logo
ՓԱԿԵԼMenu
Երախտագիտության կրթաթոշակ՝ 10 ուսանողների

Երախտագիտության կրթաթոշակ՝ 10 ուսանողների

ԱՎՐՈՐԱ մարդասիրական նախաձեռնության եւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի 2016թ. Երախտագիտության կրթաթոշակներ կստանան 10 ուսանողներ: Ամալ Քլունիի անվան կրթաթոշակ կստանա լիբանանցի եւս մի ուսանողուհի:

Երախտագիտության կրթաթոշակ ստացած 10 ուսանողներ՝ Սիրիայից, Պաղեստինից, Իսրայելից, Եգիպտոսից, Հորդանանից, Պաղեստինյան տարածքներից եւ Լիբանանից, սեպտեմբերին իրենց ուսումը կսկսեն United World Colleges (Աշխարհի միացյալ քոլեջներ,UWC) ցանցի դպրոցներում աշխարհով մեկ։ Այս ուսանողներն ընտրվել են իրենց դրսեւորած խոստումնալից ուսումնական բարձր առաջադիմության եւ արտաուսումնական ակտիվության համար։ Նրանք փախստական են, կամ ծնողազուրկ, կամ տեղահանված՝ ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում։ Ուսանողներից յոթը կսովորեն Հայաստանի UWC Dilijan միջազգային քոլեջում, որն ուսանողներ ունի աշխարհի ավելի քան 70 երկրներից։

Երախտագիտության կրթաթոշակները, որի ընդհանուր ֆոնդը 7 միլիոն դոլար է, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի համատեղ ձեռնարկումն է։ Ծրագրի տեւողության ընթացքում Մերձավոր Արեւելքի երկրներում հակամարտություններից, տեղահանություններից եւ աղքատությունից տուժած 100 երեխայի բացառիկ հնարավորություն կտրվի կրթությունը շարունակելու UWC միջազգային քոլեջներում։ Նախաձեռնությունը երախտագիտության դրսեւորում է՝ ուղղված Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին, որոնք հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, օթեւան եւ սնունդ տվեցին հայ գաղթականներին։

«Մենք հպարտ ենք, որ կարող ենք ուսում եւ միջազգային փորձառության հնարավորություն ընձեռնել Մերձավոր Արեւելքի արժանի աշակերտներին, քանի որ Մերձավոր Արեւելքը ժամանակին դարձել է նաեւ մեծ թվով հայերի տունը»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ «Աշխարհի տարբեր կողմերից երիտասարդներին համախմբելով՝ մենք փորձում ենք նրանց մոտ վաղ տարիքից միջազգային երկխոսության ու փոխըմբռնման մշակույթ ստեղծել, երբ նոր-նոր են ձեւավորվում փոխհարաբերությունները եւ մարդու արժեքային համակարգը։ Հուսով ենք՝ այսպիսով մենք նրանց դրդում ենք փոխըմբռնման, միմյանց հասկանալու՝ նույնիսկ դժվարին պահերին»։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարել են նաեւ Ամալ Քլունիի անվան կրթաթոշակի շարունակության մասին։ Արդեն երկրորդ տարին է այս կրթաթոշակը հնարավորություն է տալիս լիբանանցի մի ուսանողուհու անվճար սովորել UWC Dilijan քոլեջի երկամյա միջազգային բակալավրիատում։ Կրթաթոշակը տրվում  է այն ուսանողուհուն, որը լավ է սովորում եւ հետաքրքրված է մարդու իրավունքներով ու միջազգային հիմնահարցերով։ Կրթաթոշակը հիմնվել է մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ամալ Քլունիի պատվին՝ նպատակ ունենալով ամրապնդելու միջմշակութային կրթությունն ու փոխըմբռնումը։

Ամալ Քլունիի կրթաթոշակառուն ընտրվել է ավելի քան 43 հոգանոց վերջնացուցակից՝ հատկապես գնահատվել է նրա բացառիկ առաջադիմությունը, լավատեսությունն ու սոցիալական պատասխանատվությունը, որը նա պլանավորում է լավագույնս դրսեւորել իրավաբանական ուսման տարիներին: 

«Հպարտ ենք, որ կարող ենք աջակցել գալիք սերնդի կին առաջնորդների կայացմանը,- հավելել է Ռուբեն Վարդանյանը,- մենք անչափ ուրախ ենք այն հնարավորությունների համար, որ այս կրթաթոշակը տալիս է Լիբանանի եւ տարածաշրջանի մյուս երկրների ուսանողուհիներին»։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իրականացնում եւ մասնակցում է մարդասիրական եւ սոցիալական նախագծերի՝ աշխարհի հայերի անունից։ Նախաձեռնության կարեւոր նախագծերից է «Ավրորա» մրցանակը՝ 1 միլիոն դոլարի համաշխարհային մարդասիրական մրցանակ, որը ճանաչման է արժանացնում նրանց, ովքեր վտանգի են ենթարկում իրենց՝ ուրիշների կյանքը փրկելու համար։ 2016 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին անդրանիկ մրցանակը հանձնեց Մարգարիտ Բարանկիցեին։