2018 թ. «Ավրորայի» կամավորները. «Մեկ հոգին կարող է մեծ փոփոխություն բերել»

2018 թ. «Ավրորայի» կամավորները. «Մեկ հոգին կարող է մեծ փոփոխություն բերել»

Այս տարի «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը եւ նախորդող միջոցառումներին մասնակցել է մոտ 200 կամավոր։ Մարդկության լավագույն որակները մեծարելու եւ մերօրյա ամենահրատապ հումանիտար ճգնաժամերը քննարկելու համար ամբողջ աշխարհից Հայաստան էին ժամանել ականավոր մարդասերներ, գիտնականներ, բարեգործներ, մարդու իրավունքների պաշտպաններ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ եւ գործարարներ։

2018թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումների շարքի մասն էին կազմում Aurora Dialogues քննարկումները, հանրային դասախոսությունները, «Ավրորայի»  հերոսների եւ Ընտրող հանձնաժողովի անդամների միջեւ բաց երկխոսությունները եւ այլ միջոցառումներ։ Ծրագրի գագաթնակետը դարձավ «Ավրորա» մրցանակի ուրույն եռագրությունը՝ երեք մասի բաժանված հանդիսավոր արարողությունը։

Այս տարի ավելի վաղ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կոչով դիմել էր կամավորներին՝ խնդրելով մասնակցել հատուկ միջոցառումներին։ «Ավրորան» փնտրում էր պատասխանատու եւ եռանդուն անհատների, որոնք կցանկանային մաս կազմել Հայաստանում տեղի ունեցող կարեւոր միջոցառումներին եւ իրենց ներդրումը բերել մարդկայնության գործին՝ միեւնույն ժամանակ ձեռք բերելով նաեւ բացառիկ փորձառություն։

 

 

Այս գործին իրենց ժամանակն ու տաղանդը նվիրելու ցանկությամբ՝ կոչին արձագանքել էր ավելի քան 3000 հոգի, որոնցից ապա ընտրվել էին 190-ը՝ 6 երկրներից։ Կամավորներից ամենաերիտասարդն ընդամենը 13 տարեկան էր, իսկ մեծամասնությունը՝ 19 տարեկան։ Բոլոր կամավորները հնարավորություն ունեցան տոնելու մարդկայնության ոգին եւ այն բացառիկ մարդկանց հրաշալի գործը, որոնք սեփական անձը վտանգի ենթարկելու գնով փրկում են այլոց։