logo
ՓԱԿԵԼMenu
Միջազգային ֆորում Հայաստանում՝ 2019թ. հոկտեմբերին

Միջազգային ֆորում Հայաստանում՝ 2019թ. հոկտեմբերին

2019թ. հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը, որը կմիավորի մարդասիրական, սոցիալական, կրթական և գիտատեխնիկական նորարարության ոլորտների աշխարհի առաջատար փորձագետներին՝ ստեղծելով տարածաշրջանում բացառիկ մի հարթակ: 

Միջոցառումների մեկշաբաթյակը ազդեցիկ առաջնորդներին կտա հնարավորություն՝ համեմատելու իրենց մոտեցումները, փորձառությունը և քաղած դասերը, ավելին՝ ներկայացնել հեղափոխական մտքեր՝ ենթակառուցվածքային մար­տա­­հրա­վեր­նե­րից մինչև առողջապահական ոլորտի նորամուծություններ և կանանց իրավունքների իրացում:

Ընդգրկուն ծրագիրը կներառի «Ավրորա» մրցանակի շնորհման  չորրորդ հանդիսավոր արարողությունը, երկրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումը, կրթական ֆորում և բաց դասախոսություններ՝ ի նշանավորումն UWC Դիլիջան միջազգային քոլեջի հնգամյակի, ինչպես նաև մի շարք  կլոր սեղան-քննարկումներ և մշակութային միջոցառումներ: Շաբաթը կեզրափակվի Երևանում կայանալիք մեծ համերգով:

««Ավրորա» ֆորումն ունի միջազգային առաջընթացը և տեղական զարգացումները կամրջելու ներուժ՝ չափելի ազդեցությամբ: Բայց այդ ներուժը կարող է իրացվել միայն, եթե Ֆորումին միանան համաշխարհային փոփոխություն բերող մարդիկ, որոնք իրենց կատարած գործով են կիսում «Ավրորայի» տեսլականը»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը: 

«Ավրորա» ֆորումը հիմնական գործընկերների միասնական նախաձեռնությունն է.

Հիմնական գործընկերներին  են միանում նաև «Ավրորա» ֆորումի շուրջ հարյուր Բարի կամքի դեսպանները՝ գործարարներ, քաղա­քացիական հասարակության ներկայացուցիչներ, գիտնականներ և  այլ ոլորտներ ներկայացնող հարգարժան մարդիկ՝ ամբողջ աշխարհից: Նրանք իրենց փորձառությամբ կնպաստեն Հայաստանը տարածաշրջանի մարդասիրական, գիտակրթական, տեխնոլոգիական, սոցիալական և մշակութային կենտրոն դարձնելուն ուղղված ջանքերին:

«Ավրորա» ֆորումում ներգրավված կազմակերպություններն ու անհատներն ազգային և միջազգային մակարդակներում կստեղծեն բովանդակային և երկարաժամկետ  փոփոխությունների հասնելու հնարավորություններ:

««Ավրորա» ֆորումի հիմքում մեր այն համոզմունքն է, որ գլոբալ հայերը և աշխարհի քաղաքացիները, որոնք ձգտում են դիմագրավել մարդկության առջև կանգնած հրատապ մարտահրավերները, կարող են դա անել՝ հենվելով մարդասիրական, կրթական և տեխնոլոգիական լավագույն փորձի վրա՝ ապահովելու երկարաժամկետ առաջընթաց սոցիալական, մշակութային և գիտական ոլորտներում»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համա­հիմ­նադիր Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով. «Մենք հույս ունենք, որ «Ավրորա» ֆորումը կունենա միջազգային ներգրավում և կընձեռի նոր կապերի ստեղծման հնարավորություն՝ առավելագույն ազդեցության հասնելու նպատակով»:

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր նշանակալի տեղն ունի հումանիտար աշխարհում, քանի որ մարդասերները տեսնում են դրա ուղիղ ազդեցությունը, նախևառաջ՝ երեխաների պաշտպանության ոլորտում: Միաժամանակ, հայկական ներկայությունն ամրապնդվում է նաև միջազգային ամենատարբեր ոլորտներում և հարթակներում: «Ավրորա» ֆորումը կշարունակի տարածել «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը՝ միավորելով տարբեր ոլորտների առաջնորդների և նորարարների, որպեսզի նրանք էլ ոգեշնչեն ուրիշներին և ոգեշնչվեն նրանցից: Այն, ինչ սկսվեց հարյուր մարդու երախտագիտության պատմություններով, որոնց նախնիները փրկվել էին Հայոց ցեղասպանությունից, դարձավ համաշխարհային շարժում՝ վկայելով, որ մարդկությունը կարող է է՛լ ավելին»,- ընդգծեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

2019 թվականին «Ավրորա» ֆորումի միջոցառումները կտարածվեն Հայաստանով մեկ՝  հյուսիսից հարավ: