logo
ՓԱԿԵԼMenu
«Նրանց անհրաժեշտ է արժանապատիվ կյանք ունենալու հույս»

«Նրանց անհրաժեշտ է արժանապատիվ կյանք ունենալու հույս»

«Շատ մարդիկ անօթեւան են ու գնալու տեղ չունեն։ Նրանք սննդի եւ կացարանի ծայրահեղ կարիք ունեն, նրանց կյանքն անվտանգ չէ։ Բայց ամենից շատ նրանց անհրաժեշտ է ապագայում արժանապատիվ կյանք ունենալու հույս։ Մենք անում ենք ամենը՝ օգնելու նրանց, եւ փորձում ենք ցույց տալ հույսի այդ շողը»,- ասում է Սոցիալական զարգացման սիրիական միության (ՍԶՍՄ) հիմնադիր տնօրեն Ռոյ Մուսալին։ ՍԶՍՄ-ն մարդասիրական կազմակերպություն է, որը Սիրիայի պատերազմի զոհերին այնքան անհրաժեշտ օգնություն է տրամադրում։ 
 

Թեեւ կազմակերպությունը պաշտոնապես գրանցվել է միայն 2009-ին, ՍԶՍՄ առաջնորդները խոցելի ու անապահով դեռահասներին եւ երիտասարդներին օգնություն են տրամադրել 2000 թվականից։ Շնորհիվ 1800 հիմնական աշխատող եւ կամավորներ ներառող թիմի՝ ՍԶՍՄ-ն այժմ օգնություն է տրամադրում սիրիական մի քանի քաղաքներում բնակվող 200 հազար մարդու։ «Այս մարդիկ պատերազմից փախչելու միջոց չունեն, նրանցից շատերը չեն էլ ուզում։ Նրանք սպասում են, թե երբ է պատերազմն ավարտվելու, որովհետեւ ուզում են վերադառնալ իրենց քաղաքներն ու գյուղերը՝ իրենց կյանքը նորից սկսելու»,- բացատրում է Ռոյը։

Երբ Ռոյը խոսում է Սիրիայում իր մարդասիրական առաքելության մասին, անհնար է չտեսնել նրա սերն ու կարեկցանքը կարիքի մեջ գտնվող մարդկանց նկատմամբ։ Նա հավատում է մարդու մեջ եղած դրական կողմերին․ «Հնարավորություն տուր նրանց, եւ կբացվեն քո առաջ»,- համոզված է նա։

Այսօր Ռոյ Մուսալին 60 տարեկան է եւ մարդու էության մասին շատ բան գիտի․ օգնության կարիք ունեցող մարդկանց նա կարողացել է նկատել 20 տարեկանից։ Ի տարբերություն շատերի, Ռոյը երբեք ունակ չի եղել «ինչ-որ բաների վրա աչք փակելու»։ Այս հատկությունը մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա իր կյանքի ուղին ընտրելիս։ 

 

 Տեղահանված անձանց կիսակառույց շենքի հարեւանությամբ հոգեբանական oգնություն է ցուցաբերվում երեխաներին, 2015թ.
 

Էյսան փոխեց ամենը
 

Դամասկոսում ծնված Ռոյ Մուսալին դեռ երեխա էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Լիբանան։ 1979-ին՝ Բեյրութի ամերիկյան համալսարանում մեխանիկական ճարտարագիտություն մասնագիտացումն ստանալուց հետո, նա վերադարձավ Սիրիա՝ զինվորական ծառայության անցնելու։ Զորացրվելուց հետո ղեկավար պաշտոն ստանձնեց Allied Diesel ընկերությունում, որը Միջին Արեւելքում General Motors-ի  մատակարարն էր։ Մինչ այդ պահը Ռոյի կյանքը Դամասկոսում հարաբերականորեն հանդարտ էր, բայց երիտասարդին հանգիստ չէին տալիս ապրելու իմաստի եւ վերջնանպատակի վերաբերյալ հարցերը։

Մտավոր խնդիրներով մարդկանցով զբաղվող «Հավատ եւ լույս» կազմակերպությունում կամավորություն անող ընկերները մի օր Ռոյին խնդրեցին խնամել մի տղայի։

«Էյսան փոխեց իմ կյանքը,- ասում է Ռոյը,- նա լույս էր ճառագում ու եռանդով լի էր։ Նա էր, որ սովորեցրեց ինձ, թե ինչի համար արժե ապրել»։

Ռոյի եւ փոքրիկի միջեւ ամուր եւ տեւական ընկերություն ձեւավորվեց։ «Որքան լավ ես ճանաչում այս մարդկանց, այնքան ավելի ես ուզում նրանց համար ապրել»,- ասում է Ռոյը։ Դա միշտ չէր դյուրին, քանի որ աշխատանքային պահանջները շատ քիչ ժամանակ էին թողնում որեւէ այլ բանի համար։ 1938-ին Ռոյը դարձավ Allied Diesel-ի գործընկերը եւ սկսեց ավելի շատ ժամանակ տրամադրել կարիքի մեջ գտնվող մարդկանց իր հնարավորությունների չափով օգնելուն։ 

 

              Պատերազմի պատճառով տեղահանված երեխաները հոգեթերապիայի ժամանակ, Դամասկոս, 2015թ. 
 

1998-ին Ռոյը խորհրդատվական պաշտոն ստանձնեց Questscope բրիտանական հասարակական կազմակերպությունում։ 2006-ին թողեց իր ինժեներական աշխատանքը եւ ամբողջությամբ նվիրվեց մարդասիրական գործունեությանը։ 2009-ին ՍԶՍՄ-ն սկսեց աշխատել Խալիդ իբն ալ-Վալիդի անվան անչափահասների կենտրոնում, որտեղ հսկիչների հետ մենթորության ծրագիր էր իրականացնում։ «Այս երիտասարդները բարդ անցյալ ունեին․ կամ սպասում էին դատավարության, կամ էլ արդեն կրում էին դատավճիռը»,- պատմում է Ռոյը։

Նրանցից շատերը Ռոյի խնամակալության շնորհիվ վերագտան իրենց տեղը հասարակության մեջ։ «Հիշում եմ Աբդուռահմանին, որից ծնողները հրաժարվել էին ամուսնալուծվելուց հետո։  Նա մի քանի զանցանք էր գործել եւ բարդ վարքագիծ ուներ տանը՝ անչափահասին հատուկ օգնության ճիչ»,- հիշում է Ռոյը: Հորն ու որդուն վերամիավորելու համար Ռոյի ներդրած ջանքերն, ի վերջո, արդարացրին իրենց։ «Այն օրը, երբ նա կենտրոնում հանդիպեց հորը՝ այն ամենից հետո, ինչ կատարվել էր, կարծես աշխարհի ամենահաջողակ տղան լիներ»։ Աբդուռահմանը գիտակցեց, որ իրեն հնարավորություն է տրվել ուղղելու գործած սխալները, եւ կառչեց այդ հնարավորությունից։ Նա սկսեց օգնել հորը, խնամել այլ մորից ծնված իր եղբայրներին եւ վերադարձավ դպրոց։ «Կարեւոր է այս պատանիներին ցույց տալ իրենց արարքների հետեւանքներն այլ մարդկանց վրա՝ որ հասարակությունը բարյացակամ է, արժե դրա մասը լինել, որ դրսի աշխարհը բարեկամաբար է տրամադրված իրենց հանդեպ»,- նշում է Ռոյը։ 

 

 Մենթորության նախագծի ընթացքում, Խալիդ իբն ալ-Վալիդի անվան անչափահասների կենտրոն. Դամասկոս, 2011թ.
 

Պատերազմը նույնպես ամեն ինչ փոխեց

Երբ Սիրիայում պատերազմ սկսվեց, Ռոյի գործունեության դաշտն ընդլայնվեց՝ լուսանցքում հայտնված խմբերից տարածվելով ողջ բնակչության վրա․ երկրում փաստացի յուրաքանչյուր ոք պատերազմի զոհ է։  Ռոյն սկսեց օգնել այնքան մարդու, որքան կարող էր։ Նա իր աշխատակազմի եւ կամավորների հետ մարդասիրական օգնություն է տրամադրում Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում եւ մասնակիորեն ավերված այլ քաղաքներում, որոնց թվում են Հալեպը, Համան եւ Հոմսը։ «Երբ էլեկտրականություն ենք ունենում, ճաշ ենք պատրաստում։ Երբ ջուր ենք ունենում, լողանում ենք։ Եվ լցնում ենք հնարավոր բոլոր տարաները, որ կարողանանք գոյատեւել, մինչեւ հաջորդ անգամ ջուր կլինի։ Սիրիայում մարդիկ կյանքի իրավունքի համար պայքարում են ամեն օր,- ասում է Ռոյը,- երբեք չգիտես, թե որտեղ կընկնի հաջորդ ռումբը»։ 

 

                                                     Ներքին տեղահանվաների կացարան. Հալեպ, Սիրիա 
 

Սիրիայում մարդիկ պատսպարվում են ռմբակոծված կիսավեր շենքերում։ Նրանք ապաստանում են դպրոցի կամ քաղաքապետարանի՝ հանրակացարանի վերածված շենքերում՝ իրենց բազմաթիվ հայրենակիցների հետ որպես բնակարան օգտագործելով նախկին դասասենյակները կամ գրասենյակները։ «Բացի այն, որ նրանք ստիպված են անդադար ուղիներ փնտրել հաջորդ օրը գոյատեւելու համար, մարդիկ այս խցերում զուրկ են ցանկացած անձնական տարածքից։ Շատ կանայք կորցրել են իրենց ամուսիններին եւ հայրերին, իրենցից բացի ոչ ոք չի մնացել՝ ընտանիքի մասին հոգ տանելու։ Նրանք ոչ միայն սննդի, անվտանգության եւ բժշկական խնամքի, այլեւ հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Նրանք կարիք ունեն ըմբռնման ու կարեկցանքի»,- ընդգծում է Ռոյը։ Ահա թե ինչու է երկիրը լքելն իր համար անհնար։ 

«Այս մարդիկ ունեն իմ կարիքը, մեր կարիքը՝ այս իրավիճակում»,- վստահ է նա։

Ապագայի հետ կապված Ռոյի հույսե՞րը։ Վերջ պատերազմին, որովհետեւ մի բանում նա վստահ է․ «Բռնությունն ավելի շատ բռնություն է ծնում։ Խաղաղության հասնելու միակ ճանապարհն իրար հետ խոսելն է։ Այս մարդիկ կորուստներ են կրում, որոնք երբեք չեն կարող փոխհատուցվել»։ 

* Գլխավոր նկարում՝ Ռոյ Մուսալը