logo
ՓԱԿԵԼMenu
IDeA հիմնադրամը` սիրիահայերի վերաբերյալ

IDeA հիմնադրամը` սիրիահայերի վերաբերյալ

Հոկտեմբերի  8, 2016թ., Երեւան- Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը տարածել է հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ.

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը հավատարիմ է Հայաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու նպատակին: Միեւնույն ժամանակ, մենք չենք գործում մեկուսացած: Մենք քաջատեղյակ ենք` ինչ է կատարվում մեր շուրջը եւ աշխարհում ու կրում ենք պատասխանատվություն` մասնակից դառնալու ցավն ու տառապանքը հնարավորինս մեղմելու գործին` որտեղ հնարավոր է:

Հետեւելով Սիրիայում` մասնավորապես Հալեպում, շարունակվող բռնությանը` մենք պարտավորություն ենք զգում ֆինանսական աջակցություն առաջարկել սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար: Այդ նպատակով մենք պատրաստ ենք միավորել ջանքերն աշխարհի տարբեր մասերում գործող այլ կազմակերպությունների եւ անհատների հետ: Պետք է գործել հենց հիմա: Ցավում ենք եւ մտահոգ ենք այժմ հակամարտության գոտում գտնվողների համար: Նույնիսկ նրանք, ովքեր մարտական գործողությունների վերջին տարիներին մնացել էին այնտեղ, այժմ ապահով ապաստան են փնտրում: Մենք պարտավոր ենք օգնել նրանց:

Այս հարցում մեզ միացել են մի քանի մասնավոր հիմնադրամներ եւ մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ, որպեսզի համոզված լինենք, որ Հայաստան ժամանողները կստանան պետական անհրաժեշտ հիմնական աջակցություն, կկարողանան օրինական ապաստան հայցել Հայաստանում:

Ցեղասպանությանը հաջորդած տարիներին հալեպահայերն էին հայությանն առաջինը փրկության ձեռք մեկնողները: Այսօր նրանք ունեն այդ փրկության կարիքը»:

Լուսանկարը՝ AP-ի