logo
ՓԱԿԵԼMenu
Ուխտագնացություն Էջմիածին

Ուխտագնացություն Էջմիածին

Էջմիածինը մայրաքաղաքն է հայերի հոգեւոր հայրենիքի, որի սահմանները շատ ավելի ընդգրկուն են, քան բուն Հայաստանի Հանրապետության տարածքը: Օտարները դժվարությամբ են արտասանում այդ անունը, բայց բոլոր հայերի համար, որտեղ էլ որ լինեն, այն սրբազան եւ հոգեհարազատ վայր է: «Էջմիածին» բառացի նշանակում է «Միածնի իջման վայր»: Այն ոչ թե սոսկ ուխտագնացության վայր է, այլ նաեւ հավերժական կյանքի եւ մոտալուտ համբարձման խոստում: «Ավրորա» մրցանակի հավակնորդ Հայր Բերնարդ Կինվին Երեւանից շուրջ երկու տասնյակ կիլոմետր հեռու գտնվող Էջմիածնի վանական համալիր կամ, ինչպես այն անվանում են այլ կերպ, «հայկական Վատիկան» ժամանեց հենց որպես ուխտագնաց:

Ընկերոջ՝ Հայր Բրիսի ուղեկցությամբ Բերնարդ Կինվին տասնյակ հազարավոր կիլոմետր ճամփա է անցել: Այդ ճանապարհն սկսվել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքից, որտեղ երկու հոգեւորականներն ապրել են հավատով՝ մարդու եւ նրա Արարչի նկատմամբ:

Կամիլիանների միաբանության խորհրդանշան Կարմիր խաչը, որ հայր Կինվին կրում է խայտաբղետ շապիկի վրայից, ինչպես նաեւ կաթոլիկ հոգեւորականի նրա օձիքը կոչված են հիշեցնելու մեզ, որ Բերնարդը նվիրվել է հավատացյալներին ծառայելուն՝ խոստանալով նրանց կողքին լինել բոլոր դժբախտությունների ժամանակ: Զրույցի ժամանակ նա սակավաբառ է, նրա ձայնը հանգիստ է եւ համաչափ: Դեմքն անսահման խաղաղություն է արտահայտում: Այդ խաղաղությունը նա հակադրում է անտանելի տառապանքներին, որոնց վկա է դարձել: Էջմիածնի վանական համալիր այցելելուց հետո Բերնարդ Կինվին չի կարողանում զսպել զգացումները:

«Ես իսկապես ցնցված էի... Չէի սպասում այստեղ հայտնաբերել Սուրբ Խաչի մասունքները: Դրանք խորապես հուզեցին ինձ,- կամացուկ պատմում է Բերնարդը,- զարմանալի է գիտակցել, որ Հայաստանն արդեն շուրջ 2000 տարի ապրում է նույն քրիստոնեական հավատքով, որն իմ կյանքի իմաստն է կազմել այստեղից այդքան մեծ հեռավորության վրա՝ Կենտրոնական Աֆրիկայում կամ Լոմեում»:

                    Հայր Բերնարդ Կինվին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. ապրիլի 21, 2016թ.
 

Նախքան Հայաստան ժամանելը Հայր Կինվին շատ քիչ բան գիտեր երկրի ու նրա պատմության մասին, չհաշված Հայոց ցեղասպանության դեպքերը, որոնք  խավարի մեջ ընկղմեցին ավելի քան երեքհազարամյա մի քաղաքակրթություն: «Պետք է խոստովանեմ, որ երկրի մասին գրեթե ոչինչ չգիտեի: Այն հակիրճ տեղեկությունները, որ ստացել էի մամուլից, հիմնականում վերաբերում էին ցեղասպանությանը, որը Թուրքիան դեռ հրաժարվում է ճանաչել: Բայց այստեղ գալով՝ հասկացա, որ Հայաստանը խորապես հավատացյալ երկիր է, նրա ազգային եկեղեցին բազում դարերի պատմություն ունի»:

Աղոթքն Էջմիածնում Հայր Կինվիին հնարավորություն տվեց կենտրոնանալ՝ հեռանալ աղմուկից եւ «Ավրորա» մրցանակաբաշխության առիթով իրեն շրջապատող լրագրողների եռուզեռից։ «Առաջին հերթին՝ Աստծուն խնդրեցի ինձ ուժ տալ՝ շարունակելու մեզ վստահված գործը։ Մտածում էի մեր երկրի եւ ամբողջ աշխարհի այն թշվառների մասին, որոնք ոճրագործությունների զոհ են դառնում։ Աստծուն խնդրեցի թեթեւացնել նրանց վիճակը, ուժեղացնել նրանց եւ արժանապատիվ կյանք պարգեւել, իսկ այլ աշխարհ հեռացածներին՝ անսահման երանություն, որ նրանց չի տրվել երկրային կյանքում»,- պատմում է նա։

Շնորհիվ անխախտ հավատքի, որ կարող է սարեր շրջել, Բերնարդ Կինվին կարողացել է դիմանալ դժոխքի խորխորատներում։

«Միայն մեր հավատքի շնորհիվ ենք ես եւ Հայր Բրիսն այսօր այստեղ՝ ձեզ հետ։ Բոսեմտելեում դժվարությունների միջով ենք անցել, երբ մեզ բոլորովին միայնակ էինք զգում՝ շրջապատված ռազմատենչ եւ մեր համոզմունքները չկիսող մարդկանցով։ Հաճախ մեզ մնում էր միայն ծնկի գալ եւ աղոթքով դիմել Աստծուն»,-  հիշում է Բերնարդ Կինվին։ Մնալով առանց աջակցության, մնացյալ աշխարհից հեռու, «երբեմն՝ հուսահատության եզրին»՝ սուրբ հայրերը կարողացել են դիմակայել հուսահատության փորձությանը։

Դժբախտությանը, ատելությանն ու մահվանը դիմակայելու ուժ տվող հավատքի խորհուրդը՝ ահա թե ինչն է հասանելի դառնում Հայր Կինվիի հետ շփման ժամանակ։

«Կենտրոնական Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների մասին լուրեր էինք լսում, եւ դրանք ոչ մի կապ չունեին ներսից մեր տեսածի հետ։ Նման պահերին մենք մեզ իսկապես լքված էինք զգում,- պատմում է հոգեւորականը,- մենք գոռում էինք եւ աղաչում, որ զինված ուժերն օգնեն կայունացնել վիճակն ամենաանհանգիստ գոտում։ Անում էինք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ, բայց զինվորականների կողմից բացարձակապես ոչ մի ցանկություն չէինք զգում՝ օգնելու մեզ եւ նվազեցնելու լարվածությունը։ Դա շատ դժվար էր, մեզ մնում էր միայն մեր հավատքը։ Ապստամբների եւ մարդասպանների հետ հանդիպումներից առաջ աղոթում էինք։ Ամեն անգամ, երբ մեզ մահով էին սպառնում, միակ բանը, որ կարող էինք անել, Աստծուն աղոթելն էր»։ 

                 Հայր Բերնարդ Կինվին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. ապրիլի 21, 2016թ.
 

Երթեւեկում ենք օդորակիչ ունեցող հարմարավետ մեքենայով, շուրջբոլորը հայաստանյան ձյունածածկ գագաթներով լեռներն են, որ հառնում են իրենց հավերժական գեղեցկությամբ, սակայն մտքում այստեղ չենք, այլ հեռավոր մի երկրում, որտեղ շոգը, արեւն ու տառապանքն են տեր ու տիրական…

Հայր Կինվիի հոգին Աստծուն է պատկանում, բայց նա ամուր կանգնած է հողի վրա։ Հենց դա է նրան թույլ տալիս ազնիվ երկխոսություն վարել արյունոտ զինյալների հետ, որոնք բազմիցս սպառնացել են սպանել նրան։

«Մենք անընդհատ կրկնում ենք ինքներս մեզ համար, որ յուրաքանչյուր մարդասպանի հոգու խորքում աղոտ լույս կա, ինչ-որ մեկուսի անկյուն, որտեղ դեռ կա Տիրոջ շունչը, եւ մենք խնդրում ենք Աստծուն ճանապարհ բացել այդ լույսի համար, որ հանցագործը հասկանա՝ սպանությունը չի լուծի խնդիրները»,- ասում է Բերնարդը։

- Զինվոր-մարդասպանների հետ հանդիպման գնալուց առաջ արդյո՞ք մտքում շարադրում եք այն, ինչ պետք է խնդրեք նրանց,- հարցնում եմ նրան։

- Ոչ, երբեք։ Երբ գնում ենք նրանց մոտ, ոչ մի կերպ չենք պատրաստվում։ Չենք կենտրոնանում այն բանի վրա, թե ինչ պետք է կամ պետք չէ ասել։ Երբ գալիս է բանակցությունների գնալու՝ իմ կամ Հայր Բրիսի ժամանակը, մենք աղոթում ենք եւ գնում։ Լսում ենք մարդկանց եւ եզրակացություններ անում՝ նրանց խոսքերից ելնելով։ Կարեւորն այն է, որ դադարեցնեն սպանելը։ Ամեն առավոտ կրկնում եմ նրանց անունները, ովքեր մեզ վերջնագիր են ներկայացրել։ Երբեմն մեզ սպառնում են, չնայած այն հանգամանքին, որ մենք զենք չունենք, ոչինչ չունենք, բացի մեր Աստծուց, որն ամենուր է եւ ամեն ինչում։ Հաճախ վերջնագրի ժամկետն ավարտվում է, բայց ոչ ոք այդպես էլ չի գալիս, կամ գալիս են նոր վերջնագրով (ծիծաղում է)։

- Եղե՞լ են դեպքեր, երբ ապստամբները զղջացել են իրենց գործած հանցագործությունների համար:

- Այո, եղել են: «Anti-Balaka»-ի (հակաավտոմատավորների) որոշ  զինյալներ անգամ եկել են մեզ մոտ՝ խնդրելով փրկել այլ պատանդների, եւ, եթե մենք չշտապեինք, նրանք կզոհվեին:

Մինչեւ քրիստոնեական հավատքում հաստատվելը Հայր Կինվին տնային դաստիարակություն է ստացել: Նրա հայրը բազմակին էր՝ ուներ երկու կին եւ տասներեք երեխա: Բերնարդը ծնվել է երկրորդ կնոջից: «Հայրս քրիստոնեություն ընդունեց, նա անչափ մեծահոգի եւ բաց մարդ էր: Լոմեում գտնվող մեր տունը միշտ լի էր հյուրերով,- հիշում է Հայր Կինվին,- մեր չնչին ունեցածն էլ կիսում էինք այլ մարդկանց հետ: Ինձ եւ Հայր Բրիսի համար նման վերաբերմունքը միշտ օրինակ է ծառայել»: Երիտասարդ Բերնարդն արժանի զավակն է իր հոր, որը երազում էր, որ որդին հոգեւորական դառնա. «Երբ առաջին անգամ պատարագ մատուցեցի, նա անընդհատ արտասվում էր եւ շնորհակալություն հայտնում Աստծուն: Նա ծանր հիվանդ էր եւ մահացավ իմ՝ հոգեւոր սպասավորության անցնելուց երեք ամիս անց»:

Այսօր Հայր Կինվիի առջեւ բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից ամենակարեւորը Բոսեմտելեից փախուստի դիմած մահմեդականների վերադարձը նախապատրաստելն է. «Նրանց մեծ մասի հետ կապ ենք պահել, նրանց այցելում ենք հարեւան երկրներում՝ Կամերունում, Նիգերիայում, որտեղ նրանք փախստականների ճամբարներում են ապրում»: Այդ ճամբարներում Բերնարդ Կինվին Հայր Բրիսի հետ իրականացնում է հանրային կապերի ամրապնդման եւ տեղահանված մարդկանց աջակցության առաքելություն: «Նրանց հետ երկխոսության մեջ ենք, ուսումնասիրում ենք ամենահրեշավոր ողբերգությունների պատճառները եւ աստիճանաբար նրանց պատրաստում ենք վերադարձին: Անընդհատ մտածում ենք այդ ուղղությամբ: Չէ՞ որ խոսքը գյուղում ծնված եւ մեծացած մարդկանց մասին է, որոնք Բոսեմտելեից բացի այլ հարազատ վայր չունեն»,- նկատում է Հայր Կինվին:

Բերնարդն իրատես է եւ հասկանում է, թե որքան դժվար առաքելություն է փախստականներին հարազատ քաղաք վերադարձնելը:

«Բայց եթե հրաժարվենք երկխոսությունից եւ պայմաններ չստեղծենք նրանց վերադարձի համար, այդ մարդիկ կզրկվեն սեփական արմատներից եւ կդիմեն կրոնական արմատականության: Իսկ եթե նրանք ծայրահեղական դառնան, մեր առջեւ նոր խնդիրներ կառաջանան»:

Իհարկե, մահմեդականները վրեժ են տենչում. «Նրանք շատ են տառապել եւ այժմ վստահ են, որ այլեւս կորցնելու բան չունեն։ Մեր առաքելությունն իրականացնելիս համագործակցում ենք իմամների հետ։ Նրանք աշխատում են մեզ հետ՝ հանուն խաղաղության վերականգնման եւ լարվածության թուլացման, որ փախստականները կարողանան տուն վերադառնալ։ Պետք է շարունակել երկխոսությունը։ Դեռ ընդամենը մի քանի մահմեդական է վերադարձել, հիմնականում՝ կիսով չափ մահմեդականները, որոնց ծնողները անիմիստ են կամ քրիստոնյա»։

Բերնարդ Կինվիի կարծիքով՝ խաղաղություն վերականգնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է միջոցներն ու ուժերը ներդնել կրթության մեջ. «Երիտասարդներին պետք է հանդուրժողականություն սովորեցնել։ Նրանցից շատերը պարապ նստած են տանը, դատարկ ժամանակ են անցկացնում, զբաղմունք չունեն եւ այդ պատճառով ոչինչ չունեն։ Եթե օգնենք նրանց կրթություն ստանալ, բարեկարգել սեփական միջավայրը, նրանք թույլ չեն տա քանդել իրենց ջանքերով ստեղծվածը: Ողջ սրտով ցանկանում ենք դպրոցում ուսանելու միջոցով նրանց գիտելիքի պաշար տալ։ Մեր առաքելությունն այժմ ներառում է 700 աշակերտի, բայց սա ընդամենը կաթիլ է ծովում՝ հաշվի առնելով, որ Բոսեմտելեի բնակչության 60 տոկոսը 18 տարեկանից երիտասարդ է»։

Մտնում ենք Երեւան։ Հայր Կինվին ուշադիր ուսումնասիրում է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի վառ դեղին պաստառները։ Ի՞նչ սպասումներ ունի այս մրցանակից. 

«Ամենակարեւորը պատմելն է, թե ինչպիսի հարստություն է սերը մերձավորի հանդեպ, եւ ցույց տալը, որ մարդու կյանքն անսահմանորեն սրբազան է, եւ անհրաժեշտ է պահպանել այն ցանկացած գնով»։ 
 

*Գլխավոր նկարում՝ Հայր Կինվին Զվարթնոց տաճարում. ապրիլի 21, 2016թ.