«Ավրորան» շարունակում է աջակցել Մատենադարանին

«Ավրորան» շարունակում է աջակցել Մատենադարանին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւս 20,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է տրամադրել Մատենադարանին՝ զբոսավարների եւ երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական զարգացմանն ուղղելու նպատակով: Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը տրամադրված  դրամաշնորհով կազմակերպում է մասնագիտական զարգացմանն ուղղված դասախոսություններ զբոսավարների եւ երիտասարդ գիտնականների համար՝ նպաստելու հայկական ժառանգության ներկայացմանը, պահպանմանը եւ սերունդներին փոխանցմանը: 
 
«Մասնագիտական զարգացումը եւ գիտելիքների խորացումը Մատենադարանի առաջնահերթ եւ կարեւորագույն խնդիրներից մեկն է: Այս ծրագիրը կնպաստի երիտասարդ զբոսավարների եւ գիտաշխատողների մասնագիտական աճին եւ հմտությոնների զարգացմանը», - ասաց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը. «Մատենադարանի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջեւ համագործակցությունը հաջողությամբ նպաստում է մարդկության թողած ժառանգության մի կարեւոր հատվածի պահպանմանը»:
 
Մատենադարանում կկազմակերպվեն ավելի քան 50 դասախոսություններ: Դասախոսություններն ընդգրկում  են ինչպես հումանիտար եւ բանասիրական, այնպես էլ Մատենադարանի անմիջական գործունեությանն առնչվող գիտակարգեր՝ միջնադարագիտություն, ձեռագրագիտություն, աղբյուրագիտություն, մատենագիտություն, ձեռագրերի, արխիվային նյութերի վերականգնում եւ պահպանում: Դասախոսությունները կանցկացվեն 2018թ. հունվար-ապրիլ եւ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որոնց կարող են մասնակցել ինչպես Մատենադարանի գիտաշխատողները եւ զբոսավարները, այնպես էլ բոլոր հետաքրքրված անձինք:
 
«Մատենադարանը հայերի մարդասիրական ժառանգությունն ուսումնասիրելու եւ արեւմտյան քաղաքակրթության զարգացման ամենակարեւոր կենտրոններից է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախությամբ շարունակում է այս կարեւոր համագործակցությունը, որը նպաստելու է այդ ժառանգության՝ աշխարհում առավել լավ ներկայացմանը եւ տարածմանը: Աջակցելով երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական զարգացմանը՝ մենք նաեւ ներդրում ենք կատարում մշակութային հարստության սերունդներին փոխանցման գործում», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
 
Դրամաշնորհը տրամադրվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիշողության պահպանման Armenian Memory Act նախագծի շրջանակում, որն ուղղված է հայկական ժառանգության մասին փաստող արխիվների եւ փաստաթղթերի պահպանմանն ու գործածմանը: 2015թ. ինստիտուտը, ստանալով դրամաշնորհը, ձեռք է բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք դարձնելով առավել հասանելի հետազոտողների ու հանրության համար: Մինչ օրս թվայնացվել են  617 ձեռագրեր եւ 4327 արխիվային փաստաթղթեր: 2016թ. դրամաշնորհի միջոցով էլ ֆինանսավորվել է Մատենադարանի տասը զբոսավարների վերապատրաստման դասընթացը Գերմանիայում: