logo
ՓԱԿԵԼMenu
Սամանտա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

Սամանտա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Դեսպան Փաուերը Ընտրող հանձնաժողովի մյուս անդամների հետ, որոնք հեղինակավոր հումանիտար գործիչներ են, մարդու իրավունքների պաշտպաններ եւ պետությունների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիրներին:

«Մենք չափազանց ոգեւորված ենք՝ ողջունելու դեսպան Փաուերին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովում: Համաշխարհային ասպարեզում իր մեծ փորձառությամբ նա հիանալի գործունեություն է ծավալել՝ աջակցելով զարգացող երկրներին եւ պաշտպանելով աշխարհում ամենակարիքավոր մարդկանց շահերը», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: «Հաշվի առնելով մարդու իրավունքների ոլորտում նրա բացառիկ փորձը ողջ աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ նա ուսումնասիրելու է «Ավրորա» մրցանակի թեկնածությունները եւ օգնելու է ուրվագծել «Ավրորա» մրցանակի ապագան»:

Դեսպան Սամանտա Փաուերը ծառայել է որպես ՄԱԿ-ում ԱՄՆ 28-րդ մշտական ներկայացուցիչ եւ Նախագահ Օբամայի վարչակազմի անդամ՝ դառնալով արտաքին քաղաքականության ոլորտում երկրի ամենահայտնի տեսաբաններից մեկը: Մինչեւ ՄԱԿ-ում աշխատելը նա ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես նախագահի հատուկ օգնական եւ Բազմակողմանի հարաբերությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր տնօրեն: Նրա ուշադրության կենտրոնում էին բռնությունների կանխարգելումը, ՄԱԿ-ի բարեփոխումները, ԼԳԲՏ անձանց եւ կանանց իրավունքները, ինչպես նաեւ կրոնական ազատությունների պաշտպանությունը: Նա նաեւ հեղինակել է Պուլիցերյան մրցանակի արժանացած «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գիրքը: Հաշվի առնելով մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բնագավառում նրա ազդեցիկ գործունեությունը՝ նա բազմիցս ճանաչման է արժանացել` ընդգրկվելով TIME ամսագրի «100 ամենազդեցիկ մարդիկ» եւ Foreign Policy ամսագրի «Աշխարհի 100 մտածողներ» անվանակարգերում:

 ««Ավրորա» մրցանակը եւ դրա դափնեկիրներն ապացուցում են, որ ոչ միայն կարեւոր է հիշել անցյալի վայրագությունները, այլեւ մեզանից յուրաքանչյուրն ունի ներուժ՝ աջակցելու նրանց, ովքեր ներկայում փրկում են մարդկանց կյանքը», - նշեց դեսպան Փաուերը: «Ինձ համար մեծ պատիվ է լինել մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, որը նպատակ ունի մեծարման արժանացնել նրանց, ովքեր, կրելով բազում դժվարություններ, օգնում են այլոց, եւ ունեն կամք կուտակելու եւ պահպանելու մարդկային բարությունը նույնիսկ խիստ դժվարին պայմաններում»:

Նա միանում է «Ավրորա» մրցանակի ներկայիս Ընտրող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

«Ավրորա» մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, շնորհվելու է երրորդ անգամ: 2018թ. «Ավրորա» մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում՝ 115 երկրից: 2017թ. դեկտեմբերի 4-ին Ընտրող հանձնաժողովը հանդիպում է Բեռլինում՝ ուսումնասիրելու առաջադրումները: Բեռլինում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կկազմակերպի նաեւ Aurora Dialogues քննարկումների առաջին շարքը Հայաստանից դուրս: «Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման և ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով Բեռլինի Aurora Dialogues-ը, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի եւ «Մերկատոր» հիմնադրամի  համատեղ ձեռնարկումն է, տեղի կունենա դեկտեմբեր 4-5-ը: Բանախոսները կանդրադառնան գլոբալ միգրացիոն ճգնաժամի ներկայիս վիճակին և կդիտարկեն տարբեր գործիչների դերը դրական փոփոխություններն առաջ մղելու գործում, ինչպես նաև կխոսեն զարգացման ծրագրերի և այն լուծումների մասին, որոնք կարող են փոփոխություն բերել:

2018թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Երրորդ ամենամյա մրցանակը կշնորհվի 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Մրցանակի դափնեկրին կշնորհվի 100,000 դոլարի պարգեւ եւ հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը հատկացնելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին: