կենտրոնանալու է մարդկության առաջընթացի վրա՝ ստեղծելով միջազգային կապերը միակցելու եւ խթանելու, առկա մարտահրավերներն ու դրանց լուծումները քննարկելու բացառիկ հնարավորություն: «Ավրորա» ֆորումի հեռահար օրակարգի իրականացմանը սատարում են բազմաթիվ կազմակերպություններ՝ գլոբալ մարտահրավերները հաղթահարելու եւ տեղական զարգացումը խթանելու համընդհանուր հանձնառությամբ:

«Աշխարհի բազմաթիվ երկրներից բացառիկ անհատներ, որոնք նշանակալի ձեռքբերումների են հասել մարդկության առաջընթացի տարբեր ոլորտներում, հրավիրվում են միանալու եւ աջակցելու «Ավրորա» ֆորումի զարգացմանը: Նրանց անունները հանրությանը հայտնի կդառնան մարտի 10-ին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 4-րդ տարեդարձի խորհրդանշական օրը. «Ավրորա» ֆորումը հիմնադրվել է հենց վերջինիս կողմից՝ Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), «Scholae Mundi» համաշխարհային կրթական հարթակի եւ «UWC Դիլիջան» միջազգային քոլեջի հետ համագործակցությամբ»,- նշել է «Ավրորա» ֆորումի խորհրդի անդամ Արման Ջիլավյանը:

«Ավրորա» ֆորումը կանցկացվի Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-21-ը: Ֆորումը կմիավորի սոցիալական, տեխնոլոգիական, նորարարությունների, կրթական եւ մարդասիրական ոլորտների աշխարհի առաջատար շրջանակներին՝ կյանքի կոչելով տարածաշրջանում եզակի համալիր մի ծրագիր:

Armenian
Image: 
Subtitle: 
«Ավրորա» ֆորումի հիմնադիրներն ու նախաձեռնողները երախտագիտություն են հայտնում 100 Բարի կամքի դեսպաններին:
Display type: 
Big
Weight: 
27 000