logo
ՓԱԿԵԼMenu
Օգնության ձեռք՝ դժվարին ուղու վրա

Օգնության ձեռք՝ դժվարին ուղու վրա

Ֆրանցիսկյան ուխտի վանական Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն ապահով կացարան է տրամադրում հալածանքներից ու հետապնդումներից փախչող, սակայն ճանապարհին բռնության, վտանգների ու ոտնձգությունների ենթարկվող բազում ներգաղթյալների։ Գիշերակաց, սնունդ, ջուր, խորհրդատվություն, հոգեւոր եւ իրավական աջակցություն հատկացնելով՝ նա օգնության ձեռք է մեկնում միգրանտներին

Կենտրոնական Ամերիկայի երկրներից, դժվարին որոշում ընդունելով, ամեն շաբաթ հարյուրավոր մարդիկ թողնում են իրենց տներն ու բռնում դեպի հյուսիս՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գաղթի ճանապարհը։ Միգրանտները տեղից տեղ են շարժվում հաճախ գնացքի տանիքին ծվարած՝ անտանելի շոգի պայմաններում, առանց ջրի ու սննդի։ Այդ ամենին զուգահեռ, ճանապարհին նրանք ենթարկվում են կողոպուտի, բռնաբարությունների եւ կեղեքումների, իսկ շատերն անգամ դաժանաբար սպանվում են՝  չհասնելով նպատակակետին։

Ֆրանցիսկյան միաբանության անդամ Թոմաս Գոնսալես Կաստիլյոն ջանք չի խնայում այս դրությունը փոխելու համար։ 2011թ. նա հիմնադրել է «72. տուն եւ ապաստան միգրանտների համար» կազմակերպությունը, որպեսզի հնարավորություն ստանա անվտանգ կացարանով եւ տաք սննդով ապահովելու դեպի հյուսիս աննկարագրելիորեն  դժվարին գաղթի ուղին բռնած տառապող միգրանտներին, որոնք այստեղ գտնում են ոչ միայն գիշերակաց, այլեւ հոգեբանական եւ հոգեւոր հոգատարություն, իրավական խորհրդատվություն եւ, անհրաժեշտության դեպքում, իրավական ներկայացուցչություն։

Կաստիլյոն Մեքսիկա է տեղափոխվել 1995 թվականին, որպեսզի սնունդ եւ ապաստան տրամադրի կարիքի մեջ ընկած ներգաղթյալներին, սակայն 2010 թվականին էր միայն, որ ելնելով համակողմանի հարմարությունների ստեղծման անհապաղ անհրաժեշտությունից՝ նախաձեռնեց երկարաժամկետ քայլեր, որոնց արդյունքը եղավ «72» ապաստարանը։ Այդ տարվա օգոստոսին առեւանգվեց եւ տանջամահ արվեց ազատության որոնումների դուրս եկած եւ Մեքսիկայի տարածքով դեպի հյուսիս ուղեւորվող 72 ներգաղթյալ։ Մեկ շաբաթ չանցած՝ մերձակայքում տեղի ունեցավ մեկ այլ ոճրագործություն, երբ հարձակման ենթարկվեց եւ դաժան ծեծի հետեւանքով սպանվեց երեք ներգաղթյալ։

 

 

Սարսափելի այս բռնություններից հետո Կաստիլյոն զգաց, որ կոչված է ավելին անելու։ «Մենք հասկացանք, որ դրանից հետո չենք կարողանա այլեւս հոգալ մարդկանց կարիքները, եթե չանդրադառնանք շատ ավելի մեծ հիմնախնդրին։ Ուստի սկսեցինք հետամուտ լինել մարդու իրավունքների հետ կապված հարցերին, պաշտպանության տակ առնել առեւանգված եւ ապա փրկված անձանց, խնամել բռնության ենթարկված կանանց եւ, առհասարակ, ընդունել հսկայական թվով մարդկանց»։

«72» կազմակերպությունը, որը ներկայումս օրական ընդունում է յոթանասունից ութսուն նորեկի։ Այստեղ ապաստան եւ խնամք են գտնում կանայք, որոնք իրենց երկրներում կամ գաղթի ճանապարհին ենթարկվել են բռնաբարությունների, երբեմն՝ բազմակի։ Շատերն ապաստարան են գալիս ճանապարհին հանցագործների հետ ունեցած մահացու վտանգների հանդիպելուց հետո։ Ըստ Հայր Կաստիլյոյի՝ այդ ոճրագործները «կարող են այնպես կորցնել քեզ, որ ոչ ոք երբեք այլեւս չի գտնի, իսկ եթե փորձես դիմել իրավապահ մարմիններ, կկեղեքեն ամենայն դաժանությամբ»։

Հայր Կաստիլյոն գրկաբաց ողջունում է բոլորին, նույնիսկ նրանց, ում կրոնական շատ այլ հաստատություններ կմերժեին ընդունել իրենց հարկի տակ։ «72»-ն ամենաառաջին ապաստարաններից է, որ մասնագիտացել է ԼԳԲՏ համայնքի հետ աշխատանքում, ինչը Հայր Կաստիլյոն համարում է առանձնակի կարեւոր, քանի որ այդ անձինք իրենց իսկ ընտանիքում կամ հասարակությունում չափազանց հաճախ են բախվում խտրականության եւ մերժման։ «Մենք նրանց ապաստան ենք հատկացնում եւ, ինչպես յուրաքանչյուրին, ով կմտնի մեր շեմքից ներս, ապահովում պաշտպանությամբ՝ անկախ նրանից, թե ով են կամ ինչպիսին»,– պարզաբանում է հոգեւորականը։ «Իհարկե, մեզ մոտ եկող բոլորն էլ խոցելի են, սակայն ոմանք ավելի խոցելի են անհադուրժողականության առումով, եւ դրանք հենց ԼԳԲՏ մարդիկ են»։

Հայր Կաստիլյոն իր առաքելությունն է համարում «72»-ում ապաստանած միգրանտներին օգնելու զգալ իրենց ինչպես տանը՝ հիշեցնելով, որ նրանք, ինչպիսի անցյալ էլ ունեցած լինեն կամ ինչպիսի տրավմաների էլ ենթարկված լինեն, միեւնույնն է ունեն իրավունքներ. «Մենք միշտ ընդունում ենք այս մարդկանց եւ փորձում որեւէ բան անել նրանց տառապանքները մեղմելու համար։ Իսկ դա նշանակում է հոգ տանել սեռական հարձակման ենթարկվածների համար կամ մխիթարել ճանապարհի ընթացքում դաժանորեն վիրավորված տղամարդկանց, կանանց եւ երեխաներին։ Վերջերս մեզ մոտ էր ժամանել մի կին, որը գնացքի տակ ընկնելով՝ կորցրել էր ոտնաթաթը»։

Հայր Կաստիլյոն անձամբ էր գնացել հիվանդանոց՝ տեսակցելու եւ մխիթարելու այդ կնոջը։ Վերջինս պատմել էր, թե որքան է վախենում փոքրիկ երեխայի հետ վտանգավոր ճանապարհ ընկնելու հեռանկարից։ «Նա չգիտեր ինչպես շարունակել»,– վերհիշում է Կաստիլյոն։ Կինն ահաբեկված էր, քանի որ տեսել էր, թե ինչպես են հանցագործները փորձում առեւանգել «72»-ը լքած մի տղամարդու, որին սպանվեց։

Այսպիսի պատմություններն են ահա, որ ոգեշնչում են Կաստիլյոյին շարունակելու իր գործը, որքան այն լինի անվարձահատույց եւ թվա անվերջանալի։ Ի հեճուկս դրսում շարունակվող դաժանություններին ու դժվարություններին՝ «72»-ի դռները միշտ բաց են միգրանտների առջեւ։

«72»-ի միջոցով Հայր Կաստիլյոն իր կարեւոր ներդրումն է ունենում վտանգներով լի ճանապարհ ընկած միգրանտներին սնունդ եւ ապաստարան տրամադրելու գործում, ինչպես նաեւ մատուցում է խորհրդատվություն եւ, անհրաժեշտության դեպքում, իրավական օժանդակություն, հանդես գալիս որպես նրանց ներկայացուցիչ։ Նրա այսպիսի նվիրվածության շնորհիվ հետզհետե նվազում է ճանապարհի ամենատարբեր վտանգներին զոհ գնացողների թիվը, եւ շատերը վերջապես ձեռք են բերում իրենց կորցրած իրավունքները։

Այսպիսի տրավմաների եւ դժբախտության ականատես Կաստիլյոն իր ամենօրյա գործը շարունակելու համար ներշնչանքի մշտական աղբյուր է համարում Աստծո եւ մարդկության նկատմամբ ունեցած հավատը։ «Մարդիկ ունեն ապահով կյանքի իրավունք»,– ասում է նա եւ հավելում. «Իսկապես մեծ դժբախտություն է, երբ մարդիկ, որ չունեն գրեթե ոչինչ, կարող են այսքան հալածանքների ենթարկվել»: