logo
ՓԱԿԵԼMenu
Մարկ Մուգալյան

Մարկ Մուգալյան

Ամերիկահայ պրոֆեսոր Մարկ Մուգալյանն ապրում է Փարիզում ու անգլերեն դասավանդում Սորբոնի համալսարանում։ Չնայած նրա առօրյան հոսում է Սեն գետի նման՝ անշտապ, 2015թ. օգոստոսի 21-ին Մարկի լուսանկարը հայտնվեց աշխարհով մեկ՝ թերթերի առաջին էջերին։ Այդ ճակատագրական օրը Մարկը դարձավ այն հերոսներից մեկը, ով վտանգեց իր կյանքը՝ Ամստերդամից Փարիզ ընթացող գնացքում «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված ահաբեկչին զինաթափելու համար:

Սա պատմություն է մի իրական հերոսի մասին, ում խիզախությունը համեմատելի է միայն նրա համեստության հետ։ Մարկը՝ խարիզմատիկ, միջին տարիքի մի տղամարդ, ապրում է կնոջ՝ Իզաբելի եւ շան՝ Բեննիի հետ Փարիզի արեւմտյան հատվածում՝ Սենի վրա խարսխված լողացող տնակում։ Նավակի ռիթմիկ շարժը տեղափոխում է դրա բնակիչներին քաղաքից եւ ժամանակից դուրս մի հեռավոր վայր՝ Մարկի եւ Իզաբելի ստեղծած հանգրվան, որը դարձել է նրանց ոգեշնչման աղբյուրը։

Մարկ Մուգալյանը ծնվել է ապրիլի 24-ին  (նշանակալից օր բոլոր հայերի համար) 1964 թվականին Հյուսիսային Կալիֆորնիայի Դուրհամ քաղաքում։ Նա մեծացել է Միացյալ Նահանգների արեւելյան ափին՝ Վիրջինիա նահանգում, իր հինգ քույրերի եւ եղբայրների հետ։

1908 թվականին Մարկի պապիկ Հարրին, որը նոր էր տասնչորս տարեկան դարձել, ստիպողաբար լքել է Օսմանյան կայսրության մաս կազմող իր հարազատ Խարբերդը եւ տեղափոխվել նոր աշխարհ։ «Նա կանգնել է ուղեւորներից մեկի կողքին եւ ձեւացրել՝ իբր նրա որդին է»,- պատմում է Մարկը։ Նավը ժամանել է Ռոթ Այլենդ, որտեղ Հարրին բնակություն է հաստատել, իսկ ավելի ուշ ընտանիք կազմել Նեապոլից մի իտալացի ներգաղթյալի հետ։ Դրանից մեկ տարի անց Հարրին վերամիավորվում է իր քրոջ հետ, որն ամուսնացել էր հայի հետ։ Այնուհետեւ ողջ ընտանիքը տեղափոխվում է Վիրջինիա նահանգի Հոփվել քաղաք, որտեղ մեծ հայ համայնք կար։ 

«Հայերը քրտնաջան աշխատում էին, նրանք ցանկացած գնով ձգտում էին ավելի լավ կյանքի»,- ասում է Մարկը։

Մարկ Մուգալյանի մանկությունը խաղաղ է անցել։ Նա մեծացել է ամերիկյան միջին դասի խաղաղ արվարձանում։ Դպրոցն ավարտելուց հետո Մարկն ընդունվել է Ռիչմոնդի համալսարան, որտեղ նա առաջին անգամ հանդիպել է սոցիալական անհավասարության, ինչը շատ հաճախ է լինում ամերիկյան մեծ քաղաքներում։ Բայց կյանքի իրական դասերը նրան սպասում էին համալսարանից դուրս։

                                             Մարկը կնոջ՝ Իզաբելի հետ փորձի ժամանակ
 

Մարկը շատ երիտասարդ էր, երբ սկսեց զբաղվել երաժշտությամբ։ Նա երգեր էր գրում եւ կիթառ ու շեփոր նվագում մի քանի խմբերում։ «Ես խմբի առաջատարի պես մի բան էի»,- հիշում է Մարկը։ Նա հիմնականում հպարտանում է իր ստեղծած երկու խմբերով՝ Look Like Bamboo եւ Java Man: Նա մինչեւ ականջները սիրահարված է եղել BeatlesRolling Stones խմբերին, Բոբ Դիլանին եւ Բրայան Էնոյին, բայց երբեւէ չի կատարել նրանց երգերը բեմի վրա։ Եթե Մարկը մնար Նյու Յորքում կամ տեղափոխվեր Կալիֆորնիա, գուցե կունենար գերազանց երաժշտական կարիերա։ Բայց ճակատագիրն այլ բան էր կանխորոշել։

Մարկը փոքր տարիքից երազում էր տեսնել Եվրոպան, հատկապես՝ Ֆրանսիան։ Նա հաճախ նայում էր Հին աշխարհի դաշտերի եւ գետերի լուսանկարները։ Քսանվեց տարեկանում նա թողեց Լոնդոնը, որտեղ նվագում էր փաբերում եւ փողոցներում ու տեղափոխվեց Փարիզ՝ առանց փողի, իր հետ միայն միայն մի կիթառ ուներ եւ հուսառատ սիրտ։

Փարիզում Մարկն ապրում էր էժանագին հյուրանոցներում եւ ուսանողական հանրակացարաններում։ Նա քնում էր փողոցում եւ գումար վաստակում՝ որպես փողոցային երաժիշտ։ Սկզբում նա ֆրանսերեն անգամ երկու բառ չէր կարողանում ասել եւ ուտում էր այն, ինչ գտնում էր՝ իրեն հանձնելով բարի մարդկանց խղճին, որոնք հավատում էին երիտասարդ երաժշտի ճակատագրին։

Մի աշնանային երեկո քնելու տեղ փնտրելով՝ Մարկը հայտնվում է Բուլոնյան անտառի մոտ՝ Սեն գետի ափին։ Այնտեղ նա գտնում է մի լքված զբոսանավ։ «Այն զարմանալի հնչեղություն (ակուստիկա) ուներ։ Ես կարծես կետի փորում լինեի»,- հիշում է նա։ Լողացող նավակի տերերը թույլ են տալիս Մարկին մնալ այնքան, մինչեւ նա կօգներ վերանորոգել այն։ «Ամերիկայում երաժիշտները չեն խուսափում շինարարական աշխատանքներ կատարելուց»,- բացատրում է Մարկը։ Ավելին, նա արդեն ուներ համապատասխան փորձ։

                                                 Մարկն ու կինը՝ Իզաբելը
 

Իր ֆրանսիացի ընկերներից մեկը հրավիրում է Մարկին նվագելու Պիգալ հրապարակի մոտ գտնվող բարերից մեկում։ Աստիճանաբար նա սկսում է գտնել իր ճանապարհը Փարիզում՝ չնայած նրա կենսապայմանները շարունակում էին համեստ մնալ։ «Մոտավորապես մեկ տարի ես հոսող ջուր չունեի, ուստի ստիպված էի լվացվել դրսում՝ սուրճի մեքենայի օգնությամբ»,- ասում է նա։ Հինգ տարի անց Մարկը վերադառնում է Միացյալ Նահանգներ եւ փորձում աշխատանք գտնել` որպես ֆրանսերենի ուսուցիչ, սակայն հաջողության չի հասնում եւ ընդմիշտ վերադառնում է Ֆրանսիա։

Մարկը ժամանակավորապես դադարեցնում է իր երաժշտական կարիերան՝ անգլերենի դասավանդման վրա կենտրոնանալու համար։ Միայն 2003 թվականին իրենց հարսանիքից հետո է նա իր կնոջ հետ հիմնում Secret Season  նոր խումբը, որն արդեն թողարկել է չորս ալբոմ։
 

Այն օրը, երբ ամեն ինչ փոխվեց

2015թ. օգոստոսի 21-ին Մարկը կնոջ՝ Իզաբելի հետ, Thalys գնացքով  վերադառնում էր Ամստերդամից Փարիզ, ուր մեկնել էին հանգստի: Մարկն իր սմարթֆոնով Super Bowl-ի (ամերիկյան մրցաշար) մասին հոդված էր կարդում։  Աչքի ծայրով նա նկատում է մի մարդու, որը անիվներով մեծ ճամպրուկով ներս է մտնում զուգարան։ «Սկզբում ես չմտածեցի, որ նա շատ վտանգավոր է»,- պատմում է Մարկը։ Համոզվելու համար, որ ամեն ինչ լավ է, նա գնում է դեպի զուգարան։ Ահա այդ ժամանակ է նա տեսնում «Կալաշնիկովը» ձեռքին դուրս եկող երիտասարդին։ Նա առջեւից ամրացրած ուսապարկ ուներ։ «Նա շատ փամփուշտներ ուներ։ Առաջին բանը, որ մտածեցի այն էր, որ դա հնարավոր չէ, սա ինչ-որ կատակ է։ Ինչ- որ մեկը որոշել է, որ Halloween-ը  այս տարի շուտ է գալու»,- հիշում է Մարկը։

Ուղեւորներից մեկը փորձեց բռնել եւ զինաթափել ահաբեկչին։ Մարկը շտապեց օգնելու։ Այդ ամենը շատ արագ տեղի ունեցավ։ «Ես շրջվեցի եւ տեսա Իզաբելին ու հասկացա, որ եթե ոչինչ չանեի, ապա նա կլիներ առաջին զոհը։ Ես մոտեցա նրան եւ հանգիստ ասացի. «Մի կողմ անցիր, սա շատ լուրջ է»։  Մինչեւ ուղեւորը պայքարում էր ահաբեկչի հետ, Մարկը վերցնում է հրացան ու կարողանում մի քանի քայլ անել գոռալով․ «Զենքն ինձ մոտ է»։

Հետո նրա տեսողությունը մթագնել է։ Ահաբեկիչը ատրճանակից կրակել է Մարկի ձախ ուսին եւ նա ընկել է։ «Սկզբում ես աղմուկ լսեցի, իսկ հետո ինձ այնպես զգացի, կարծես թե լողում էի օդում։ Տպավորություն էր, որ պինգ պոնգի գնդակ է պայթել ներսումս»,- հիշում է նա։ Փամփուշտը վնասել էր երկու ողերը, վնասել արյունատար անոթը եւ դուրս եկել վզի միջով։

                                                     Մարկ Մուգալյանը
 

«Մտածեցի՝ վերջս եկել է։ Երբ ահաբեկիչը մոտեցավ ինձ, որ ետ վերցնի հրացանը, համոզված  էի, որ կսպանի ինձ։ Ես փակեցի աչքերս եւ մահացած ձեւացա․դա այն է, ինչ անում ես, երբ Վիրջինիայի անտառներում արջի ես հանդիպում։ Շուրջս մթնում էր, բայց  տեսա՝ ինչպես երեք ամերիկացիներ վնասազերծեցին նրան»։

Մարկն ուշագնաց է լինում։ «Մորս տեսա, որը մահացել էր այդ դեպքից երկու ամիս առաջ։ Կարծես 1960-ական թվականների ֆիլմ լիներ․սեւ ու սպիտակ նկարներ, մայրս այն ժամանակ նորաձեւ շրջանակներով ակնոցներ դրած ամաններն է լվանում։ Ես ճանաչեցի իմ մանկության տունը։ Իսկ հետո ձայն լսեցի․«Բացիր աչքերդ։ Եթե հիմա չբացես, ապա այլեւս չես կարող դա անել»։ Ես բացեցի, բայց ամեն ինչ սեւ էր՝ խառնաշփոթ, ցավ եւ աղմուկ։ Միայն այդ ժամանակ էր, որ հասկացա, թե ինչ էր կատարվել։ Մի քանի րոպե անց Իզաբելը, որ թաքնված էր նստարանի տակ, ասաց ամերիկացիներից մեկին՝ Սփենսերին, որ ես արնահոսում եմ։ Գնացքը կանգնեց եւ սկսեց դանդաղ ետ շարժվել»։

Սփենսեր Սթոունը՝ ամերիկացի զինվորը, որը վերջին հաշվով զինաթափել էր ահաբեկչին, տիրապետում էր առաջին օգնության որոշ մեթոդների։ Նա մատով ամուր սեղմեց Մարկի վերքին՝ արյունը կանգնեցնելու համար, եւ պահեց այդպես մինչեւ գնացքը հասավ Արրաս կայարան։  «Սփենսերը կարծում էր, որ ես կմահանամ, ավելի ուշ նա ասել էր այդ մասին ամերիկյան թերթերից մեկին տված հարցազրույցում։ Բայց այդ պահին նա ինձ այդ մասին չասեց։ Ես հասկացա, որ ողջ կմնամ միայն, երբ տեսա ինձ մոտեցող բժշկին»,- հիշում է Մարկը։

Հիվանդանոցում գտնվելիս Մարկը ստանում էր հարյուրավոր նամակներ իր ընկերներից եւ բարեկամներից, նաեւ լրիվ անծանոթ մարդկանցից։ Ի՞նչը հուզեց նրան ամենից շատ. իհարկե, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի զանգը։ «Երբ խոսում էինք, ես այնքան էի վախենում ֆրասերենով սխալներ անելուց։ Դա մի զարմանալի պահ էր,- հիշում է Մարկը,- մի շաբաթօրյա առավոտ նախագահն իմ եւ Իզաբելի համար հրաշալի ընդունելություն կազմակերպեց Ելիսեյան պալատում։ Մենք հիանալի ժամանակ անցկացրեցինք»։