logo
ՓԱԿԵԼMenu
Մայր Աֆղանստան

Մայր Աֆղանստան

«Մայր Աֆղանստան». սա սոսկ պատվավոր կոչում չէ, որով մարդիկ բնորոշում են Սաքինա Յակուբիին: Սա, ըստ էության, այն զգացումն է, որ նա ունի երեխաների եւ կանանց նկատմամբ, որոնց հետ աշխատում է: Նա առաջիններից մեկն էր, որ 1990-ականներին Պակիստանի փախստականների ճամբարներում եւ Աֆղանստանում դպրոցներ բացեց կանանց եւ աղջիկների համար: Այդ ժամանակներում էր, որ Խորհրդային Միության զորքերը մտան Աֆղանստան, «Թալիբանը» վերելք էր ապրում, իսկ կանանց եւ աղջիկների կրթությունն արգելված էր: Կարգազանցները սեփական կյանքով վճարելու վտանգի առաջ էին կանգնած։

Սաքինա Յակուբին ծնվել էր մինչեւ այդ կարգերը եւ մեծացել այնպիսի ընտանիքում ու միջավայրում, որտեղ աղջիկների կրթությունն արգելված չէր: Ավագ դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակելու նպատակով նա մեկնեց Միացյալ Նահանգներ: Ստանալով նախ կենսաբանության բակալավրի, ապա հանրային առողջության մագիստրոսի աստիճան՝ Սաքինան կարող էր մնալ եւ ապահով կյանք վարել ԱՄՆ-ում: Սակայն նա այլ որոշում կայացրեց. Սաքինայի սիրտն իր հեռավոր հայրենիքում էր՝ Աֆղանստանում: Նա երազանք ուներ, որը վերածեց առաքելության. բոլոր կանանց ու աղջիկներին միեւնույն հնարավորությունը տալ, ինչ ինքն էր ունեցել, այսինքն՝ կրթության մատչելիություն։

«Ինքս ինձ ասացի՝ պետք է ինչ-որ բան անել: Ի՞նչը կարող էր կրթությունից կարեւոր լինել: Անկախ նրանից, թե դու ինչ ես տալիս մարդկանց, նրանք իրենք պետք է հանդես գան իրենց անունից: Մարդիկ պետք է պաշտպանեն սեփական տեսակետը եւ քննադատաբար մտածեն, պետք է լինեն ստեղծագործ, պետք է լինեն նորարար: Մարդիկ կարիք ունեն խաղաղ միջավայրի: Ինչպե՞ս կարելի է ապահովել այդ ամենը: Միակ միջոցը կրթությունն է: Հենց կրթություն տվեցիր նրանց, հետո ամեն ինչ իրենք կանեն: Ահա թե ինչու որոշեցի վերադառնալ Աֆղանստան: Հեշտ չէր, դժվար որոշում էր»,- հիշում է դոկտոր Յակուբին:  


Երազանք, որ վերածվեց առաքելության

Սաքինա Յակուբին իր գործունեությունն սկսեց Պակիստանի փախստականների ճամբարներում: Ժամանակի ընթացքում նկատեց, թե կրթությունն ինչպես է փոխում մարդկանց միտքը, կյանքն ու վարքագիծը: Նա գիտեր, որ հաջողության հասնելու առաջին նախապայմանը վստահությունն էր: Իսկ մարդիկ վստահում էին նրան, որովհետեւ, յոթ երկար տարիներ ապրելով փախստականների ճամբարում, դարձել էր նրանցից մեկը:

Աֆղանստանի կրթության ինստիտուտի դպրոցը Պակիստանի փախստականների ճամբարում 1990-ականների ավարտին

«Կարիք չունեի նրանց համոզելու. նրանք տեսնում էին իմ կենսակերպը: Նրանք տեսնում էին, որ ես լավ մարդ եմ, կատարում եմ իմ պարտականությունները եւ միաժամանակ կրոնասեր եմ: Ավելի ճշգրիտ լինելու համար պետք է ասեմ, որ մոլեռանդ կրոնասեր չեմ. ես հոգեւոր մարդ եմ: Բայց միաժամանակ հավատում եմ կրթության որակին: Նրանք հասկացան, որ ես դեմ չեմ իրենց կրոնին կամ արժեքներին եւ իրենց ուղեղների լվացմամբ չեմ զբաղվում: Այդպես նրանք վստահեցին ինձ եւ իրենց երեխաներին դպրոց ուղարկեցին»: Սաքինա Յակուբին մինչեւ հիմա հիշում է փախստականների ճամբարում անցկացրած յուրաքանչյուր օրը: Նա նաեւ շատ պարզ հիշում է այն օրը, երբ Աֆղանստանից մարդիկ եկան իր մոտ եւ բառացիորեն աղաչեցին նրան վերադառնալ ու Աֆղանստանում եւս դպրոց բացել:

1990-ականներին «Թալիբանը» փակեց աղջիկների դպրոցները։ 1995 թ. Յակուբին հիմնեց Աֆղանստանի կրթության ինստիտուտը: Իր գործունեությունը նա սկսեց միակ ընդհատակյա տնային դպրոցով, հետագայում դպրոցների թիվն Աֆղանստանում հասցրեց 80-ի՝ կրթություն տալով ավելի քան 3.000 աղջիկների: Առաջինից ութերորդ դասարանի կրթություն ապահովող տնային դպրոցներն աշխատում էին ամբողջ օրը՝ առավոտյան յոթից մինչեւ երեկոյան յոթը: Դասերն սկսելու հստակ ժամ չկար: Աղջիկները գալիս էին հերթով՝ մեկը մյուսից հետո եւ տարբեր ժամերի, որպեսզի չգրավեին թալիբների ուշադրությունը:


Ուսումնական հաբ կանանց համար

2002 թ. թալիբների անկումից հետո Աֆղանստանում իրավիճակը փոխվեց: Կառավարությունը դպրոցներ բացեց աղջիկների համար, եւ թվում էր, թե Աֆղանստանի կրթության ինստիտուտի առաքելությունն ավարտված է: Բայց կանանց առջեւ դեռեւս շատ խնդիրներ կային, եւ Սաքինան գիտեր դրա մասին: Դպրոցների մեծ մասը քաղաքներում էին, իսկ գյուղական բնակավայրերը շարունակում էին լուսանցքում մնալ: Սաքինա Յակուբիի ղեկավարած ինստիտուտն ուսումնական կենտրոններ բացեց՝ աֆղանստանցի կանանց կրթելու, վերապատրաստելու եւ խրախուսելու համար, որ պաշտպանեն սեփական շահերը:

Սաքինա Յակուբին Աֆղանստանի Հերաթ քաղաքում անցկացված համաժողովի մասնակիցների հետ

«Աֆղանստանում կանայք շատ խելացի են: Ես դա տեսնում եմ, որովհետեւ աշխատում եմ նրանց հետ: Աֆղանստանում կանայք ուզում են արտահայտվել, ուզում են աշխատել եւ կրթված լինել: Նրանք ուզում են ավելի լավ կյանք ունենալ: Ես կյանքս նվիրել եմ այս կազմակերպությանն ու այս մարդկանց: Երիտասարդներն այնքա՜ն խանդավառ են: Նրանք լավատես են եւ երբեք չեն կանգնում ու սպասում, թե հետո ինչ է լինելու: Երբ շրջապատված ես այդպիսի մարդկանցով, դժվար է չանել այն, ինչ անում ես: Նրանք գեղեցիկ ու ջերմեռանդ են, նրանք արժանի են լավագույնին», - ասում է Սաքինա Յակուբին, որն ուզում է Աֆղանստանում կրթությունը հասանելի լինի յուրաքանչյուր աղջկա ու կնոջ:

Սաքինայի կազմակերպությունն ուսումնական յուրօրինակ հաբ է ստեղծել, որը գրավում է տարբեր տարիքի ու կրթական մակարդակի մարդկանց: Այնտեղ նրանք սովորում են կարդալ եւ գրել, սովորում են լինել ձեռներեց եւ ինքնուրույն գումար վաստակել: Ամեն տարի ավելի քան 350.000 կին ու երեխա է ավարտում Աֆղանստանի կրթության ինստիտուտի դպրոցներն ու վերապատրաստման կենտրոնները: Ինստիտուտը մասնագիտացված առողջապահական կլինիկաներ է բացում կանանց համար՝ նրանցից շատերին հնարավորություն ընձեռելով կյանքում առաջին անգամ այցելելու բժշկի: 1996-ից ի վեր այն իր կրթական, վերապատրաստման եւ առողջապահական ծրագրերով ուղղակի կամ անուղղակի ներգործություն է ունեցել 16 միլիոն աֆղանստանցու վրա: 

 

Սաքինա Յակուբին ԱԿԻ որբանոցի սանի հետ: Աֆղանստանի կրթության ինստիտուտը ծրագիր է իրականացնում նաեւ փողոցում հայտնված երեխաների համար

Երկարամյա ջանքերի ընթացքում գրանցած հաջողությունների պատմություններից միայն մեկն առանձնացնելը հեշտ գործ չէ Սաքինա Յակուբիի համար: Իրենց պայքարի յուրաքանչյուրը օրը նրանց մեկ քայլով մոտեցրել է մեծ փոփոխությունների: Վերապրել թալիբների ռեժիմը եւ շարունակել մնալ ասպարեզում՝ արդեն իսկ հաջողություն է:

«Մենք առաջնորդության ծրագիր ենք նախաձեռնել: Երիտասարդ կանայք ցանկանում են լինել առաջնորդ, նրանք ցանկանում են փոխել իրենց երկիրը: Մենք նրանց ենք օգնության ձեռք մեկնում, նրանք՝ ուրիշներին: Սա իսկապես հաջողության պատմություն է: Մի քանի տարի առաջ մի դեպք եղավ: Մի կին դիմեց մեր օգնությանը: Նրա ամուսինը 14.000 աֆղանիի դիմաց (մոտ 180 ԱՄՆ դոլար) ուզում էր ամուսնացնել իրենց փոքր դստերը: Մեր փաստաբաններն օգնեցին կնոջը եւ փրկեցին աղջկան իր կամքին հակառակ ամուսնությունից: Նա սկսեց հաճախել մեր ուսումնական կենտրոններից մեկը, որտեղ կարուձեւ սովորեց: Մենք նրան սեղան ու կարի մեքենա տվեցինք: Հիմա նա կարուձեւով իր սեփական փողն է վաստակում՝ ամսական 15.000 աֆղանի: Դա ավելին է, քան այն գումարը, որի դիմացը հայրն ուզում էր վաճառել աղջկան: Սա լավ օրինակ է մարդկանց ցույց տալու, որ կրթություն ստանալով եւ քո ձայնը բարձրացնելով կարող ես հաջողության հասնել: Հիմա նա տասնվեց տարեկան է»,- դոկտոր Յակուբին պատմում է հազարավոր պատմություններից մեկը։

ԱԿԻ նախադպրոցական ծրագիրը (PEP)՝ որպես մանուկների վաղ շրջանի որակյալ կրթության մոդել Աֆղանստանում

Օգնության կանչ

Աֆղանստանի տնտեսական ու քաղաքական ծանր վիճակը եւ շարունակվող պատերազմը միշտ մտահոգել են դոկտոր Յակուբիի նման մարդկանց: Նա հասկանում է, որ միայն խաղաղությունը կարող է բարգավաճում բերել իր երկրին: Այդ պատճառով է, որ երբեք չի դադարում աշխարհին պատմել աֆղանստանցի ժողովրդի, կանանց ու երեխաների մասին: Եվ հիմա նա դարձել է միջազգային համաժողովների ու տարբեր միջոցառումների ամենասպասված բանախոսներից մեկը: Նա ցավում է, որ ավելի երիտասարդ չէ եւ ավելի շատ ժամանակ չունի իր առաքելության համար:  

Սաքինայի աչքերն արցունքով են լցվում, երբ պատկերացնում է Աֆղանստանի ապագան առանց խաղաղության. «Մենք պետք է դադարեցնենք այս պատերազմը: Աշխարհը պետք է մեր թիկունքին լինի, հատկապես՝ Աֆղանստանի կանանց: Նրանք հույսեր են կապում միջազգային հանրության հետ, որովհետեւ նրանց խոստացել են աջակցել: Բայց հիմա բոլորը մոռանում են Աֆղանստանի մասին: Երկիրը դուրս է մնում տեսադաշտից: Ես այնքան եմ վախենում, որ Աֆղանստանը նորից կարող է հայտնվել այնպիսի մարդկանց ձեռքերում, որոնք դեմ են կանանց իրավունքներին: Մենք շատ բան կկորցնենք»:

Սաքինա Յակուբիի ելույթը 2017 թ. ՄԱԿ-ի գագաթնաժողովին

Սաքինա Յակուբին մեկն է այն հարյուր կանանցից, որոնք 2005 թ. միասնաբար ներկայացվեցին Խաղաղության նոբելյան մրցանակի: Վերջին երեք տասնամյակում աֆղանստանցի  կանանց համար մղած պայքարը նրան բազմաթիվ մրցանակներ եւ միջազգային ճանաչում է բերել, ինչը նրան երբեք չհանձնվելու հույս ու ուժ է տալիս․  

«Ես հույս ունեմ, որ կգա մի օր, երբ յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր աղջիկ կկարողանա դպրոց հաճախել, եւ յուրաքանչյուրը կունենա հավասար հնարավորություններ: Դա է Աֆղանստանը, որի մասին երազել եմ եւ ուզում եմ տեսնել: Ես լիահույս եմ, որ կհասնենք դրան: Հեշտ չէ. դա պետք է արվի քայլ առ քայլ, դանդաղ քայլերով»: