logo
ՓԱԿԵԼMenu
Մյանմացի իրավաբանի պայքարը հանուն ռոհինջա ժողովրդի

Մյանմացի իրավաբանի պայքարը հանուն ռոհինջա ժողովրդի

Խաղաղ բողոքի, ստորագրահավաքներ կազմելու եւ այդօրինակ «հանցանքների» համար ընդհանուր առմամբ 12 տարվա բանտարկության մեջ անցկացրած Չո Լա Աունը երբեւէ չի դադարել իրավապաշտպանի հմտությունները ծառայեցնել, որպեսզի արդարության հասնի մահմեդական ռոհինջա ժողովրդի միլիոնավոր ներկայացուցիչների համար, որոնք բռնաճնշումների հետեւանքով զանգվածաբար լքում են Մյանմայի տարածքը։ Զրկվելով դստեր հուղարկավորությանը մասնակցելու հնարավորությունից՝ Աունը դիմագրավել է ե՛ւ անձնական, ե՛ւ համակարգային մարտահրավերները՝ պաշտպանելով սեփական հայրենիքում վտանգված իր համայնքի իրավունքները։

Մյանմայի ռոհինջա մահմեդական համայնքը միայն վերջերս է սկսել հայտնվել միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ որպես «աշխարհի ամենահետապնդվող փոքրամասնություն», սակայն իրավաբան եւ մարդու իրավունքների ակտիվիստ Չո Լա Աունը 1980-ականների սկզբից ի վեր սեփական մաշկի վրա է զգացել այս էթնիկ խմբի վրա գործադրվող բռնաճնշումների դաժան իրականությունը։ Խտրականության, կոռուպցիայի եւ անհավասարության զոհը դարձած ռոհինջա համայնքը մինչ օրս տառապում է քաղաքական բռնությունից։ Օրենքի իմացությամբ եւ վճռականությամբ զինված՝ Աունը հաջողությամբ պայքարել է Մյանմայում հաստատված պետական կարգի հետեւանքով առաջացած անհավասարությունների դեմ՝ օգնության հասնելով իր ռոհինջա քույրերին եւ եղբայրներին արդարադատության որոնումներում։

24 տարի սղագրող աշխատելուց հետո Աունը չկարողացավ այլեւս համակերպվել ռասայական եւ կրոնական խտրականությունների հետ, որոնց ենթարկվում էր իր ժողովուրդը, որը սեփական հայրենիքում մնացել էր առանց քաղաքացիության՝ պետությունից դուրս կարգավիճակում, քանի որ 1982 թվականին ընդունված Քաղաքացիության մասին օրենքով ռոհինջա ժողովուրդը դուրս էր թողնվել պաշտոնապես ճանաչված էթնիկ խմբերի շարքից։ Այսօրինակ խտրական քաղաքականությունն էր, որ Աունին դրդեց ոտքի ելնել եւ դառնալ ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանության առաջամարտիկը՝ ընտրություն, որը նրան դատապարտելու էր պարբերական կալանքների եւ բանտարկությունների, ինչի հետեւանքով նա 1986-2014 թվականների ընթացքում ավելի քան 12 տարի անցկացրեց բանտերում։ Այս ընթացքում Աունի ընտանիքը ֆինանսական ծանր զրկանքներ կրեց, իսկ նրան, հակառակ ընտանիքի կողմից բազմաթիվ դիմումների, արգելվեց մասնակցել նույնիսկ ավագ դստեր հուղարկավորությանը։

78 տարեկան Աունը սեփական մաշկի վրա է զգացել ռոհինջա համայնքի դեմ ընդունված օրինագծերի սահմանափակումների բոլոր հետեւանքները։ Այս էթնիկ խմբին արգելված է կրթություն ստանալ, ազատ տեղաշարժվել եւ օգտվել ժամանակակից ենթակառուցվածքներից։ Այս ամենի պատճառով ռոհինջա ժողովուրդը զգալիորեն ետ է ընկել, իսկ նրա ձայնը գրեթե միշտ անտեսվել է։

 

 

Անցյալում մահմեդականները (այդ թվում՝ նաեւ ռոհինջա համայնքից դուրս) ընդգրկված են եղել կառավարությունում, ոստիկանական եւ դատական համակարգերում, բժշկության ասպարեզում, ակադեմիայում եւ նույնիսկ զինված ուժերում՝ զբաղեցնելով բարձրաստիճան պաշտոններ։ Սակայն, ըստ Աունի, կառավարությունը տարիներ առաջ դադարեց մահմեդականների դիմումները զբաղվածության վերոնշյալ ոլորտներում ընդունելուց՝ զրկելով բազմաթիվ ռոհինջաների ներկայացուցչության հնարավորությունից եւ իրավունքներից։ Ներկայումս այս համայնքը սեփական երկրում վերածվել է բանտարկյալի՝ ենթարկվելով ազատ տեղաշարժի սահմանափակման, ունեզրկման եւ կեղեքման։

«Շատ դժվար է գտնել որակյալ ուսուցիչների, քանի որ կրթություն ստացած բոլոր ուսուցիչներն աշխատում են հասարակական կազմակերպություններում, ուր ավելի բարձր են վճարվում։ Հաղորդակցության ուղիները եւս շատ վատն են։ Ճանապարհները բոլորը կիսաքանդ վիճակում են։ Մահմեդական շրջաններին հոսանք անգամ չէր տրվում, եւ ես չէի կարողանում հասնել իմ բնակավայրը»,– պատմում է Աունը։ «Երկու անցակետ կար միայն գործող, եւ եթե հարկ լիներ գնալու քաղաքի կենտրոն կամ Անձնագրերի եւ վիզաների վարչություն, պիտի անվտանգության կետից թույլտվություն ձեռք բերեի՝ դիմելու անվտանգության ոստիկանությանը։ Իսկ թույլտվությունն ստանալու դեպքում պիտի հետո վճարեի 25,000 չատ փող (կամ 19 ԱՄՆ դոլար)՝ նրանց ճանապարհածախսը հոգալու համար»։

Այս դրության մեջ միայն Աունը չէր։ 1970-ականների վերջերից սկսած՝ մոտավորապես մեկ միլիոն ռոհինջա լքել է Մյանմայի տարածքը, իսկ երկրում մնացածների մեծագույն մասը վերաբնակեցվել Մյանմայի Ռաքայն (Արաքան) նահանգի մայրաքաղաք Սիտվեում՝ ներքին տեղահանված անձանց (IDP) համար նախատեսված փախստականների ճամբարներում, ուր կենսապայմաններն առավել թվով մարդկանց կյանք են վտանգում։

«Ռաքայն նահանգում 2012թ. հակամահմեդական ջարդերից հետո Սիտվեի մահմեդականները շատ ավելի ծանր սահմանափակումների ենթարկվեցին»,– նշում է Աունը։ «Ես չունեմ աշխատանքի, ազատ տեղաշարժի, ազատ խոսքի իրավունք։ Իշխանություններն ականջ չեն դնում իմ ձայնին, եւ կառավարությանը չեն հետաքրքրվում մեր կրած տառապանքները»։

Իսկ այդ տառապանքները, շատերի պնդմամբ, հենց կառավարության ձեռքի գործն են։ Երկրի զինված ուժերը մեղադրվել են մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումներում, այդ թվում՝ սպանություններում, բռնաբարություններում, առեւանգումներում եւ հրկիզումներում՝ մեղադրանքներ, որոնք կառավարությունը շարունակաբար հերքում է։

Եւ այս ամբողջ քաոսի ու թոհուբոհի մեջ այլեւս դժվար է հավատալ, որ Աունի բանտարկության ընդհանուր առմամբ 12 տարիներն, իրոք, հետեւանք են բացառապես խաղաղ բողոքի ակցիաների։ Նրան առաջին անգամ բանտարկեցին, երբ կառավարությունը փորձեց ռոհինջա ժողովրդից բռնագրավել նրա հողերը, ինչի դեմ Աունը բողոքի ելավ՝ կազմելով եւ ներկայացնելով իրավական հանրագիր։ Իր այս գործողության համար նա երկու տարի պահվեց կալանքի տակ եւ ազատության մեջ հայտնվեց միայն այն ժամանակ, երբ 1988 թվականի զանգվածային ցույցի ժամանակ նրա բանտակիցները քանդեցին բանտի պատերը։

Տասնամյակներից եւ ավելի քան տասը բանտարկությունից անց, Աունը դեռեւս չի կորցնում իր ժողովրդի ապագայի համար հույսը, եւ շարունակաբար գործում է հանուն բոլորի՝ մեծերի թե փոքրերի կրթական հնարավորությունների բարելավման։ Նրա դիմագրաված խոչընդոտները բազմաթիվ են եւ դժվարին՝ ուսուցիչների աշխատավարձից եւ դպրոցների կահավորումից մինչեւ տրանսպորտի տարրական միջոցներ։ Եւ այդուհանդերձ, նա շարունակում է կանգուն մնալ։

Կրթության համար Աունի վարած պայքարի շարժիչ ուժն այն վերահաս վտանգի զգացողությունն է, որ կառավարությանը, զրկելով ռոհինջա ժողովրդին կրթության իրավունքից, հնարավորություն է ձեռք բերում խտրականություն ցուցաբերելու այդ էթնիկ խմբի նկատմամբ։

«Իշխանությունները փորձում են բոլոր մահմեդականներին վերածել անգրագետ մի զանգվածի, որպեսզի աղքատացնեն։ Սա հարկադիր անգրագիտացման մի քաղաքականություն է, որի հետեւանքով ապա կկարողանան մեղադրել կրթություն չստացած մահմեդականներին՝ ներկայացնելով նրանց որպես բանգլադեշցի ներգաղթյալների»,– մեկնաբանում է Աունը։ «Կրթություն չունենալով՝ այս մարդիկ առհասարակ վախենում են իրենց իրավունքների մասին որեւէ հարց տալուց»։

Որքան էլ այս գործունեությունը ծանր լինի Աունի համար, այն շատ ավելի ծանր է նստել նրա ընտանիքի վրա, որը Աունի բանտարկության տարիներին հաճախ մնացել է առանց սննդի ու կացարանի։ «Երեխաներս չեն ունեցել բավարար հագուստ, գրքեր, այլ պարագաներ կամ նույնիսկ անձրեւանոցներ, որ դպրոց գնան».– պատմում է նա։

Սակայն իր ժողովրդի թշվառ կացությունն ստիպում է Աունին շարունակել իր անշնորհակալ գործը։ Եւ անմարդկային վերաբերմունքի այս կախարդված շրջանակից միակ ելքը նա տեսնում է կրթության մեջ։

«Առաջին հերթին մեզ հարկավոր են ավելի մեծ թվով ուսուցիչներ եւ հարմարություններ՝ կրթական եւ առողջապահական համակարգերը բարելավելու համար»,– նշում է Աունը։ «Առանց բարեկարգ առողջապահական համակարգի, տարեկան կարող է մահանալ 500-ից մինչեւ 1000 մարդ, սակայն առանց լավ կրթության, հաշված տարիների ընթացքում կմեռնի ամբողջ համայնքը»։