logo
ՓԱԿԵԼMenu
Լոնդոնում կներկայացվեն 2018թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքները

Լոնդոնում կներկայացվեն 2018թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքները

2018թ. մայսիսի 10-ին Լոնդոնում կներկայացվեն 2018թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի հետազոտական արդյունքները: Այս միջոցառման ընթացքում, որը Aurora Dialogues քննարկումների գլոբալ ծրագրի մասն է, կբացահայտի 2018թ. ցուցիչի հիմնական արդյունքները, ինչպես նաեւ ոլորտի առաջատար մասնագետները հնարավորություն կունենան մեկնաբանելու միջազգային այս հետազոտության առաջ քաշած հարցերը: Միջոցառումը հեռարձակվելու է ուղիղ եթերով՝ հնարավորություն ընձեռելով գլոբալ լսարանին՝ հետեւելու ամենահրատապ հումանիտար խնդիրների վերաբերյալ հանրային քննարկմանը:
2018թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի հետազոտությունն անցկացվել է 2018թ. մարտի 2-ից ապրիլի 2-ը 12 երկրում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Արգենտինա, Ճապոնիա, Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Քենիա եւ Լիբանան: Հանրային կարծիքի այս ամենամյա ուսումնասիրության ընթացքում հարցվել է շուրջ 11000 մարդ:
 
Լոնդոնում Edelman UK ընկերության կենտրոնակայանում միջոցառումը կմեկնարկի «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարության ինստիտուտի տնօրեն լորդ Արա Դարզիի ելույթով, որը կողջունի մասնակիցներին եւ նրանց կպատմի «Ավրորա» մարդասիրության ցուցիչի վերջին հետազոտության մասին: Դրանից հետո լսարանին կներկայացվի տեսանյութ, որին կհաջորդի հիմնական զեկույցը 2018թ. ցուցիչի հիմնական բացահայտումների վերաբերյալ, որը կներկայացնի Edelman Intelligence ընկերության ավագ փոխնախագահ Մորիս Սելգը:
 
Դրան կհաջորդի քննարկում, որին կմասնակցեն BBC Panorama-ի լրագրող եւ ռեժիսոր Ջեյն Քորբինը, Միգրացիոն քաղաքականության եվրոպական ինստիտուտի հիմնադիր տնօրեն Էլիզաբեթ Քոլեթը, Բրյուսելի բաց համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Դիրք Յակոբսը եւ Care International-ի գործադիր տնօրեն Լորի Լին: Քննարկման մասնակիցները կանդրադառնան ցուցիչի բացահայտումների սոցիալական եւ քաղաքական ազդեցության, ինչպես նաեւ հումանիտար ճգնաժամերի միջազգային ընկալումների վրա: Եզրափակիչ խոսքով հանդես կգա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
 
«Ավրորա» մարդասիրության ցուցիչը (Aurora Humanitarian Index) բացառիկ հետազոտություն է՝ նվիրված հումանիտար հրատապ հիմնախնդիրների շուրջ հանրային ընկալումների վերհանմանն ու վերլուծությանը։ Այն ուսումնասիրում է միջազգային հանրության կարծիքը հումանիտար միջամտության արդյունավետության եւ ընդհանուր պատասխանատվության վերաբերյալ, ինչպես նաեւ այն շարժառիթները, որոնք մղում են մարդկանց գործելու՝ հանուն ուրիշների։
 
2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի բացահայտումները ներկայացվել են Հայաստանում անցկացված 2017թ. Aurora Dialogues քննարկումների ընթացքում: Երկրորդ ամենամյա «Ավրորա» մարդասիրության ցուցիչի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ այս հղումով: 2016թ. «Ավրորա» մարդասիրական ցուցիչի արդյունքները ներկայացվել են 2016թ. ապրիլի 22-ին Հայաստանում՝ Երեւանում անցկացված Aurora Dialogues-ի ժամանակ: Առաջին ամենամյա «Ավրորա» մարդասիրության ցուցիչի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով: