logo
ՓԱԿԵԼMenu
Փորձագետները քննարկել են սոցիալական ազդեցության ապագան

Փորձագետները քննարկել են սոցիալական ազդեցության ապագան

Մոսկվա, Ապրիլի 30, 2018թ. «Սոցիալական ազդեցության ապագան» խորագրով Aurora Dialogues քննարկմանը, որն ապրիլի 26-ին կազմակերպել էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, PHILIN-ը եւ ՍԿՈԼԿՈՎՈ Մոսկվայի կառավարման դպրոցը, հանդես են եկել հումանիտար ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչներ: Ռուսաստանում առաջին անգամ անցկացվող համաժողովին տարբեր դիտանկյուններից քննարկվեց սոցիալական վերափոխումների հարցը:

2018թ. Aurora Dialogues քննարկմանը ողջույնի խոսքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունը ներկայացրեց նախաձեռնության խորհրդատու Հարութ Շիթիլյանը: Նա նաեւ բացատրեց Մոսկվան որպես Aurora Dialogues-ի անցկացման վայր ընտրելու տրամաբանությունը. «Մեզ համար այսօրվա միջոցառումը շատ կարեւոր է, քանի որ առաջին անգամն է, որ Aurora Dialogues-ն անցկացվում է այստեղ՝ Մոսկվայում, Ռուսաստանում: Հաշվի առնելով, թե որքան խորն են «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ նրա կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի արմատները ռուսական համայնքում, այս միջոցառումը նույնիսկ ուշացել է»:

Դրանից հետո ներկաներին ողջունեց 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Բուրունդիում «Մեզոն Շալոմ» խնամքի տան եւ ՌԵՄԱ հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, որը շնորհակալություն հայտնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը եւ լսարանին ներկայացրեց իր անձնական պատմությունը. «Մեզոն Շալոմն իմ պատասխանն էր պատերազմին: Երբ ես որոշեցի բացել «Մեզոն Շալոմը», մարդիկ կարծում էին, որ ես խենթ եմ: Եվ ես ասացի՝ մենք այդպիսի խենթության կարիք ունենք»:

Նրա խոսքին հետեւեց առաջին քննարկումը, որը նվիրված էր ազդեցության թիրախներին եւ ցուցիչներին: Քննարկման մասնակիցներն էին Մոսկվայում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Կուզնեցովը եւ ZIRCON հետազոտական խմբի հիմնադիր եւ ղեկավար Իգոր Զադորինը: Կուզնեցովը, որը ռուս դիվանագետ է եւ ՄԱԿ-ի հետ սերտորեն աշխատում է 2008 թվականից, խոսեց ՄԱԿ-ի Կայուն զորգացման նպատակների մասին եւ ընդգծեց առաջընթացը հաշվի առնելու կարեւորությունը նույնիսկ այն պայմաններում, երբ որոշակի նպատակներ դեռեւս չեն իրագործվել. «Որպես օրինակ դիտարկենք «Ոչ սովին» նպատակը: Դեռեւս ժամանակը չէ տոնելու լիակատար հաղթանակը, սակայն եթե խոսենք համամասնության մասին, շատ բան է արվել եւ շատերն են հիմա սննդի օգնություն ստանում»: Իգոր Զադորինն էլ նշեց այն ամենակարեւոր հարցերի ցանկը, որոնց սովորաբար անդրադառնում են երջանկության՝ որպես ազդեցության ցուցիչի մասին խոսելիս. «Ազդեցություն գործողների համար երեք հիմնական հարցերն են՝ ո՞վ է մեղավոր, ի՞նչ պետք է անել, եւ երրորդը, որը կարծես միշտ ստվերում է մնում՝ ինչու՞ մենք պետք է սրա համար անհանգստանանք»:

Առաջին քննարկմանը հետեւեց Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ղեկավար Լեոնիդ Գրիգորեւի, «Վլադիմիր Պոտանին» հիմնադրամի գլխավոր տնօրեն Օքսանա Օրաչեւայի եւ Հայաստանում գտնվող UWC Dilijan քոլեջի կառավարման խորհրդի նախագահ եւ համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի մասնակցությամբ քննարկումը, որը կրում էր «Ապագան, որ մենք ցանկանում ենք» խորագիրը: Անդրադարձ կատարվեց ցանկալի ապագայի, անհատական կարիքների եւ ազդեցություն գործողների պատկերացումների միջեւ գոյություն ունեցող խզումներին:

«Մենք ապրում ենք վերափոխումների ժամանակներում: Սա կատարյալ փոթորիկի ժամանակաշրջանն է: Տեխնոլոգիաները բեկումնային զարգացում են ապրում: Ինչպե՞ս են մարդիկ արձագանքում դրանց: Նոր տեխնոլոգիաները մեզ ստիպում են միավորվել, սակայն համակարգային մակարդակում մենք տարանջատում ենք տեսնում: Հակառակ դրան՝ մարդիկ փորձում են մեկուսացվել»,- նշեց Վերոնիկա Զոնաբենդը՝ ընդգծելով, որ մի շարք ժամանակակից միտումներ կարող են բավականին վտանգավոր լինել:

Մոսկվայից հետո հաջորդ Aurora Dialogues-ը տեղի կունենա հունիսին Երեւանում՝ որպես «Ավրորա» մրցանակին ուղեկցող միջոցառումների շարքի մաս: «Ավրորա» մրցանակն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: 2018թ. «Ավրորայի» հերոսների անունները հայտարարվել են 2018թ. ապրիլի 24-ին: Նրանք են Մյանմայից իրավաբան եւ ռոհինջաների առաջնորդ Չա Լա Աունը, Մեքսիկայից «Լա 72» ապաստանի հիմնադիր հայր Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն եւ Հնդկաստանից «Փրաջվալա» կազմակերպության  համահիմնադիր Սունիտա Քրիշնանը: