logo
ՓԱԿԵԼMenu
Ջորջ Քլունին 1 միլիոն դոլար է նվիրաբերում

Ջորջ Քլունին 1 միլիոն դոլար է նվիրաբերում

«Քլունի» հիմնադրամը առաջին նվիրատվությունն է կատարում «Ստիպելով պատերազմի հանցագործներին պատասխան տալ» դրամահավաք-արշավին, որն ստեղծվել է The Sentry («Ժամապահ») նախաձեռնության համար, որը քաղաքական վերլուծաբանների եւ ֆինանսական հետազոտողների խումբ է: Արշավը նպատակ ունի եռապատկել The Sentry-ի հնարավորությունները՝ թույլ տալով հետեւել Աֆրիկայում ֆինանսական հոսքերին եւ պատերազմի համար շահույթ հետապնդող ցանցերին:

Հոկտեմբերի 25, 2017թ. – Այսօր Ջորջ Քլունին «Հանուն արդարության «Քլունի» հիմնադրամի» միջոցով 1 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել The Sentry նախաձեռնությանը՝ սկսելով «Ստիպելով պատերազմի հանցագործներին պատասխան տալ» դրամահավաք-արշավը: Առավել ընդգրկուն հետաքննական հնարավորություններով՝ The Sentry-ն զգալիորեն կնպաստի պատերազմի հանցագործների եւ նրանց ֆինանսական ցանցերի վերաբերյալ փաստաթղթերի ստեղծմանն ու ուսումնասիրմանը: Ստեղծված փաստաթղթերը հանձնվում են բանկերին եւ կառավարություններին, որպեսզի նրանք հիմք ունենան իրավապահ մարմինների միջոցով լուրջ գործողությունների դիմել ողջ աշխարհում: Այս գործողությունները նպատակ ունեն պատժի ենթարկել կամ բռնագրավել նրանց ունեցվածքը, ովքեր շահույթ են հետաբնդում ցեղասպանության կամ պատերազմի այլ հանցագործությունների միջոցով:

Ջորջ Քլունիի նվիրատվությունից բացի նախաձեռնությունն ուրախ է հայտնել, որ դրամական աջակցություն են ցուցաբերել նաեւ Դոն Շիդլը, Կարլ Ալենը, Ռուբեն Վարդանյանը` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անունից եւ երեք այլ խոշոր նվիրատուներ, որոնք ցանկացել են անանուն մնալ: «Քլունի» հիմնադրամի դրամաշնորհի հետ միասին այս նվիրատվությունները կազմում են 3,45 միլիոն դոլար: The Sentry-ի նպատակն է հավաքել 6 միլիոն դոլար՝ ավարտին հասցնելու արշավը:

The Sentry-ն քաղաքական վերլուծաբանների, տարածաշրջանային փորձագետների եւ ֆինանսական հետաքննողների խումբ է, որը հետեւում է դրամական հոսքերին՝ փորձելով պատասխանատվության առաջ կանգնեցնել նրանց, ովքեր ֆինանսավորում եւ շահույթ են ստանում Աֆրիկայում ցեղասպանություններ եւ զանգվածային բռնություններ իրականացնելով: Նախաձեռնությունը նպատակ ունի լծակներ ստեղծել խաղաղության համար: 

Խոսելով իր նվիրատվության մասին The Sentry-ի համահիմնադիր Ջորջ Քլունին ասաց. «Մեր ռազմավարությունն է այնպես անել, որ պատերազմի հանցագործություններն անարդյունավետ դառնան: Մենք ուզում ենք դժվարություններ ստեղծել նրանց համար, ովքեր զանգվածային սպանություններ են իրականացնում՝ նպաստելով իրենց քաղաքական եւ տնտեսական շահերի առաջխաղացմանը: Երբ մենք հնարավորություն ունենանք մտնել պատերազմի ղեկավարների դրամապանակները եւ սննկացնել նրանց, կխթանենք խաղաղությանը, ոչ թե պատերազմին, թափանցիկությանը եւ ոչ կոռուպցիային»:

«The Sentry-ն որդեգրում է զանգվածային բռնությունները կանխարգելելու նոր ռազմավարություն, որն օգտագործելու է ահաբեկչության, կազմակերպված հանցագործության եւ միջուկային տարածման դեմ պայքարում սովորաբար կիրառվող ֆինանսական հակազդեցության գործիքները: Մենք նպատակ ունենք թուլացնելու պատերազմական տնտեսության սյուները եւ խանգարելու ֆինանսական հոսքերին, որոնք նպաստում են հակամարտությունների զարգացմանը: Քանի դեռ հակամարտության եւ կոռուպցիայի միջեւ կապերը վերացված չեն, խաղաղությունը մնալու է անհաս երազանք», - ասաց The Sentry-ի համահիմնադիր Ջոն Պրենդերգասթը:

«Քլունի» հիմնադրամի նվիրատվության եւ արշավի ընթացքում ձեռք բերված այլ դրամաշնորհներով The Sentry-ն հնարավորություն կունենա՝ բարձրացնելու հանրային իրազեկման մակարդակը ձեռք բերված փաստաթղթերի եւ տեղեկատվության վերաբերյալ: Հաջորդ մեկ տարվա ընթացքում կհրապարակվեն պետական կողոպուտի եւ անօրինական ֆինանսական հոսքերի մասին զեկույցներ այնպիսի պատերազմական երկրների վերաբերյալ, ինչպիսիք են Սուդանը,  Հարավային Սուդանը, Կոնգոն, Սոմալին եւ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:

The Sentry-ն իր գործողությունների շրջանակում ակտիվորեն աջակցում է նաեւ #KeepThePromise արշավին (www.thepromisetoact.org), որը նպատակ ունի պայքարելու ցեղասպանությունների դեմ եւ աշխարհում բարձրացնելու անցյալի ոճիրների եւ մասնավորապես Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը: Հաջորդ տարիներին The Sentry-ն կընդլայնի իր գործունեությունը այդ համագործակցության մեջ:

Աղբյուրը՝ The Sentry