logo
ՓԱԿԵԼMenu
«Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարն օգնում է 375,000 ռոհինջա փախստականների

«Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարն օգնում է 375,000 ռոհինջա փախստականների

Սեպտեմբերի 3, 2018թ., Երեւան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հանրությանը ներկայացրել է, թե 2018թ. «Ավրորա» մրցանակի  դափնեկիր Չո Լա Աունի ընտրած երեք միջազգային կազմակերպություններն ինչպես են նախատեսում օգտագործել «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարի դրամաշնորհը։ Այս ձեռնարկումից շահելու է 375,000 ռոհինջա փախստական։  

Մյանմացի իրավաբան եւ մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը, որն իր ծավալած խաղաղ գործունեության պատճառով բազմիցս ենթարկվել է բանտարկության, մրցանակի կողմից ճանաչման է արժանացել այն նվիրումի համար, որով նա պայքարել է հանուն մյանմացի ռոհինջա ժողովրդի իրավահավասարության, կրթության եւ մարդու իրավունքների վերականգնման։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կողմից 750 թեկնածուների շարքից ընտրված դափնեկիրն իր հերթին գլխավոր մրցանակի է առաջադրել երեք կազմակերպությունների («Բժիշկներ առանց սահմանների», MERCY Մալայզիա եւ Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով), որոնք Հարավարեւելյան Ասիայով մեկ բժշկական օգնություն եւ օժանդակությունն են տրամադրում ռոհինջա փախստականներին։

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը «Ավրորա» մրցանակի տրամադրած միջոցներն ուղղում է Բանգլադեշի Բալուքալի բնակավայրին մերձ վրանային ավանում շտապօգնության վիճակը բարելավելու համար։ Կազմակերպության տվյալներով՝ այս նախաձեռնությունից կշահի մոտ 250,000 ռոհինջա փախստական։  

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության բրիտանական մասնաճյուղի գործադիր տնօրեն Վիքի Հոուքինսն ասել է. «Ես երախտապարտ եմ պարոն Չո Լա Աունին Բանգլադեշում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատանքներն «Ավրորա» մրցանակի առաջադրելու համար՝ նախանշելով դրանք իբրեւ 2018թ. «Ավրորա» մրցանակի առատաձեռն ֆինանսավորումն ստանալու արժանի ոլորտներ։ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը մեծապես ընդլայնել է իր մասնակցությունը երկրում՝ ի պատասխան Քոքս Բազարում ծավալվող հումանիտար ճգնաժամի, երբ հարյուր հազարավոր ռոհինջա փախստականներ փրկության հույսով լքել են Մյանման եւ այժմ ապրում են վտանգավոր պայմաններում։ Ավելի քան 2,000 աշխատակից ունեցող մեր թիմն աշխատեցնում է 10 բուժկետ, չորս առաջնային առողջապահական կենտրոն (շուրջօրյա) եւ հինգ ստացիոնար բժշկական հաստատություն (շուրջօրյա երկրորդային բուժօգնությամբ)։ Այս օժանդակությունը կազմակերպությունն ստացել է ճիշտ ժամանակին, քանի որ մոտենում է մուսոնային սեզոնը, իսկ դրան զուգահեռ՝ փախստականների ճամբարներում ահագնանում է ավերիչ ջրհեղեղների եւ սողանքների հավանականությունը»։

Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովը (ICMC) «Ավրորա» մրցանակի իրեն հասանելիք մասնաբաժինն ուղղում է երկու նախաձեռնությունների, որոնք աջակցում են Մալայզիայում՝ Կուալա Լումպուրում եւ շրջակա Կլանգ հովտում ապաստանած փախստականներին եւ վերականգնում Բանգլադեշի Կուտուպալոնգ ավանին կից ճամբարի ենթակառուցվածքները։ ICMC կազմակերպության տվյալներով՝ այս նախագծերից կշահի մոտ 20,000 մարդ։ 

«Չո Լա Աունը ICMC-ին պատվի է արժանացրել՝ առաջադրելով իբրեւ «Ավրորա» մրցանակի շահառու։ Իրավաբան եւ մարդու իրավունքների ակտիվիստ պարոն Աունը խաղաղ կերպով պաշտպանել եւ առաջ է մղել ռոհինջա փոքրամասնության իրավունքները՝ արդյունքում ենթարկվելով բազմամյա բանտարկությունների։ Նա անձնական զրկանքների գնով արդարության նկատմամբ խորագույն նվիրումը պահպանելու ոգեշնչող օրինակ է։ «Ավրորա» մրցանակը մենք կուղղենք Մալայզիայում եւ այլուրեք ռոհինջա եւ այլազգի փախստականների հետ մեր գործի առաջխաղացմանը»,-նշել է ICMC կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոբերտ Ջ. Վիտիլյոն։

«MERCY Մալայզիա» կազմակերպությունը Ռաքայն նահանգի առողջապահական ծառայության հետ համագործակցությամբ՝ «Ավրորա» մրցանակի հատկացրած միջոցների մասնաբաժինը կտրամադրի Մյանմայի Սիտվե քաղաքի ներքին տեղահանված անձանց ճամբարում եւ Չոկտան գյուղում ռոհինջա ժողովրդին առաջին բուժօգնությամբ եւ մայրական խնամքով ապահովելու գործին։ «MERCY Մալայզիայի» տվյալներով՝ այս նախաձեռնությունից կշահի մոտ 101,000 ռոհինջա։

«MERCY Մալայզիա» կազմակերպության նախագահ Ահմադ Ֆայզալ Մոհդ Պերդաուսը ասել է. «Վերջին մի քանի տարիներին Ռաքայն նահանգի Սիտվե քաղաքում, իսկ վերջերս՝ Բանգլադեշի Քոքս Բազար ավանում աշխատելով եւ հումանիտար օգնություն տրամադրելով՝ «MERCY Մալայզիան» կարող է վկայել ռոհինջա ժողովրդի ծանրագույն տառապանքների մասին։ Չո Լա Աունի անձնազոհ նվիրումն իր ժողովրդի հիմնահարցին նրան դարձնում է հիրավի արժանի թեկնածու 2018թ. «Ավրորա» մրցանակի համար։ «MERCY Մալայզիան» պատիվ է համարում լինել Չո Լա Աունի կողմից իբրեւ «Ավրորա» մրցանակի շահառու առաջադրված կազմակերպություններից մեկը։ Հասանելի միջոցներով մենք կշարունակենք առաջնային մարդասիրական օգնություն մատուցել ռոհինջա ընչազուրկ համայնքներին Մյանմայում, Բանգլադեշում եւ Մալայզիայում»։

«Ավրորա» մրցանակի համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը նշել է. «Մենք հիշում ենք Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի, հատկապես՝ կանանց ու երեխաների, կրած սարսափներն ու դաժանությունները եւ խորագույնս հավատում, որ մեր դափնեկրի՝ Չո Լա Աունի երաշխավորած մարդասիրական այս նախագծերը Մյանմայում եւ այլուրեք երկարաժամկետ եւ դրական ազդեցություն կունենան ռոհինջա փախստականների կյանքում։ Այս կազմակերպությունները նախկինի պես շարունակելու են նշանակալի ներդրում բերել մարդասիրական գործի առաջխաղացմանը։ Անչափ հաճելի է տեսնել, որ «Ավրորա» մրցանակը օժանդակում է հենց այսպիսի բացառիկ կազմակերպությունների»։

Մրցանակի ազդեցությունն արդեն իսկ զգալի է Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, իսկ այժմ՝ նաեւ Ասիայում։ 2016 թվականին մի շարք հասարակական կազմակերպություններ «Ավրորա» մրցանակի անունից միջոցներ են ստացել ի աջակցություն Ռուանդայում, Եթովպիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Բրազիլիայում տարվող աշխատանքների՝ պայքարելով մանկական աղքատության դեմ եւ քայլեր կատարելով փախստական երեխաներին եւ որբերին հատկացվող օգնության ու ռեաբիլիտացիայի բարելավման ուղղությամբ։ 2017 թվականին ընտրված նախագծերը Սուդանում, Հարավային Սուդանում, Տանզանիայում, Մալավիում, Քենիայում եւ Ուգանդայի հյուսիսային շրջաններում օժանդակել են բազմաթիվ հիվանդանոցների, ինչպես նաեւ կրթական, բժշկական եւ հոգեբանական խնամք եւ աջակցություն տրամադրել պատերազմներից տուժած եւ/կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր երեխաներին, որբերին, երեխաների կողմից գլխավորվող ընտանիքներին եւ բռնաբարության ենթարկվածներին։

 

Լուսանկարը՝ Ռոհինջա տղան շալակել է տարիքով բարեկամին՝ անցկացնելու ցեղոտ ճանապարհը, որը տանում է Բանգլադեշի կառավարության տրամադրած Կուտուպալոնգ ճամբար © UNHCR, Պաուլա Բրոնշտեյն