logo
ՓԱԿԵԼMenu
Բեռլինում ներկայացվեց 2018 թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչ հետազոտությունը

Բեռլինում ներկայացվեց 2018 թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչ հետազոտությունը

Մարդասիրական համայնքի եւ քաղաքական վերլուծական կենտրոնների անդամ բազմաթիվ հեղինակավոր փորձագետները հնարավորություն ստացան քննարկելու եւ իրենց կարծիքը ներկայացնելու միջազգային հարցումների հիմնական արդյունքների վերաբերյալ։

Ցուցիչը հետազոտում է հումանիտար հրատապ հիմնախնդիրների շուրջ հանրային ընկալումները, ուսումնասիրում է միջազգային հանրության կարծիքը մարդասիրական միջամտության արդյունավետության եւ ընդհանուր պատասխանատվության վերաբերյալ, ինչպես նաեւ այն շարժառիթները, որոնք ընկած են հանուն ուրիշների միջամտելու որոշումների հիմքում։ Այս տարի «Ավրորա» մարդասիրության ցուցիչ հետազոտությունն անցկացվել է 2018թ. մարտ-ապրիլ ամիսներին՝ ընդգրկելով 12 երկիր՝ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Ճապոնիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Արգենտինան, Իրանը, Հայաստանը, Լիբանանը եւ Քենիան։ Առցանց հարցումներին մասնակցել է 11,000 մարդ։

2018թ. «Ավրորա» Մարդասիրության ցուցիչ հետազոտության գլխավոր արդյունքներն են՝

  • Ահաբեկչությունը շարունակում է մնալ հումանիտար ամենահրատապ սպառնալիքը եւ համարվում կարեւորագույն պատճառը, որն աշխարհով մեկ հարկադրում է մարդկանց լքել իրենց տները։
  • Մարդիկ ունեն «ճգնաժամի գերհագեցում»՝ զգում են, որ այժմ աշխարհում չափազանց շատ են հումանիտար ճգնաժամերը, որպեսզի դրանց հնարավոր լինի հետեւել։
  • Հումանիտար ճգնաժամերում երեխաների վտանգվածությունն է հիմնական դրդապատճառը, որն ստիպում է մարդկանց գործելու պատասխանատվություն զգալ։
  • Անգելա Մերկելը ամենուր ընկալվում է իբրեւ փախստականների ճգնաժամի հաղթահարման գործում առավելագույնս ունակ գործիչ։
  • Հասարակական կազմակերպությունները ճանաչվում են ամենավստահելին, երբ գործը հասնում է աջակցության ճիշտ չափի տրամադրմանը ճգնաժամերի հաղթահարմանն օժանդակելիս։

Բեռլինի «Մերկատոր» կենտրոնում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմակերպած միջոցառման բացման խոսքով ելույթ ունեցավ մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը եւ ասաց. «Մեծ բավականություն է, որ հնարավորություն ունեցանք քննարկելու մեր իրականացրած ամենամյա հետազոտության արդյունքները մարդասիրական համայնքի եւ վերլուծական կենտրոնների անդամների հետ։ «Ավրորա» մարդասիրության ցուցիչով մենք ցանկանում ենք մեր ներդրումը բերել միգրացիայի եւ փախստականության հարցերի շուրջ փաստերի վրա հիմնված հանրային բանավեճի ծավալմանը»։

Բացման խոսքին հաջորդեց հետազոտության 2018թ. հիմնական արդյունքների վերաբերյալ Edelman Intelligence կազմակերպության գլխավոր փոխնախագահ Մորիս Սելգի զեկույցը։ Գերմանական մի շարք հայտնի փորձագետներ, որոնց թվում էին Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության գերմանական ինստիտուտի (SWP) աշխատակից դոկտոր Շտեֆեն Անգենենդթը, Ինտեգրացիայի եւ միգրացիայի հարցերով գերմանական հիմնադրամների փորձագետների խորհրդի (SVR) անդամներ դոկտոր-պրոֆեսոր Պետրա Բենդելը եւ դոկտոր Կորնելիա Շուն, հաջորդիվ քննարկեցին ներկայացված արդյունքները՝ կապելով դրանք այժմյան իրավիճակի եւ Գերմանիայում ընթացող հանրային բանավեճի հետ։

Այս միջոցառումը Aurora Dialogues քննարկումների համաշխարհային ծրագրի բաղկացուցիչ մասն էր։ 2018թ. «Ավրորա» մարդասիրական ցուցիչն առաջին անգամ հանրությանն է ներկայացվել 2018թ. մայիսի 10-ին, Լոնդոնում։ Հետազոտության մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։