logo
ՓԱԿԵԼMenu
Հանրային կարծիքի հետազոտություն

Հանրային կարծիքի հետազոտություն

Հանրային կարծիքի հետազոտությունը պարզել է, որ հարցմանը մասնակցած յոթ հայերից մեկը, իսկ օտարերկրացիների՝ քսանից մեկը տեղյակ է «Ավրորա» մրցանակի մասին:
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2016 թվականի հանրային կարծիքի հետազոտությունը պարզել է, թե որքանով է համաշխարհային լսարանը տեղյակ Հայաստանի, հայերի և «Ավրորա» մրցանակի մասին: 
 
Հետազոտությունն իրականացրել է New Place Consultancy ընկերությունը՝ Kantar Group-ի TNS Opinion միջազգային սոցիալական հետազոտությունների գործակալության խորհրդատվությամբ: Հետազոտությունը ցույց է տալիս, որ «Ավրորա» մրցանակի նկատմամբ վերաբերմունքը դրական է այն մարդկանց շրջանում, ովքեր լսել են դրա մասին: Դրական վերաբերմունքի պատճառների թվում նշվում է, որ մրցանակը մեծարման է արժանացնում այնպիսի մարդկանց, ում աշխատանքն այլապես չէր ճանաչվի, ինչպես նաեւ նպաստում է աշխարհում հայերի դրական կերպարի ձեւավորմանը:
 
Հանրային կարծիքի հետազոտությունն անդրադարձել է նաև աշխարհում Հայաստանի ու հայերի մասին իրազեկվածությանը: Արդյունքները ցույց են տալիս, որ համաշխարհային հանրությունը հիմնականում գիտի հայկական համայնքների, հայկական խոհանոցի և պատմության մասին:  
 

          Այս հոլովակը ներկայացնում է հետազոտության մի քանի կարեւոր բացահայտումներ:

Հետազոտությունը միեւնույն չափումները (գիտելիք, իրազեկվածություն, հետաքրքրություն, ներգրավվածություն) դիտարկել է նաև հայկական սփյուռքի շրջանում: Պարզվել է, որ սփյուռքահայերի եւ օտարերկրացիների հայերի մասին ընկալումները նման են. հայերն հիմնականում բնութագրվում են որպես հպարտ, ընկերասեր և հարգալից:
 
Հետաքրքրական է, որ չնայած հարցվածների մեկ երրորդի կարծիքով հայկական համայնքները կարևոր են իրենց երկրներում ինչպես պետական, այնպես էլ տեղական մակարդակներում, սակայն հարցվածների մեծամասնությունը համարում է, որ հայկական համայնքները փոքր դեր են խաղում իրենց երկրներում: Հայկական համայնքների ազդեցությունն ավելի շատ դիտարկվում է ինտելեկտուալ, մշակութային, սոցիալական և տնտեսական ոլորտներում: Քիմ Քարդաշյանը և Շերը գլխավորում են ամենաճանաչված հայ հայտնիների ցանկը՝ ինչպես համաշխարհային հանրության, այնպես էլ սփյուռքահայերի շրջանում:
 
Հայաստանի Հանրապետության մասին դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի նկատմամբ նշանակալի հետաքրքրվածություն կա որպես երկիր և որպես ճամփորդական ուղղություն: Չնայած համաշխարհային հանրության ներկայացուցիչները Հայաստանը չեն դիտարկում որպես գործարարությամբ զբաղվելու վայր, սփյուռքահայերի զգալի մասը ցանկանում է տեղեկանալ Հայաստանի գործարար միջավայրի մասին: Երկու հայերից մեկը եւ յոթ օտարերկրացիներից մեկը հավանական է համարում, որ ապագայում կայցելի Հայաստան:
 
Հետազոտությունն իրականացվել է երկու փուլով՝ 2016 թվականի մարտի և հունիս-հուլիս ամիսներին 10 երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Ֆրանսիա, Արգենտինա, Դանիա, Նորվեգիա, Հունաստան, Գերմանիա և Ռուսաստան: