logo
ՓԱԿԵԼMenu
Երեւանում տեղի ունեցան Aurora Dialogues ամենամյա քննարկումները

Երեւանում տեղի ունեցան Aurora Dialogues ամենամյա քննարկումները

2018 թ. հունիսի 9-ին տեղի ունեցավ Aurora Dialogues երեւանյան երրորդ քննարկումները՝ «Ոգեշնչիր, զորացրու, ազդիր» խորագրով։ Քննարկումները հնարավոր էին դարձել Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցության եւ «Գլոբալ հեռանկարներ» (Global perspectives) նախաձեռնության հետ համագործակցության շնորհիվ։ Aurora Dialogues քննարկումներին մասնակցելու էին եկել մարդասիրության եւ մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ, որոնց թվում էին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր Բերնարդ Քուշները եւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։

Aurora Dialogues քննարկումները մեկնարկեցին BBC Panorama հեռուստաընկերության լրագրող եւ կինոռեժիսոր Ջեյն Քորբինի ողջույնի խոսքով, ինչին հետեւեց ուղերձ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի կողմից, որը Aurora Dialogues քննարկումները լսարանին ներկայացնելով՝ ասաց. ««Ավրորան» ցանկանում է լսելի լինել եւ ամենուրեք հիշեցնել մարդկանց, որ բանականությունը դեռեւս կարեւոր է, արժեքները կարեւոր են, մարդկայնությունն ու արժանապատվությունը կարեւոր են։ Մենք բոլորս միեւնույն մարդկության էակներ ենք, բայց դա ուղեկցվում է մեծագույն պատասխանատվությամբ»։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Սամանտա Փաուերն ապա ընդգծեց փախստականների ճգնաժամի հաղթահարման գործում միջազգային դիվանագիտության եւ հայրենակցական փոխօգնության գործողությունների կարեւորությունը։ Հումանիտար հիմնահարցերի շեշտադրումը փոխելու մասին խոսելիս դեսպան Փաուերն ասաց. «Հարկավոր է դեմք տալ ճգնաժամերին։ Մարդիկ ներկայումս գերհագեցած են տառապանքի եւ ողբերգության մասշտաբով»։

«Տեղեկացրու» նիստին ներկայացվեցին «Ավրորա» մարդասիրության ցուցիչ ամենամյա հանրային հետազոտության 2018թ. արդյունքները, որից հետո «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի երկու անդամներ՝ Բերնարդ Քուշները եւ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, միացան Refugees Deeply մեդիանախագծի հիմնադիր խմբագիր Պրեեթի Նալլուին եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին՝ քննարկելու, թե տեղեկատվությունն ինչպես է զորացնում անհատներին եւ կազմակերպություններին՝ դառնալով փոփոխությունների շարժիչ։

Պրեեթի Նալլուն անդրադարձավ ճգնաժամերի շուրջ համապարփակ տեղեկատվություն մատուցելու գործում զանգվածային լրատվամիջոցների պատասխանատվությանը՝ ասելով. «Մեզ վրա այնքան շատ տեղեկատվություն է լցվում եւ այնպիսի արագությամբ, որ բարդագույն հիմախնդիրներն ու պատմությունները մենք հաճախ կրճատում ենք՝ հասցնելով դյուրըմբռնելի մասերի։ Մենք ստեղծում ենք սեւուսպիտակ ակնարկներ, որոնք պարզապես ունակ չեն մեկնարկ տալու այնպիսի երկխոսություններ, որոնք կարող են օգնել տեղահանության էպիկենտրոնում հայտնված բազում մարդկանց՝ վերականգնելով նրանց համայնքները»։

Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ալիս Մ. Գրինվալդն ապա ազդարարեց «Ավրորա» մրցանակի 2018թ. հերոսների եւ Ընտրող հանձնաժողովի անդամների դեմ-առ-դեմ զրույցների մեկնարկը։

«Մեր ժամանակներում, երբ այլոց դժբախտությունների նկատմամբ կարեկցանքի պակասը մշտապես ի ցույց է դրվում եւ երբեմն անգամ ամրագրվում օրենքով, չկա հօգուտ այլոց արված գործողությունների արժեքն ու հրատապությունը վճռականորեն պաշտպանելու ավելի արդյունավետ ուղի, քան հանուն դրա ոտքի կանգնածների պատմությունները փառաբանելը։ Դրանք հարկավոր է պատմել եւ հիշել, իսկ ամենակարեւորը՝ սովորել դրանցից»,– ասաց Գրինվալդը։

Ընտրող հանձնաժողովի անդամներից երեքը՝ Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Իռլանդիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը եւ Լոնդոնի կայսերական քոլեջին կից Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն լորդ Արա Դարզին, հաջորդիվ հարցազրույց վարեցին «Ավրորա» մրցանակի 2018թ. հերոսների հետ։ Ռոհինջա ժողովրդի իրավունքների առաջամարտիկ Չո Լա Աունը, «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր Սունիտա Քրիշնանը եւ «72» փախստականների ապաստանի հիմնադիր Հայր Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն ներկայացրին, թե ինչն է իրենց ոգեշնչել աշխարհով մեկ շարունակելու պայքարը հանուն մոլորակի ամենախոցելի մարդկանց։

«Ավրորա» մրցանակի 2017թ. դափնեկիր Թոմ Քաթինան, Hainan Cihang բարեգործական հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Ֆիլիպ Ռյոսլերը, Safari Doctors կազմակերպության հիմնադիր, CNN հեռուստաընկերության 2017թ. հերոս Ումրա Օմարը եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամի տնօրեն Մայք վան Քաուվենբերգը, միասին վերլուծեցին, թե որոնք են լավագույն ուղիները, որոնցով բիզնեսը, կառավարությունը, շահույթ չհետապնդող կազմակերպությունները եւ տեղում գործող կառույցները կարող են համատեղ աշխատել մնայուն լուծումներ ստեղծելու ուղղությամբ։

«Ես խորապես հավատացած եմ, որ տեղական խնդիրները պահանջում են տեղական լուծումներ։ Համայնքի կարիքների բավարարման գործում մենք կարող ենք հասնել շատ ավելի մեծ արդյունքների, երբ ստանանք տրվող թեպետ փոքր, բայց անվերապահ օգնություն, այլ ոչ թե սպասենք մեծ դրամաշնորհների, որոնք մեզ ստիպում են կենտրոնանալ գործողությունների տեխնիկական կողմի վրա»,– հայրենակցական փոխօգնության գործողությունների ազդեցությունը քննարկելիս ասաց Ումրա Օմարը։

Եզրափակելով Aurora Dialogues քննարկումները՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն ասաց. «Մենք բոլորս շահառուներն ենք ինչ-որ տեսակի միջամտության, որն օգնել է մեզ գոյատեւել եւ հաջողությունների հասնել։ Մարդ որքան շատ բանի է հասնում, այնքան ավելի է զգում երախտագիտության պարտքը, որը կարելի է վերափոխել ծայրահեղ կարիքի մեջ ընկածներին օժանդակության։ Եւ որքան մեծ ազդեցություն դա գործի, այնքան հեռու կսփռվի «երախտագիությունն՝ ի գործ» գաղափարը»։

Ամենամյա Aurora Dialogues երեւանյան երրորդ քննարկումները տեղի ունեցան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում՝ որպես 2018թ. «Ավրորայի» հայաստանյան հիմնական միջոցառումների մաս։