logo
ՓԱԿԵԼMenu
«Ավրորան»՝ ողջ աշխարհում

«Ավրորան»՝ ողջ աշխարհում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը տարածում է «Ավրորայի» գաղափարներն ու նախագծերն աշխարհով մեկ։ 

«Իր գործունեության երրորդ տարում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վերափոխում է հայկական փորձառությունը համաշխարհային շարժման, որը կոչված է մեզնից յուրաքանչյուրին ոգեշնչելու գործի՝ հանուն մարդկության եւ մարդկային կյանքի։ Ուրախալի է, երբ «Ավրորայի» հերոսներին հրավիրելով աշխարհի տարբեր հարթակներ՝ ականատես ենք դառնում, թե ինչ ազդեցություն են նրանք գործում ինչպես մարդասիրական համայնքի այլ անդամների, այնպես էլ ուսանողների, ուսուցիչների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա»,– նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ 

2018թ. մարտի 1-ին Նյու Յորքում տեղի կունենա հերթական Aurora Dialogues քննարկումը՝ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի հետ համագործակցությամբ։ Այն  հաջորդում է ընդամենը երեք ամիս առաջ մեծ հաջողությամբ կայացած Բեռլինի Aurora Dialogues քննարկումներին, որն իրականացվել էր «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի հետ գործընկերությամբ։ Նմանատիպ համագործակցությունների շնորհիվ է նաեւ, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապածների անունից՝ ի  երախտագիտություն նրանց փրկողներին, կյանքի է կոչում «Երախտագիտությունն` ի գործ» սկզբունքը։ 

«Հայերն այսօր, ինչպես եւ նրանք, ովքեր գալու են մեզնից հետո, հնարավորություն ունեն արտահայտելու իրենց երախտագիությունը՝ գործնական քայլերի դիմելով եւ փոփոխություն մտցնելով մարդկանց կյանքում։ Աշխարհին մեր պարտքը վերադարձնելու այսպիսի հնարավորությունը չպետք է բաց թողնել», – ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ 

2017թ. դեկտեմբերին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն եւ մրցանակի երեք այլ հավակնորդներ մասնակցեցին Բեռլինի Aurora Dialogues քննարկումներին։ 2018թ. մարտին «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան մրցանակի երեք հավակնորդների եւ Մարգարիտ Բարանկիցների հետ միասին կմասնակցեն Նյու Յորքի քննարկումներին։ Նյու Յորքից հետո Aurora Dialogues քննարկումները կշարունակեն իրենց ուղին աշխարհով մեկ՝ ներառելով Մոսկվան, Լոնդոնը, Բուենոս Այրեսը, Լոս Անջելեսը, Բեյրութը եւ համաշխարհային այլ կենտրոններ։ 

«Առաջին երկու տարիներին մենք կենտրոնացած աշխատում էինք աշխարհն «Ավրորային» մոտեցնելու համար»,– ասել է Ռուբեն Վարդանյանը։ «Ամբողջ աշխարհից մենք հրավիրում էինք ականավոր անհատների եւ առաջնորդների՝ դառնալու «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, մասնակցելու հայկական ժառանգությունն ու համընդհանուր մարդկային արժեքները համատեղող մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը, մարդկության ապագայի համար կարեւոր նշանակություն ունեցող հիմնախնդիրների շուրջ քննարկումներին»։

Այժմ՝ երրորդ տարում, «Ավրորայի» նախագծերն արդեն իսկ տարածվել են աշխարհի հինգ մայրցամաքներով, եւ այս տարվա մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը, որը տեղի է ունենալու չափազանց ինքնատիպ, մյուսներից տարբերվող եւ բացառիկ խորհրդանշական մի վայրում, արտացոլելու է համաշխարհային այդ ներկայությունը»։ 

«Ավրորայի» ամենամեծ ազդեցությունը կարելի է համարել մրցանակի դափնեկիրների կատարած աշխատանքը։ Յուրաքանչյուր դափնեկրի շնորհվել է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ հնարավորություն՝ շարունակելու բարեգործության շղթան՝ հավելյալ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը նվրաբերելով այն կազմակերպություններին, որոնք իրենց հերթին օժանդակել են դափնեկրի գործին ու առաքելությանը։ Վերջին երկու տարում աշխարհի 14 երկրներում գործող 6 կազմակերպություններ շարունակել են ծառայել հրատապ օգնության կարիք ունեցող կանանց, երեխաների եւ այլոց։ Բրազիլիայից մինչեւ Բուրունդի «Ավրորայի» թողած ազդեցությունը նկարագրելիս «Ավրորա» մրցանակի 2016թ. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն ասում է. «Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում երեխաները գիտեն, որ հայությունն օգնում է նոր հույս տալ իրենց կյանքին»։ 

«Ավրորայի» տարածումը միջազգային ասպարեզում ակնհայտ է դառնում նաեւ «Ավրորա» մարդասիրության ցուցիչ հետազոտության արդյունքներից, որոնց համաձայն՝ աշխարհի բազմաթիվ վայրերում շարունակաբար աճում է «Ավրորայի» անվան եւ առաքելության մասին իրազեկվածությունը։ Այն փաստը միայն, որ երեք տարվա ընթացքում «Ավրորա» մրցանակը 125 երկրից ստացել է մոտ 1500 առաջադրում, արդեն իսկ վկայում է շարժման համաշխարհային ընդգրկման մասին։ Մրցանակից բացի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը  կրթաթոշակներ է տրամադրում «Միավորված աշխարհի քոլեջներ» (UWC) ցանցի դպրոցներում սովորող 24 երիտասարդի (9 երկրից) եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի 10 ուսանողի (4 երկրից)։ 

Հայաստանը համաշխարհային երկխոսության մեջ ընդգրկելու գործում ստանձնած ակտիվ դերակատարումն արդեն իսկ տվել է իր արդյունքները։ «Ավրորայի» գաղափարների տարածումն աշխարհով մեկ ոգեշնչման մեծ աղբյուր է եւ հաջողության չափման լավագույն միջոց։