logo
ՓԱԿԵԼMenu
Ի՞նչ է Ավրորա Մարդասիրության ցուցիչը

Ի՞նչ է Ավրորա Մարդասիրության ցուցիչը

«Ավրորա» մարդասիրության ցուցիչը (Aurora Humanitarian Index) բացառիկ հետազոտություն է՝ նվիրված հումանիտար հրատապ հիմնախնդիրների շուրջ հանրային ընկալումների վերհանմանն ու վերլուծությանը։ Այն ուսումնասիրում է միջազգային հանրության կարծիքը հումանիտար միջամտության արդյունավետության եւ ընդհանուր պատասխանատվության վերաբերյալ, ինչպես նաեւ այն շարժառիթները, որոնք մղում են մարդկանց գործելու՝ հանուն ուրիշների։
 

Ամենամյա հարցումն իրականացվում է բազմաթիվ երկրներում, իսկ արդյունքները ներկայացվում են յուրաքանչյուր ապրիլին՝ Aurora Dialogues քննարկումների ընթացքում, որը «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը նախորդող միջոցառումներից մեկն է։

«Ավրորա» մարդասիրության ցուցիչ ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները հրապարակվել են 2016թ. ապրիլի 23-ին։ Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները եւ այն, թե ովքեր են ի վիճակի լուծելու դրանք։ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից եւ Իրանից հետազոտությանը մասնակցած բոլոր 4,600 հարցվողները ներկայիս եւ առաջիկա հինգ տարիներին հումանիտար ամենահրատապ մարտահրավերների շարքի առաջին տեղում նշել են ահաբեկչությունը, իսկ ապա՝ հարկադիր միգրացիան։

«Ավրորա» մարդասիրության ցուցիչ հետազոտության համաձայն՝

  • Հասարակությունն իր ընկալումներում փախստականների համաշխարհային ճգնաժամն անհամաչափորեն կապում է Սիրիայում իրավիճակի հետ՝ միաժամանակ անտեղյակություն դրսեւորելով Մյանմարում, Սուդանում եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում առկա փախստականների ճգնաժամերի վերաբերյալ։
  • Հարցվողների մեծամասնությունը համարում է, որ փախստականների հարցով առավելագույն արդյունավետությամբ կարող են զբաղվել միջազգային հաստատությունները, սակայն հարցվողների մոտ կեսը զգում է, որ միջազգային հանրությունը լքել է փախստականներին։
  • Հարցին, թե միջազգային ո՞ր առաջնորդներն են ի վիճակի լուծել սիրիական ճգնաժամը՝ Բարաք Օբաման (46%) եւ Անգելա Մերկելը (46%) զբաղեցնում են առաջին տեղերը։ Ապա հաջորդում են Վլադիմիր Պուտինը (33%) եւ Դեյվիդ Քամերոնը (28%), իսկ շարքը մեծ խզումով ավարտում են Հիլարի Քլինթոնը (17%) եւ Դոնալդ Թրամփը (9%)։
  • Հասարակությունը կարեկցում է փախստականներին, սակայն հնարավորության դեպքում միայն կեսը կօգներ սիրիացի փախստականներին։ Ավելին՝ շատերը թերահավատ են սեփական քայլերով իրական փոփոխություն առաջացնելուն։

2016թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ: