logo
ՓԱԿԵԼMenu
UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր

UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր

Մեկնարկել է 2018թ. «UWC դպրոցների եւ քոլեջների համար Ավրորա մարդասիրական նախագծի» հայտերի ընդունման գործընթացը։ Նախագիծը, որն ստեղծվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ UWC (Միավորված աշխարհի քոլեջներ) կազմակերպության համագործակցության արդյունքում, բաց է UWC բոլոր 17 դպրոցների ու քոլեջների համար եւ հորդորում է ուսանողներին մշակել UWC դպրոցներին ու քոլեջներին հարակից համայնքներում դրական տեղաշարժերին նպաստող նախագծեր։ Հաղթող խումբը կպարգեւատրվի 4000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհով՝ առաջադրած նախագիծն իրագործելու համար։ 
 
«Մենք ցանկանում ենք քաջալերել ուսանողներին հոգ տանել այն համայնքների համար, որտեղ ապրում են, եւ փորձել դրական փոփոխություններ բերել այնտեղ»,– ասաց UWC Dilijan քոլեջի հիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը. «Մեր նպատակն է UWC ցանցի ուսանողներին ու շրջանավարտներին ոչ միայն ահազանգել մարդասիրական խնդիրների հրատապության մասին, այլեւ շահագրգռել նրանց ուսումնասիրել դրանք, պատասխանատվություն վերցնել եւ լուծումներ առաջարկել՝ կիրառելով տնտեսական, սոցիալական ու շրջակա միջավայրի առումով կայուն, շարունակական եւ նորարարական մոտեցումներ»։
 
Սա «UWC դպրոցների եւ քոլեջների համար Ավրորա մարդասիրական նախագծի» երկրորդ տարին է։ Առաջին տարում ծրագրին մասնակցել են UWC ցանցի այն ժամանակ դեռ 16 դպրոցներից եւ քոլեջներից 15-ը։ Նախագծի մասնակիցները ներկայացնում էին իրենց դպրոցների ու քոլեջների հարեւանությամբ առկա բազմաթիվ հումնաիտար խնդիրները եւ հաճախ առաջնահերթ էին համարում տեղի համայնքների հետ անմիջական համագործակցությունը դրանց լուծման համար։ 
 
«UWC դպրոցների եւ քոլեջների համար «Ավրորա» մարդասիրական նախագիծն այս ցանցի բազմազան ուսանողական կազմի առջեւ խնդիր է դնում մտորել աշխարհում դրական, իմաստալից եւ կայուն փոփոխության հասնելու կոնկրետ ուղիներ գտնելու մասին»,– ասաց UWC International-ի գործադիր տնօրեն Յենս Ուելթերմանը եւ հավելեց. «Այն օգնում է մեր ուսանողներին UWC-ի առաքելությունը, որն ուղղված է աշխարհում խաղաղության եւ կայուն զարգացման հասնելուն, վերածելու կոնկրետ գործողությունների՝ հիմնված նախաձեռնողականության, անձնվեր առաջնորդության եւ թիմային աշխատանքի վրա, ինչպես նաեւ շանս է տալիս նրանց շատ բան սովորելու հեղինակավոր մարդասեր գործիչներից ոմանցից»։ 
 
Մրցակցային ընտրական գործընթացի արդյունքում 2017թ. իբրեւ հավակնորդ ընտրվեցին երեք թիմեր։ Արդյունքում հաղթող ճանաչվեց UWC Ռոբերտ Բոշ քոլեջը իր կողմից առաջադրված DoGood նախագծի համար, որը վերաբերում էր փախստականների ճգնաժամին։ Անանուն եւ առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ մյուս երկու հավակնորդները՝ Ուոթերֆորդ Կամլաբա UWC քոլեջը (BraveGirl նախագծով) եւ UWC Մահինդրա քոլեջը (Kriya Iron նախագծով), նույնպես ստացան յուրաքանչյուրը 4,000 եվրո իրենց նախագծերը լրամշակելու համար։ 
 
«Իսկապես բացառիկ փորձառություն է, երբ դառնում ես «Ավրորա» մարդասիրական նախագծի հաղթող։ Շատ քիչ երիտասարդներ կարող են ասել, թե իրենք քննարկել են փախստականների ճգնաժամին եւ կրթությանը վերաբերող հումանիտար հիմնախնդիրները աշխարհի ամենահայտնի եւ հաջողակ բիզնեսների սեփականատերերի հետ։ «Ավրորա» մրցանակն ինքնին շատ ավելին է, քան սովորական մարդասիրական մրցանակը»,– ասել է  UWC Ռոբերտ Բոշ քոլեջի թիմի անդամ Ռավինդրան։ 
 
«Կարծում եմ՝ ամենակարեւորն այն է, որ «Ավրորա» մարդասիրական նախագիծը դրդեց մեզ ավելի շատ միտք ու ջանք ներդնել BraveGirl ծրագրում, մշակել կառուցվածք ու ժամանակացույց, եւ, կարեւորագույնը, մտովի պատկերացնել դրա ազդեցության ներուժը։ Մեր ծրագրի հնարավոր ապագայի այս տեսլականն էր, որ գործի մղեց բոլորիս, եւ ինձ մնում է հուսալ, որ «Ավրորա» մարդասիրական նախագծի շնորհիվ ավելի մեծ թվով մարդիկ կգիտակցեն, որ հնարավոր է սեփական գաղափարները վերածել իրականության»,– նշեց BraveGirl թիմի անդամ Իկեն՝ Հարավային Աֆրիկայի Ուոթերֆորդ Կամլաբա UWC քոլեջից։ 
 
«Ես կցանկանայի շահագրգռել ուսանողներին ներկայացնելու իրենց առաջարկները «Ավրորա» մարդասիրական նախագծին, քանի որ դրա ողջ ընթացքում սովորելու հնարավորություններն աներեւակայելի են։ Որպես կրթության զանազան ոլորտներում ավելի քան քսանամյա աշխատանքային փորձ ունեցող մասնագետ՝ ամենայն անկեղծությամբ հայտնում եմ, որ «Ավրորա» մարդասիրական նախագիծը լավագույն ձեռնարկումն է, որին երբեւէ պատիվ եմ ունեցել մասնակցել։ Այն հսկայական ազդեցություն է գործել ինձ վրա, եւ դա ես համարում եմ մեծ հարստություն»,– ասել է Հարավային Աֆրիկայի Ուոթերֆորդ Կամլաբա UWC քոլեջի BraveGirl նախագծի խորհրդատու Քեյթ Դոյլը։ 
 
Ներկայացված նախագծերը պետք է նկարագրեն թիմի կողմից առաջ քաշված հումանիտար կոնկրետ մի հիմնահարց, որ կապված է UWC դպրոցի կամ քոլեջի գտնվելու վայրի հետ, եւ առաջարկեն դրա մեղմացմանը կամ վերացմանը նպաստող կոնկրետ քայլեր։ Նախագծերը պետք է ձեռնարկվեն եւ ղեկավարվեն բացառապես ուսանողների կողմից։ UWC ցանցի յուրաքանչյուր դպրոց կամ քոլեջ կարող է ներկայացնել ընդամենը մեկ առաջարկ «Ավրորա» մարդասիրական նախագծին։ 
 
Վերջնացուցակի երեք հավակնորդները կընտրվեն ցուցաբերված ստեղծագործականության, հետազոտական աշխատանքի որակի, հնարավոր ազդեցության չափի, կայուն շարունակականության, հանձնառության, ինքնավերլուծության եւ ձեւաչափի հիման վրա։ Հավակնորդ թիմերը կստանան իրենց նախագծերը ներկայացնելու հնարավորություն 2018թ. հունիսի 8-10-ին Հայաստանում կայանալիք «Ավրորա» մրցանակի միջոցառումների ընթացքում։ Հաղթող նախագիծը կհայտարարվի դրանք ներկայացնելուց հետո եւ կպարգեւատրվի 4000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհով՝ դրա մշակման եւ ֆինանսավորման համար։ 
 
«UWC դպրոցների եւ քոլեջների համար Ավրորա մարդասիրական նախագծի» մասին բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
 
Լուսանկար. 2017թ. «UWC դպրոցների եւ քոլեջների համար Ավրորա մարդասիրական նախագծի» հավակնորդ թիմերը եւ ընտրող հանձնաժողովը Aurora Dialogues-ի ընթացքում: 2017թ. մայիսի 27, UWC Dilijan, Հայաստան: