logo
ՓԱԿԵԼMenu
«Եթե չես վախենում, ուրեմն մարդ չես»

«Եթե չես վախենում, ուրեմն մարդ չես»

2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան կաթոլիկ միսիոներ է ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից եւ հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով միակ մշտական բժիշկը Սուդանի պատերազմից ավերված ու մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում։ Մեզ հետ զրույցում նա պատմում է հույսի, խիզախության եւ նոր տուն գտնելու մասին։ 
 

Բժիշկ դառնալու ճանապարհին

Պատանի տարիքում, հավատաք թե ոչ, ցանկանում էի քաղաքական գործիչ դառնալ՝ ԱՄՆ սենատոր կամ գուցե նույնիսկ նախագահ։ Լրջորեն մտադիր էի մուտք գործել իրավաբանության, իսկ ապա՝ նաեւ քաղաքականության ոլորտ։ Պապերս ներգաղթել են Իտալիայից։ Նրանցից մեկը նույնիսկ բավականին բարձրաստիճան դատավոր էր իմ հայրենի Նյու Յորք նահանգում։ Եւ ես ուզում էի գնալ նրա հետքերով ու զբաղվել քաղաքականությամբ։ Մեծանալով՝ բարեբախտաբար փոխվեցի, բայց սկզբում, իհարկե, ցանկությունս դա էր՝ մտնել քաղաքականություն եւ դառնալ կոնգրեսմեն կամ սենատոր։

Սովորել եմ Բրաունի համալսարանում՝ ընդունվելով 1982 թվականին։ Ուզում էի ճարտարագետ դառնալ։ Ավագ դպրոցում սեր էր արթնացել ճշգրիտ գիտությունների եւ, հատկապես, ֆիզիկայի ու մաթեմատիկայի նկատմամբ։ Այդուհանդերձ զգում էի, որ կյանքումս մի բան պակասում էր. ուզում էի այնպիսի բանով զբաղվել, որով կօգնեի մարդկանց։

                                           Թոմ Քաթինան Հայաստանում

Դա էլ հենց դարձավ ինձ առաջնորդող մղումը՝ աշխատանքի անցնել մի տեղ, ուր կկարողանամ առնչվել մարդկանց հետ եւ իսկապես օգնել նրանց։ Ճարտարագիտությունը դրա պես չէր լինելու։ Աշխատելու էի մեխանիզմների հետ, գծագրելու եւ մշակելու գործիքներ, բայց դա մարդկանց օգնելուն նպաստող գործ չէր։ Ավարտելուց հետո General Electric ընկերությունն ինձ աշխատատեղ առաջարկեց ատոմային սեկտորում։ Դա լինելու էր պաշտպանության ոլորտի հետ կապված պայմանագրային աշխատանք, ինչը մերժեցի։

Սրտի կանչը

Համալսարանական տարիներից միսիոներ դառնալու ցանկություն զգացի եւ երբ սկսեցի մտորել դրա շուրջ, միտքն աստիճանաբար ինձ գերեց։ Մի կողմից՝ ես սովորում էի մեքենաշինություն, մյուս կողմից՝ ուզում դառնալ միսիոներ։ Եւ այս երկուսը շփման ոչ մի եզր չունեին՝ միանգամայն տարբեր ոլորտներ էին։ Մեքենաշինությունն այն տարիներին ավելի շատ վերաբերում էր նոր զինահամակարգերի նախագծմանն ու ստեղծմանը։ Սա էր ԱՄՆ-ում զբաղվածության շուկան՝ պիտի դառնայի պաշտպանական համակարգի պայմանագրային աշխատող եւ կատարեի այդպիսի մի գործ։ Իսկ դա այդքան էլ չէր կապվում միսիոներական ձգտումներիս հետ։

Եւ ես ինքս ինձ հարց տվեցի՝ ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ե՛ւ պահպանեմ գիտության նկատմամբ սերս, ե՛ւ միաժամանակ լինեմ միսիոներ։ Միանգամից միտք ծագեց՝ իսկ ինչո՞ւ չմտնեմ բժշկության ասպարեզ։ Դա ինձ թույլ կտա զբաղվել գիտությամբ, հոգալ մարդկանց կարիքները, աշխատել մարդկանց հետ եւ նաեւ իրականացնել միսիոների առաքելությունը։ Երկու ոլորտների հաջող համակցություն։ Ես ընդունվեցի Դյուքի համալսարանի Բժշկական դպրոց։

 

Այլ վայր, ուրիշ ծառայություն

Սկսել եմ Քենիայում։ ԱՄՆ-ում եւ Հարավային Ամերիկայում օրդինատուրա անցնելիս կարճաժամկետ որոշ գործեր արել եմ, բայց 2000 թվականից անցա մշտական աշխատանքի։ 2000թ. հունվարին, որպես Կաթոլիկ բժշկական առաքելության խորհրդի (CMMB) միսիոներ, մեկնեցի Քենիա, եւ այդ ժամանակից ի վեր մնացել, ապրել ու աշխատել եմ Աֆրիկայում։

                                Թոմ Քաթինան Սուդանի Նուբա լեռներում 

Մինչեւ գնալս ես շատ բան չգիտեի Նուբայի մասին։ Մի քիչ կարդացել էի, լսել դրա պատմությունից որոշ դրվագներ ու վերջ։ Հետո՝ տեղում ապրելով էր արդեն, որ իսկապես հասկացա, թե ով են այդ մարդիկ՝ վերին աստիճանի անկախ, խելամիտ ու տոկուն մի ժողովուրդ, որին դարեր շարունակ բռնաճնշել ու չարչարել են։ Չնայած բոլոր այս խնդիրներին՝ նրանք պահպանում են իրենց արժանապատվությունն ու հպարտությունը եւ շարունակում առաջ շարժվել։ Աշխարհի երեսին եթե որեւէ մեկը տառապեր այնքան, ինչքան նրանք, դեռ 50 տարի առաջ հանձնված ու մեռած կլիներ։ Մինչդեռ այս մարդիկ դիմակայել ու անցել են այնքան փորձանքներով ու նեղություններով, որ հետները շփվելիս իսկ զգում ես ու հասկանում, որ ուզում ես գալ եւ օգնել նրանց, աջակցել, որ ոտքի կանգնեն ու բարելավեն երկրի կենսամակարդակը։ Ինձ համար նրանք անչափ ինքատիպ ժողովուրդ են։

Եւ գիտե՞ք ինչ են ասում։ Ասում են՝ եկեք օգնեք մեզ, որ հետո ինքնե՛րս ամեն ինչ անենք մեզ համար։ Սա է նրանց տրամադրվածությունը, որն անչափ սիրում եմ ու գնահատում։ Այս մարդիկ անկախ են եւ լեցուն իրենք իրենց համար գործելու եռանդով։ Ըստ իս՝ մի փոքր օգնության դեպքում դա նրանց կհաջողվի։

Մարտահրավերների մասին

Իմ աշխատանքը լի է ամենաբազմազան մարտահրավերներով եւ կարող է երբեմն անգամ թեւաթափ անել, բայց վերջում, ըստ իս, մեծ բավականություն ես ստանում ուրիշի մասին հոգ տանելու անձնական պարգեւը վաստակելու զգացողությունից։ Խնամում ես մարդուն ու տեսնում, թե նա ինչպես է ապաքինվում. իմ կարծիքով՝ չկա ավելի լավ զգացում, քան ուրիշին օգնելն է՝ լինի բժշկական, կրթական թե ցանկացած այլ ասպարեզում։

                           Թոմ Քաթինան Հայաստանի UWC Dilijan քոլեջում 

Այս կյանքն ապրելու՝ մեզ տրված պարգեւն աներեւակայելիորեն մեծ է։ Հսկայական բավականություն կարելի է ստանալ՝ իմանալով, որ օգնում ես մեկ ուրիշին եւ որ դա անելիս ծառայում ես Աստծուն։ Չեմ կարծում, թե ես ունակ կլինեի որեւէ այլ գործի։ Զուտ փողի դիմաց ցանկացած այլ աշխատանքով զբաղվելն ինձ համար անբովանդակ մի բան կլիներ։ Իսկ սա շատ ավելին արժե, քան որեւիցե գումար, որ գուցեեւ կաշխատեի։

Ես ինձ երջանիկ կզգամ ու կհամարեմ, որ առաջինը՝ լուրջ նպատակի հասած կլինենք, եթե հաջողենք լույս սփռել Նուբա լեռներում տեղի ունեցող իրադարձությունների վրա, պատմենք մարդկանց թշվառ կացության ու կրած տառապանքների մասին, բարձրաձայնենք, թե որոշ շրջաններում որքան ունեն մեր օգնության կարիքը, որպեսզի պարզապես կարողանան ոտքի կանգնել եւ ի վերջո իրենք իրենց օգնել։ Եւ երկրորդը, որ գուցե ավելի եսասիրական է՝ լույս սփռենք եկեղեցու կատարած գործի վրա։

 

Սկսեք մեկ հոգու օգնելուց

Ըստ իս՝ մարդիկ շատ են հուսահատված եւ զգում են, որ խնդիրները չափից շատ են ու չափից մեծ։ Նայելով դրանց՝ փորձում են տեսնել ավելի ահավոր պատկեր, քան գուցե կա։ Խնդիրներն իսկապես չափազանց մեծ են՝ աղքատություն, սով, ահաբեկչություն… Մտածում ես՝ ի՞նչ կարող եմ անել իբրեւ անհատ։ Ոչի՛նչ։ Չկա այն գիտակցումը, որ հենց դու, որպես անհատ, իհարկե չես լուծելու բոլոր հիմնախնդիրները, բայց ինչ-որ բան, այնուամենայնիվ, կարող ես անել, եթե վեր կենաս, գնաս ու օգնես թեկուզ մի հոգու։

Երբ նոր էի մտնում այս գործի մեջ, մարդիկ ինձ միշտ ասում էին, թե՝ լավ, ի՞նչ գործ ունես Աֆրիկայում։ Անհույս բան է ախր՝ նրանք միշտ պատերազմել են ու միշտ էլ պատերազմելու են իրար դեմ։ Բայց ինձ միեւնույն է՝ կշարունակե՞ն պատերազմել, թե՞ ոչ։ Երբ դու մեկ հոգի ես ու գնում ես օգնելու մեկ հոգու, արդեն ամեն ինչ ասված է։ Հարցին այլեւս չես նայում ի վերուստ՝ համաշխարհային մակարդակում, այլ ընդամենը՝ անձնական։ Դու, իբրեւ անհատ, կարող ես օգնել մեկ ուրիշ անհատի անհատական մակարդակում։ Դա ինքնին ինչ-որ բան արժե։

 

               Թոմ Քաթինան Երեւանի պետական բժշկական համալսարանում

Հայաստանը

Հայաստանի մասին միայն լսել էի, որ այդտեղ մարդիկ շատ լավն են, ջերմ ու ընկերական։ Բայց գալով՝ միեւնույն է մեծ հիացմունք ապրեցի, քանի որ դեռ երբեք չէի եղել մի տեղում, ուր մարդիկ այդքան բաց, ընկերական, սիրալիր, հյուրասեր ու ջերմ լինեն։ Այստեղ մի ջերմություն կա, որն իրոք հուզիչ է։ Մաշկիդ վրա ես զգում, թե ինչպես են մարդիկ ուզում ընդունել ու ողջունել քեզ։ Սա շատ տպավորիչ ձեւ է, որով նրանք ցանկանում են իրենց երկիրը քեզ սիրելի դարձնել։

Այսպիսի հյուրընկալության կյանքումս երբեք չեմ հանդիպել եւ խորապես զգացված եմ Հայաստանի ժողովրդից։ Երբ եկա, ինձ թվաց, թե ընտանիքիս հետ եմ։ Ու մեկը չէ՝ բոլո՛րն էին այդպիսին։ Ուր գնայի, միեւնույն ընդունելությանն էի արժանանում։ Դուք շատ ուրույն մի բան ունեք այստեղ, իսկապե՛ս։ Կուզեմ՝ հայ ժողովուրդն իմանա, որ անչափ բացառիկ բան ունի իր երկրում։ Մի՛ կորցրեք դա։ Մի՛ դարձեք չափից ավելի հարուստ ու մի՛ կորցրեք միմյանց հետ ունեցած կապը, մի՛ դարձեք ինչպես մենք ենք ԱՄՆ-ում, ուր մարդիկ իրար հեռու են պահում։ Պահպանեք ջերմությունը։ Սա ձեր մշակույթի մի մասն է, որը, հուսամ, երբեւիցե չեք կորցնի։

                        Թոմ Քաթինան Հայաստանի UWC Dilijan քոլեջում 

Կյանքը հարատեւ վտանգի ներքո

Սարսափում ես, երբ գլխիդ վերեւում ինքնաթիռներ են սուրում եւ լսում ես ռմբակոծության դղրդյունը։ Զգում ես սա մինչեւ ոսկորներիդ խորքը։ Իմ կարծիքով՝ եթե վախ չես զգում, ուրեմն մարդ չես։ Վախն ինձ օտար չէ։ Երբեմն զգում եմ, որ սա գուցե վերջին օրս լինի երկրի վրա, իսկապես այդպես եմ զգում։ Բայց իմ կարծիքով՝ խիզախությունս ստանում եմ շրջապատող մարդկանցից։ Ես ինքս կարող եմ հեռանալ, կարող եմ թողնել գնալ։ Բայց շուրջս մարդիկ են, որ չունեն դրա հնարավորությունը։ Սա նրանց տունն է։ Չեն կարող ուղղակի վերցնել ու հեռանալ։

Խիզախությունը տեղում ապրող մարդկանցից ես ստանում՝ երիտասարդներից, մեծահասակներից, ծերերից, որոնք բոլորն այնտեղ են եւ շարունակում են մնալ ու կրել շատ ավելի ծանր դժվարություններ, քան ինքդ երբեւիցե կտեսնես։ Այնպես որ, ինձ համար ամեն ինչ շատ հստակ է՝ թողե՛ք մնամ այս մարդկանց հետ, ուրիշ ոչի՛նչ։ Եւ ես ամեն ինչ անում եմ, որ մնամ։ Այո, վախ եւս զգում եմ, բայց երբ շրջապատված ես անչափ խիզախ մարդկանցով, հենց նրանցից էլ լիցքավորվում ես խիզախությամբ։

 

Երկրորդ տուն

Եթե դու ուրիշ տեղից ես, ապա կապ չունի, թե ինչքան երկար կապրես մի վայրում. միեւնույն է՝ միշտ տարանջատված ես զգալու քեզ։ Առավել եւս երբ միակ սպիտակն ես, իսկ շուրջդ բոլորն աֆրիկացի են՝ ինքնին չափազանց մեկուսացնող հանգամանք։ Մարդիկ այնտեղ շատ ջերմ են ու բարեհոգի, բայց միեւնույն է՝ տարանջատումը կա։ Աշխատանքը եւս շատ դժվար է եւ հյուծող։ Ժամանակի մեծագույն մասը գործ է ու վերջ՝ առանձնասենյակ-հիվանդանոց, առանձնասենյակ-հիվանդանոց եւ այսպես շարունակ. միաչափ ու միապաղաղ կյանք։ Գործ, մի քիչ հանգիստ, նորից գործ, նորից մի քիչ հանգիստ, հետ-առաջ, հետ-առաջ… Ուրիշ ոչինչ չեմ էլ անում առանձնապես։

Տան մասին մտածելիս միշտ հիշում եմ Նյու Յորքի Ամստերդամ քաղաքի իմ տունը։ Անկախ նրանից, թե ինքդ որտեղ ես, դա՛ է քո ծննդավայրը, այնտեղ են ընտանիքդ, ծնողներդ ու մնացած բոլոր-բոլորը։ Բայցեւայնպես, թեեւ ասում եմ, որ տունս Ամստերդամն է, հոգուս խորքում զգում եմ, որ ինձ ավելի շատ տանն եմ զգում Նուբա լեռներում, քան ԱՄՆ-ում։ Երեւի Աֆրիկայում այնքան երկար եմ արդեն ապրել, որ Միացյալ Նահանգներն այլեւս իմ տեղը չեն։ Կյանքի արագընթաց տեմպը, արժեքներն ու տեղի ունեցող ամեն ինչ հաշվի առնելով՝ կասեմ, որ ինձ ավելի հարմարավետ եմ զգում Նուբայում, ուր հարաբերություններս մարդկանց հետ շատ ավելի մտերմիկ են։ Մարդիկ արժեւորում են շփումը, բարեկամությունը, միմյանց հետ անցկացրած ժամանակը։ Ամեն ինչից զատ՝ ես նաեւ ամուսնացած եմ նուբացի մի կնոջ հետ, այնպես որ…

 

       Թոմ Քաթինան 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը

Իհարկե, կարոտում եմ ընտանիքս ու ընկերներիս։ Ճիշտն ասած՝ անչափ շատ եմ կարոտում։ Զարմիկներս ու զարմուհիներս օրըստօրե մեծանում են, ես բաց եմ թողնում նրանց հարսանիքները, ինչը հեշտ բան չէ։ Երբեմն մտածում եմ, որ ուղղակի կորցնում եմ կարեւորագույն պահեր։ Շուտով նույնիսկ կծնվի մեր ընտանիքի առաջին թոռնիկը, եւ ես դա եւս բաց կթողնեմ։ Սրանք կարեւորագույն պահեր են մեր ընտանիքում, որում բոլորս շատ մոտ ենք եղել ու կանք։ Բայց անձամբ ինձ համար սա զոհողությանս մի մասն է։ Ուզո՞ւմ ես միսիոներ լինել, ուրեմն վերջ. պիտի ամեն ինչ թողնես անցյալում եւ առաջ տանես քո առաքելությունը։ Իսկ ամենից շատ երեւի կարոտում եմ չիզբուրգերները։ Չեք էլ պատկերացնի, թե ինչքա՛ն եմ կարոտում։