logo
ՓԱԿԵԼMenu
IDeA հիմնադրամը աջակցում է սիրիահայերին

IDeA հիմնադրամը աջակցում է սիրիահայերին

Հոկտեմբերի 15, 2016թ., Երեւան- Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը հայտարարել է սիրահայերին աջակցելուն ուղղված նախաձեռնության մասին.

«IDeA հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի, Սփյուռքի եւ աշխարհի բոլոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք ակտիվորեն սատարեցին հիմնադրամի կոչին: Մենք գնահատում ենք անհատների, հասարակական կազմակերպությունների, պետության եւ եկեղեցու ջանքերը` սատարելու Սիրիայի մեր հայրենակիցներին, որոնք ապրում են ռազմական հակամարտության պայմաններում:

Հուսով ենք, որ սիրիահայերին աջակցելուն ուղղված ազգային համախմբման գործընթացը կշարունակի թափ առնել եւ նպաստել հայկական համայնքի իրական իրավիճակի մասին հավաստի տեղեկատվության տարածմանը:

Քանի դեռ Սիրիայում հակամարտությունը շարունակվում է, այնտեղ ապրող հայերի իրադրությունը բարդանում է՝ տարաբնույթ գործընթացների, դիրքորոշումների եւ շահերի պատճառով: Մենք մեր հայրենակիցների փրկությունը համարում ենք բացարձակ առաջնահերթություն: Միեւնույն ժամանակ, մենք հարգում ենք ապագայի վերաբերյալ սեփական որոշումներ կայացնելու սիրիահայերի իրավունքը:

IDeA հիմնադրամը միանում է պետական, հանրային եւ միջազգային մակարդակներում ձեռնարկված ջանքերին՝ այս փուլում հատկացնելով $250.000: Այն կբաշխվի հակամարտության ամենասկզբից օգնության ջանքեր ծավալած ռազմավարական գործընկեր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) եւ Հայաստանում սիրիահայերին ուղղված նախագծեր իրականացնող «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (Mission Armenia), «Հալէպ» բարեգործական հասարակական կազմակերպության, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia) միջեւ: Նվիրատվությունը կուղղվի ծրագրերի մշակմանը եւ իրագործմանը՝ հետեւյալ ուղղություններով.

  • աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ),
  • աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս («Առաքելություն Հայաստան» ՀԿ),
  • աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ» ՀԿ),
  • աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Վերադարձ Հայաստան» հիմնադրամ):

Միջոցները բաշխվելու են՝ ըստ յուրաքանչյուր ծրագրի ծավալի եւ յուրահատկության:

Յուրաքանչյուր մարդ  եւ կազմակերպություն կարող է միանալ այս նախաձեռնությանը՝ աջակցելով վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ կամ IDeA հիմնադրամի միջոցով: Գործընկեր կազմակերպությունների եւ IDeA հիմնադրամի հաշվեհամարները հասանելի են այս հղումով:

Անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկանում են աջակցել ՀԲԸՄ, «Առաքելություն Հայաստան», «Հալէպ» եւ «Վերադարձ Հայաստան»  կազմակերպություններին կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման միջոցով, կարող են իրենց առաջարկներն ուղղել [email protected] էլ. փոստին կամ զանգահարել +374 (0) 60 700801 հեռախոսահամարով:

Մենք գիտակցում ենք Մերձավոր Արեւելքում հայկական համայնքների պահպանման կարեւորությունը: Մենք լիահույս ենք, որ մեզ համար ցանկալի այս համախմբումը կօգնի ապահովել սիրիահայերի ֆիզիկական անվտանգությունը եւ նրանց ինքնության պահպանումը` անկախ հետագա բնակության վայրից»: