logo
ՓԱԿԵԼMenu
Միրզա Դինայի. «Սա ամենալավ աշխատանքն է, որ երբեւէ կարող ես անել»

Միրզա Դինայի. «Սա ամենալավ աշխատանքն է, որ երբեւէ կարող ես անել»

2019թ. «Ավրորայի» հերոս Միրզա Դինային եզդի ակտիվիստ է, որն աշխատում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զոհերի հետ: Նա հազարավոր կանանց եւ երեխաների է փրկել Իրաքի պատերազմի ժամանակ: Ռիսկի ենթարկելով սեփական կյանքը՝ նա անձամբ է մարդկանց փրկել եւ տեղափոխել ԻՊ հսկողության տակ գտնվող տարածքներից, որից հետո նրա «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպությունը նրանց անհրաժեշտ աջակցություն եւ բուժօգնություն էր տրամադրում:

- Հիմա Դուք «Ավրորայի» հերոս եք: Ի՞նչ է փոխվել:

Ես ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում աշխարհի նկատմամբ, քանի որ միջազգային մարդասիրական համայնքն ինձ ներգրավեց իր շարքերը: Հիմա իմ նպատակը «Ավրորա» ընտանիքի արժանի անդամ դառնալն է:

- Ինչպիսի՞ն էր արձագանքը Գերմանիայում, Իրաքում:

Բոլորը՝ ոչ միայն եզդիները, այլեւ ազգային մյուս փոքրամասնություններն ու իրաքցիները,  որոնք գիտեն իմ մարդասիրական գործունեության մասին, բարձր գնահատական տվեցին: Ընկերներս ինձ ասում են, որ իմ աշխատանքի այսպիսի միջազգային ճանաչումն ամրապնդում է խաղաղություն կառուցելու եւ Իրաքում համակեցության կանոններ հաստատելու հնարավորությունը՝ խաղաղության ձայնը հասցնելով մեր համայնքներին:

- Մարդասեր լինելը բարդ ընտրություն է, նաեւ գիտենք, որ Ձեր դեպքում այն առաջինը չէր: Երբեւէ երկմտե՞լ եք այս ճանապարհն ընտրելու առիթով:

Կարծում եմ՝ սա ընտրություն չէ, սա ճակատագիր է: Ի վերուստ էր այդպես որոշված, որ ես պետք է ծնվեմ հալածանքների ու տասնամյակներ շարունակ ցեղասպանության ենթարկվող համայնքում: «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության հիմնումը հանպատրաստից էր ու շատ էմոցիոնալ, երբ «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները 2007թ. կոտորում էին եզդիներին: Երեխաներին փրկելու համար մենք ստեղծեցին «Օդային կամուրջ Իրաքը»: Ես պարզապես ուզում էի օգնել եւ երբեք չեմ փոշմանել, որ ընտրել եմ այս ծանր աշխատանքը:

 Միրզա Դինային՝ երեխաների առաջին խումբը Գերմանիա բուժման տեղափոխելուց հետո: Դյուսելդորֆ, 2007թ.

- Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց օգնել ուրիշներին:

Սկզբում զգացողությունը, որ դու կարող ես օգնել ահաբեկչության զոհերին, հետո եզդիների ցեղասպանությունը, կանանց ու երիտասարդ աղջիկների տառապանքները: Դու չես կարող անտարբեր մնալ: Երբ ես ուղղաթիռում էի, ու այն վթարի ենթարկվեց, սեփական մահն աչքերիս առաջ եկավ: Այդ պահին հասկացա, որ իմ կյանքն այլ իմաստ պետք է ունենա: Հասկացա, որ այլ պարտավորություններ պետք է ստանձնեմ:

- Ունեք ընտանիք ու զբաղվում եք այս բարդ աշխատանքով: Դա չի կարող հեշտ լինել: Ի՞նչն է ամենաբարդը:

Որպես հայր՝ հասկանում եմ, որ բավականաչափ ժամանակ չեմ անցկացնում ընտանիքիս հետ, ինչի համար ափսոսում եմ: Ես պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեմ ավագ դստերս հետ: Նա չի տեսնում, թերհաս է ծնվել , այդ պատճառով էլ առողջական բազմաթիվ խնդիրներ ունի: Նա ստիպված է անընդհատ հեմոդիալեզ անել: Երբեմն մեղավոր եմ զգում, որ չեմ կարողանում օգնել: Կինս ու հարազատներս կարող են ասել, թե ուրիշ երեխաների օգնում եմ, իսկ իմ երեխաներին՝ ոչ: Բայց միեւնույն ժամանակ նրանք գիտեն ու հարգում են իմ սկզբունքներն ու նպատակները: Նրանք աջակցում են ինձ: Իմ փոքր ընտանիքը հավատում է իմ արած գործին, եւ նրանք զոհաբերում են սեփական կարիքները՝ ի նշան համերաշխության:

- Որտեղի՞ց եք ուժ ու խիզախություն գտնում:

Կարծում եմ՝ գլխավոր աղբյուրը կրթությունն է, որ ստացել եմ ընտանիքիս շնորհիվ: Ես սկսել եմ  գրքեր կարդալ, երբ դեռ երեխա էի, ինչն արտասովոր երեւույթ է մեր համայնքում: Ես մի գյուղից եմ, որտեղ մարդկանց մեծ մասը ֆերմեր է, հիմնականում՝ անուս: Հայրս գործարար էր, ամեն շաբաթ գնում էր Մոսուլ քաղաք՝ ապրանք բերելու: Քանի որ նա գրել-կարդալ չգիտեր, ամեն անգամ երեխաներից մեկին տանում էր հետը, որպեսզի թղթաբանությունն աներ: 12 տարեկան էի, ու նա ինձ քաջալերում էր գրքեր գնել ու կարդալ: Երբ 17 տարեկան էի, արդեն 500-ի չափ գիրք ունեի տանը: Դեռահաս էի, երբ սկսեցի պատմություններ եւ պոեմներ գրել, ինչպես իմ տարեկիցներն Արեւմուտքում: Դա հիանալի, աշխարհայացք ձեւավորող փորձառություն էր:

- Երբեւէ վախեցե՞լ եք սեփական կյանքի համար, մինչ ուրիշներին էիք օգնում:

Բազմիցս: Բայց երբեք կասկած չեմ ունեցել ու վստահ եմ եղել, որ իմ կատարած աշխատանքն ավելին է պահանջում:

- Ի՞նչ խորհուրդ կտանք նրանց, որոնք ցանկանում են զբաղվել մարդասիրական աշխատանքով:

Կասեմ, որ սա ամենալավ աշխատանքն է, որ երբեւէ կարող ես անել կյանքում: Բայց պետք է հիշել որոշ բաներ. ուրիշներից երախտագիտություն մի ակնկալեք,  իմացեք, որ մարդիկ, որոնց օգնել եք, կարող են մեղադրել ձեզ, թեկուզ ամենաչնչին բաների համար: Պարզապես արեք այն, ինչին հավատում եք, եւ ոչ մեկից ոչինչ մի սպասեք: Մարդասիրական աշխատանքը պետք է սրտից բխի: Դուք կվիրավորվեք, կտառապեք մյուսների հետ: Եթե օգնության ձեռք մեկնեք, կարող եք վերջ տալ նրանց տառապանքներին: Բայց հիշեք՝ այդ տառապանքը մեկընդմիշտ հետք կթողնի ձեր հոգում:

- Ովքե՞ր են Ձեր հերոսները եւ ինչպե՞ս են նրանք ոգեշնչում Ձեզ:

Ինձ հիացնում են բոլոր անհայտ ծառայող-մարդիկ, որոնք յուրաքանչյուր համայնքում են եւ օգնում են մարդկանց, թեկուզ ոչ ոք չգիտի նրանց մասին: Երբ այդպիսի պատմություններ եմ լսում, դա ինձ ուրիշ աշխարհ է տեղափոխում: Իմ հերոսներն այն կանայք են, աղջիկները, մարդիկ, որոնք պատերազմների զոհ են դառնում ամբողջ աշխարհում, որոնք վերապրում են ցեղասպանություններ եւ մարդկանց դեմ իրագործված այլ հանցանքներ ամբողջ պատմության ընթացքում: Բոլոր այս մարդիկ ինչ-որ ընդհանրություն ունեն: Նրանք բոլորը՝ հայերը, հրեաները, ռուանդացիները, բոսնիացիները, եզդիները, հավատում են մեկ սկզբունքի. ճակատագիրն էր ընտրել նրանց, որ փրկվեին, որովհետեւ նրանք ունեն պարտականություն՝ պայքարել մնացած մարդկության համար: Կարծում եմ՝ ես էլ նույն ճակատագիրն ունեմ եւ պարտականությունները, որոնք պետք է կատարեմ:  

 Եզդիները՝ տարհանման սպասելիս: Սինջարի լեռներ, 2014թ.

- Կարո՞ղ եք փոքր-ինչ ավելին պատմել Ձեր եւ Լամիյա Հաջի Բաշարի ընկերության մասին: Նա օգնո՞ւմ է Ձեզ աշխատանքի մեջ:

Ես հանդիպեցի Լամիյային, երբ 2016թ. նա փախել էր «Իսլամական պետության» ահաբեկիչներից ու վիրավոր էր: Նա չէր տեսնում: Ինձ համար առաջնահերթը նրա կյանքը փրկելն էր, նաեւ տեսողությունը: Ես նրան բերեցի Գերմանիա՝ բուժում ստանալու: Երբեք չէի պատկերացնի, որ Լամիյան այդքան ուժեղ կարող է գտնվել եւ իր պատմությունն աշխարհին ներկայացնել: Քանի որ ես եզդիների շահերն էի ներկայացնում տարբեր հարթակներում, նա ասաց, որ ուզում է ուղեկցել ինձ: Նա ուզում էր բոլորին պատմել իր հետ պատահածը: Նա ուզում էր, որ աշխարհն իմանա ԻՊ դաժանությունների մասին: Ես հատուկ միջոցառում կազմակերպեցի Եվրոպական պառլամենտում եւ նրան տարա այնտեղ, որպեսզի ներկայացներ իր պատմությունը: Նա արժանացավ եվրոպացի քաղաքական գործիչների հիացմունքին եւ հարգանքին: Դրանից հետո ես նրան բազմաթիվ միջոցառումների ուղեկցեցի, կոնֆերանսների եւ քաղաքական հանդիպումների: Եվրոպական պառլամենտում Եզդիական բարեկամության խմբի աջակցությամբ մենք կարողացանք նրան եւ Նադյա Մուրադին առաջադրել 2016թ. Սախարովի անվան մրցանակի: Ու նրանք հաղթեցին: Մենք շատ մտերիմ ենք, իմ գրաֆիկին զուգահեռ նաեւ նրա գործերով եմ զբաղվում: Երբեմն երկուսիս էլ նույն միջոցառումներին են հրավիրում, երբեմն ես ուղեկցում են նրան՝ որպես թարգմանիչ կամ պարզապես կողքին լինելու համար: Երբեմն նա է ինձ հետ գալիս, երբ անհրաժեշտ է:

- Ի՞նչ կլինի հետո:  

Սա ընդամենը սկիզբն է: Եզդիների ցեղասպանությունը շարունակվում է, եւ մենք պետք է հասնենք արդարության: Զոհերի իրավունքների համար պայքարը երկար եւ ցավոտ ընթացք է: Ես խոստացել եմ պաշտպանել զոհերի, ազգային փոքրամասնությունների իրավունքները, պայքարել արդարության, խաղաղության եւ համակեցության համար: Զոհերն ու ցեղասպանությունը վերապրածները հատուկ տեղ ունեն իմ կյանքում: Բայց այսպիսի երազանքները չեն կարող իրականանալ առանց համաշխարհային մարդասիրական համայնքի օգնության: «Ավրորայի» նման նախաձեռնությունները չափազանց կարեւոր նշանակություն ունեն այսպիսի խնդիրների մասին իրազեկությունը բարձրացնելու համար: «Ավրորա» ֆորումին մասնակցելը լավ հնարավորություն է մարդու իրավունքների պաշտպանների, մարդասերների եւ հասարակական կազմակերպությունների հետ կապեր հաստատելու համար: Դա լավ հնարավորություն կլինի փորձի փոխանակման, ավելի լավ գաղափարներ մշակելու եւ զարգացնելու համար՝ ի շահ մարդկության եւ մարդասիրության: