logo
ՓԱԿԵԼMenu
Ֆրանսիահայ ասեղնաբույժի ամոքելու առաքելությունը

Ֆրանսիահայ ասեղնաբույժի ամոքելու առաքելությունը

Որպես իր իսկ կողմից 2002թ. հիմնադրած ֆրանսիական «Շեննոնգ եւ Ավիցեննա» ընկերակցության տնօրեն՝ բժիշկ Էլիզ Պողոսյանն անդադար աշխատում է պատերազմական գոտիներում խաղաղ քաղաքացիների տառապանքները մեղմելու համար: Միաժամանակ մի քանի ճակատում պայքարող 37-ամյա ասեղնաբույժը վերջերս ջանք չէր խնայում հյուսիսային Իրաքում Իսլամական պետության զոհերին օգնելու համար:
 

Ցեղասպանությունն իր անցյալում

Էլիզի պապիկ Պողոսն Արեւելյան Անատոլիայի Սեբաստիա (Սվաս) քաղաքի բնակիչ էր: Հայոց ցեղասպանության ժամանակ նա արտաքսվեց Ադանա. ճանապարհին իր ձեռքերում մահացավ եղբայրներից մեկը, մյուսին առեւանգեցին: Թուրքիայում ծնված Էլիզի հայրը 1962թ. արտագաղթեց Լիբանան, այնուհետեւ՝ Ֆրանսիա, որտեղ էլ ծնվեց Էլիզը:  «Ես մեծացել եմ ցեղասպանության մասին մռայլ պատմություններ լսելով, տեսնելով իմ ընտանիքին հաճախ այցելող մղձավանջերը, լսելով 1915թ. նրանց ապրած անարդարության եւ փրկվածների ողբերգության մասին, ինչպես իմ որբ տատիկի պատմությունը, ում ստիպողաբար բաժանել էին իր սիրելիներից՝ փոքր ժամանակ ես երազում էի կենդանացնել բոլոր զոհվածներին»,- պատմում է Էլիզը:

Կրթություն ստանալուց հետո Էլիզը մտադրված հեռացրեց իրեն այն աշխարհից, որտեղ մեծացել էր: Ճանապարհը տարավ նրան Ասիա, ուր սկսեց նյարդաբանություն ուսումնասիրել: Վիետնամում կատարելագործեց իր հմտությունները ասեղնաբուժության եւ ցավազրկման ոլորտում եւ աշխատեց Հանոյում՝ թմրամոլների հետ: Այնուհետեւ Չինաստանի Նանկինի համալսարանում բժկական գիտությունների դոկտորի կոչում ստացավ գինեկոլոգիա մասնագիտացմամբ եւ հետազոտեց չինական բժշկության դերն անպտղության բուժման մեջ: 

Ասեղներով եւ խիզախությամբ զինված

Գործնական աշխատանքի անցնելով՝ 2002թ. Էլիզը մի շարք նախկին ուսանողների հետ հիմնադրեց «Շեննոնգ եւ Ավիցեննա» ընկերակցությունը. անվանումը նախապատմական Չինաստանի առասպելական կայսր Շեննոնգի եւ միջնադարի հանրահայտ պարսիկ ֆիզիկոս ու գիտնական Ավիցեննայի (Աբու Ալի Իբն-Սինա) պատվին է:

Այդ ժամանակից Էլիզն իր առաքելությունն է դարձրել հակամարտության գոտիներում աշխատանքը՝ զինված խիզախությամբ եւ ասեղների տուփով, որի օգնությամբ ամոքում է տուժած քաղաքացիները ցավը:

2002թ. նա սկսեց օգնել հայ-ադրբեջանական հակամարտության զոհերին Լեռնային Ղարաբաղում, ուր մինչ այժմ պարբերաբար այցի է գնում: Այնուհետեւ Էլիզն աշխատեց Հորդանանում գտնվող սիրիացիների Զաաթարի գաղթակայանում՝ մինչեւ 2014թ. Իրաքյան Քուրդիստան տեղափոխվելը: Միլիոնավոր կարիքավորներ այստեղ էին գաղթել ջիհադականների գրոհներից հետո՝ իրենց ընտանիքների հետ ապաստան գտնելով աղբանոցներում, լքված նկուղներում եւ զբոսայգիներում: 

 

                                Էլիզը հայկական եկեղեցու առջեւ՝ Իրաքյան Քուրդիստանում

Էլիզը բեռնատար մեքենա գնեց եւ դարձրեց այն շարժական կլինիկա՝ անմարդկային պայմաններում ապրող փախստականների տառապանքները գոնե մի փոքր ամոքելու համար։ Նախագծի ստացած բազմաթիվ նվիրաբերությունները թույլ տվեցին Էլիզին հավաքել եւ վերապատրաստել 14 բժիշկների: Այս բազմազան խմբում կային արաբներ, քրդեր, հայեր, եզդիներ, որոնցից շատերն իրենք նախկին փախստականներ էին։ Էլիզի շնորհիվ նրանք կարողացան վերագտնել իրենց արժանապատվությունը եւ ապագայի հանդեպ հույսով լցվել։

Շուտով Էլիզը կառուցեց երկրորդ շարժական կլինիկան, այս անգամ հատուկ կանանց եւ երեխաների խոցելի խմբերի համար. անհրաժեշտ էր ինչ-որ կերպ լուծել փախստականների աճող ներհոսքի խնդիրը, իսկ ճամբարներում այլեւս տեղ չկար։ 2015թ․ հունիսի 12-ին նա տեղափոխեց «կանանց ավտոբուսը» Ֆրանսիայից Իրաք՝ նախադեպ եւ օրինակ ծառայելով ուրիշներին։ 

 

                                        Շարժական կլինիկան Իրաքյան Քուրդիստանում

Երեք երեխաների երիտասարդ մայրը ցավեր դարմանելու հրաշքներ է գործել մի տարածաշրջանում, որտեղ ցավազրկողներ փաստացի չկային։ Ամիսը մեկ անգամ նա թողնում էր իր ընտանիքն ու փարիզյան գրասենյակը՝ այրվածքների, փոխպատվաստումների եւ անդամահատության զոհերին խնամելու համար։ Շաբաթներ շարունակ նա օգնում է թեթեւացնել անտանելի ցավը եւ փրկում նրանց կյանքերը։ Հատկապես կանանց խոցելի խմբի համար Էլիզին հաջողվեց ստեղծել վստահության եւ խաղաղության միջավայր, որտեղ կանայք ստանում են համապատասխան գինեկոլոգիական, նորածնային, նախածննդաբերական եւ հետծննդաբերական շրջանի խնամք։

 

Բարության բումերանգ

Ի՞նչն է ստիպում այս երիտասարդ կնոջը թողնել իր ընտանիքն ու գործը եւ ամեն ամիս վերադառնալ Իրաք։ Էլիզի միասնական եւ լայնախոհ հայ ընտանիքը սատարում է նրան անձնական կյանքն աշխատանքի հետ համադրելու դժվարին հարցում, չնայած որդիներին իր գործը բացատրելը մինչեւ հիմա դժվար է։ «Ես չեմ ուզում, որ նրանք մի օր ասեն, թե մայրիկը լքում է իրենց՝ ուրիշ երեխաների մասին հոգ տանելու համար»,-ասում է նա։ Իր առաքելությունն սկսելու պահից Էլիզն օրագիր է պահում։ Տպավորությունների մասին գրելու կարիքն աստիճանաբար վերածվեց առանձին նախագծի։ 2015թ․ նոյեմբերին լույս տեսած նրա «Հույսի արքայությունում ձմեռ չկա» գիրքը մեծ հաջողություն ունեցավ։  «Այս գիրքը գրել եմ երեխաներիս համար, որպեսզի նրանք հասկանան, թե ինչով եմ զբաղվում»,- բացատրում է Էլիզը։ 

Թեեւ Էլիզը խուսափում էր այդ ցավոտ հարցից, իր ընտանիքի վերապրած Հայոց ցեղասպանությունը եւ դրա հարյուրամյակը հիմա էլ ավելի են խթանում իր նպատակասլացությունն ու նվիրումը։ Էլիզը կարծում է, որ Միջին Արեւելք վերադարձած խռովությունն ասես 1915թ․-ից վերադարձած բումերանգ լինի։ Որպես Հայոց ցեղասպանությունից փրկվածների թոռ՝ նա կենտրոնացնում է իր ջանքերը եզդի եւ քրիստոնյա աղջիկներին ու կանանց օգնելու վրա, որոնց զգալի մասը տանջանքների եւ սեռական ոտնձգությունների զոհեր են։  «Երեխաներին փոքրիկ զինվորներ դարձնելու նպատակով առեւանգելուց եւ նրանց մայրերին ծանրագույն խոշտանգումների ենթարկելուց հետո՝ չարագործները չեն սպանում նրանց։ Փոխարենը նրանց դաժանաբար ողջ պահելով՝ փորձում են ոչնչացնել ներսից, բնաջնջել նրանց եւ հետագա սերունդների ազգային ինքնությունը,- ասում է Էլիզը,-նրանք կգերադասեին 1000 անգամ մեռնել՝ նման փորձություններ հանդուրժելու փոխարեն»։ Առեւանգողների ճանկերից փրկագնով ազատված կանանցից շատերը, որոնց տղամարդ հարազատները չեն սպանում «պատվի համար», ի վերջո, ինքնասպանություն են գործում։ Եվ, միեւնույն է, Էլիզը չի կորցնում հույսը՝ սատարելով նրանց իր հնարավորությունների չափով եւ համագործակցելով ծանր հոգեբանական ցնցումների ոլորտում մասնագիտացած հոգեբանների հետ։ 

 

 

                                                Եզդի աղջնակը Էլիզի գրկում

Դժվար է ասել, թե քանի մարդու կյանք է Էլիզը փրկել, բայց նրանց թիվը փոքր չէ։ Վերջին 9 ամիսներին երիտասարդ բժիշկն իր շարժական կլինիկան հասցրել է Իրաքյան Քուրդիստանի 30 տեղամաս՝ օրական միջինում 400 հոգու օգնություն ցուցաբերելով։ Անցյալ տարի Էլիզն ու իր թիմը մոտ 40.000 դեպք են զննել։ Ջիհադականների վայրագություների զոհերին օգնելու իր առաքելությանը զուգահեռ, Էլիզն աչալուրջ է նաեւ «իր սեփական» տարածքում մղվող պայքարին։ «Շեննոնգ եւ Ավիցեննայի» մեկ այլ ավտոբուս հենց հիմա շրջում է հյուսիսային Ֆրանսիայի Կալեի եւ Դյունկերկի ճամբարներում, որտեղ ապաստանում են ավելի քան 4000 փախստականներ եւ գաղթականներ:

Էլիզը չի տարվում հաջողություններով, սակայն չի էլ ընկճվում:  «Ես կարիքավորներին օժանդակելու պարտականություն ունեմ,-ասում է նա,- պետք է օգնեմ մարդկանց այնպես, ինչպես իրենք են ժամանակին մեզ օգնել»: Էլիզը կարող է խոցելի եւ զգայուն թվալ, բայց նա ինքնուրույն է, գեղեցիկ եւ վճռական: