logo
ՓԱԿԵԼMenu
2018թ. «Ավրորա». եռագրության կարեւոր պահերը

2018թ. «Ավրորա». եռագրության կարեւոր պահերը

2018թ. «Ավրորա» մրցանակի հանդիսավոր արարողությունը խորհրդավոր մի եռագրություն էր, որ տեղի ունեցավ հունիսի 8-10-ը, Հայաստանում. «Ավրորա՝ մեծարելով մարդասերներին», «Ավրորա՝ մարդկայնության զարթոնք» եւ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրերի ներքո։

Եռագրության առաջին մասը երեկոյան ծրագիր էր, որը տեղի ունեցավ հունիսի 9-ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ «Ավրորա՝ մեծարելով մարդասերներին» խորագիրը կրող միջոցառման ընթացքում հանրությանը ներկայացվեցին 2018թ. «Ավրորա» մրցանակի հերոսներ Չո Լա Աունը (Մյանմա), Սունիտա Քրիշնանը (Հնդկաստան) եւ Հայր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն (Մեքսիկա)։

«Ավրորա՝ մարդկայնության զարթոնք» խորագիրը կրող երկրորդ մաս արեւագալի արարողություն էր, որը տեղի ունեցավ Երեւանից դուրս՝ Հայաստանի սահմաններում Արարատ լեռանը հնարավորինս մոտ վայրում՝ Խոր Վիրապի հարակից տարածքում։ Խորհրդանշական էին ե՛ւ ընտրված ժամանակը, ե՛ւ վայրը։ «Ավրորա» նշանակում է «արշալույս» եւ նվիրված է մարդկության արթնացումին։ Հրավիրյալ հյուրերի համեմատաբար փոքր խմբի մասնակցությամբ տեղի ունեցած արարողության ընթացքում արշալույսի պահին հնչեց 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը։

Եռագրության վերջին մասը «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով երեկոյան հանդիսությունն էր, որը տեղի ունեցավ հունիսի 10-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներն ու հյուրերը հավաքվել էին այդտեղ՝ մեծարելու 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Չո Լա Աունի մարդկայնության ոգին, բացառիկ խիզախությունն ու գործած ազդեցությունը։

Ստորեւ տեսանյութում կարող եք ծանոթանալ Եռագրության ամփոփ ընտրանուն։

 

 

 

2018թ. «Ավրորայի» միջոցառումներն ամբողջությամբ՝ այստեղ: