logo
ՓԱԿԵԼMenu
Ամփոփելով 2018թ.Aurora Dialogues-ը Նյու Յորքում

Ամփոփելով 2018թ.Aurora Dialogues-ը Նյու Յորքում

Մարդասիրական համանքը քննարկեց, թե աղետի պայմաններում ինչն է դրդում մարդկանց ոտքի կանգնել: Ֆիլիպ Զիմբարդոն, Վարդան Գրեգորյանը, Ալիս Գրինվալդը, Ջոն Պրենդերգասթը եւ ուրիշներ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանում մասնակցեցին քննարկումներին:
 
Aurora Dialogues նյույորքյան առաջին քննարկումների ընթացքում, որն անցկացվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի համագործակցությամբ, մարդասիրական համայնքի նշանավոր ներկայացուցիչներ խոսեցին մարդկային համերաշխության դրդապատճառների մասին։ Միջոցառումը, որն ընթացավ  «Փոխօգնություն առանց սահմանների. հաղթահարելով անտարբերությունը» խորագրով, նվիրված էր այն հարցին, թե աղետի պայմաններում ինչն է մարդկանց դրդում, սեփական կյանքը վտանգի ենթարկելով, ոտքի կանգնել հանուն այլոց փրկության։ 
 
Քննարկումները մեկնարկեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի եւ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախագահ եւ գործադիր տնօրեն Ալիս Գրինվալդի ողջույնի խոսքերով, որոնցում բանախոսներն ընդգծեցին, որ հերոսության մեծարումն առանցքային դրդապատճառ է մարդկանց գործողության մղելու գործում: 
 
Կազմակերպիչների ողջույնի ուղերձին հետեւեց Heroic Imagination նախագծի հիմնադիր եւ նախագահ, Ստենֆորդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, նշանավոր հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոյի հիմնական զեկույցը, որը վերաբերում էր հերոսության հոգեբանական դրդապատճառներին ու արձագանքներին եւ վեր էր հանում այն բնորոշիչները, որոնք մղում են ոմանց ոտքի կանգնելու, երբ ուրիշները գերադասում են ոչինչ չանել։ 
 
«Բարոյական համարձակությունը հերոսության հիմքն է, ոչ թե քաջության», - ասաց Ֆիլիպ Զիմբարդոն. «Լավ մտադրությունների եւ լավ գործողությունների միջեւ միշտ գոյություն ունեն խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարել: Այնուամենայնիվ, մենք բոլորս կարող ենք դառնալ իմաստուն եւ օգտակար հերոսներ: Երբ ինչ-որ դրական բան ես անում, եւ ուրիշները նկատում են դա, ալիքային ազդեցությամբ այն տարածվում է»:
 
Քննարկման ընթացքում, որը վարում էր «Վաշինգթոն Փոսթ» օրաթերթի սյունակագիր Դեյվիդ Իգնեյշըզը, 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն պատմեց աղետները դիմագրավելու եւ հաղթահարելու սեփական փորձի մասին։ Բուրունդիում քաղաքացիական պատերազմի մեկնարկին ազգությամբ թութսի Բարանկիցեն հետապնդումներից փորձել էր թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարեւաններին, որոնց բոլորին, սակայն, գտել եւ տեղում սպանել էին՝ ոճրի բռնի ականատեսը դարձնելով նաեւ Մարգարիտին։ Դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրեց փախստականներին եւ երեխաներին խնամելու գործին՝ փրկելով շուրջ 30,000 երեխայի Բուրունդիում իր հիմնած «Խաղաղության Տուն» (Maison Shalom) խնամքի տանը եւ բժշկական օգնություն մատուցելով 80,000 մարդու 2008 թ. հիմնադրված REMA հիվանդանոցում։ 
 
Ելույթ ունեցավ նաեւ Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի նավահանգստային վարչական շրջանի ոստիկանության Հատուկ գործողությունների ուժերի պաշտոնաթող լեյտենանտ Բիլ Քիգանը, որը եղել է Համաշխարհային առեւտրի կենտրոնի որոնողական-փրկարարական ուժերի գիշերային հերթափոխի հրամանատարը՝ աշխատելով դեպքերի էպիկենտրոնում 2001թ. սեպտեմբերի 11-ից մինչեւ 2002թ. մայիսի 30-ը՝ աշխատանքների ավարտի օրը, երբ հատուկ արարողակարգով հեռացվեց Համաշխարհային առեւտրի կենտրոնի պողպատյա հիմնասյուներից վերջինը։ Նա պատմեց զոհերի մարմինների հայտնաբերման եւ դուրսբերման, ինչպես նաեւ առաքելության ընթացքում որոնողական ջոկատներում անձնվերության եւ փոխօգնության ոգին պահպանելու դժվարին գործի մասին։ Լեյտենանտ Քիգանը հիմնադրել եւ ներկայումս նախագահում է H.E.A.R.T. 9/11 կազմակերպությունը, որն անհատների, ընտանիքների եւ համայնքների մակարդակով գործում է աղետներին արագ արձագանքելու, առանձնակի տուժած վայրերում համայնքային կենտրոնները վերակառուցելու եւ վերականգնողական ընդհանուր աշխատանքներին նպաստելու ուղղությամբ։ 
 
Քննարկման ընթացքում մարդու իրավունքների ակտիվիստ եւ ENOUGH նախագծի հիմնադիր նախագահ Ջոն Պրենդերգասթը խոսեց, թե դժվարին պայմաններում ինչպես են անտարբեր մարդիկ դառնում առաջամարտիկներ` համախմբվելով իրենց հուզող խնդիրները լուծելու համար:
 
«Մարգարիտն ու լեյտենանտ Բիլ Քիգանը մարմնավորում են աղետը հաղթահարող մարդու անօրինակ խիզախությունն ու կյանքի անհավատալի ուղին։ Մարգարիտն ինքը փրկվելուց հետո ձեռնամուխ եղավ հազարավոր մարդկանց փրկությանը։ Ինչպես նշեց Ջոն Պրենդերգասթը, իրական փոփոխության հասնելու համար հատկապես կարեւոր է, որ մենք հնչեցնենք ոչ միայն այս մարդկանց ձայնը, այլեւ ձայն տանք այն հազարավոր մարդկանց, որոնք շարունակում են մինչ օրս հետապնդվել կամ գտնվում են աղքատության մեջ»,– ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ հավելեց. «Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի հետ եւ մարդկության ուշադրությունը հրավիրել այս անհատների պատմությունների վրա՝ շեշտելու մեծահոգության առանձնահատուկ կարեւորությունը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնական արժեքներից է բարեգործության շղթան շարունակելու եւ դրա ազդեցությունն ապահովելու գործը։ Այս հերոսները վտանգի են ենթարկել ամենաթանկը՝ սեփական կյանքը։ Ամենաքիչը, որ  կարող ենք անել՝ նրանց ու նրանց պայքարին աջակցելն է՝ վառ պահելով մարդկային արժեքներն ու մեծահոգության ոգին»։ 
 
«Մեզ համար պատիվ է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ միասին մեծարրել մարդկային մեծահոգությունը, քանի որ դա է նաեւ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման դրական ու կարեւոր ժառանգությունը», – նշեց Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախագահ եւ գործադիր տնօրեն Ալիս Գրինվալդը։ «Մեր Թանգարանը պատմում է խիզախության եւ տոկունության, անծանոթների փոխօգնության եւ այլոց կյանքի փրկության համար սեփական կյանքն առաջինը վտանգողների պատմությունները, որոնք պետք է մեծարվեն ու հնչեն աշխարհով մեկ՝ ցույց տալով, որ երբ պետք է լինում, մարդկային առաքինությունն ի վերջո գերակայում է մարդկային արատների նկատմամբ»։ 
 
Նյու Յորքի քննարկումից հետո Aurora Dialogues հաջորդ քննարկումը տեղի կունենա այս տարվա ապրիլին Մոսկվայում: Հունիսին Երեւանում տեղի կունենան ամենամյա Aurora Dialogues քննարկումները՝ որպես 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանն ուղեկցող միջոցառում: 
 
Լուսանկարում ձախից աջ՝ Դեյվիդ Իգնեյշըզ, Մարգարիտ Բարանկիցե, լեյտենանտ Բիլ Քիգան, Ջոն Պրենդերգասթ