logo
ՓԱԿԵԼMenu
Թոմ Քաթինայի դասախոսությունը Երեւանում

Թոմ Քաթինայի դասախոսությունը Երեւանում

2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 22-ին հանրային դասախոսություն կարդաց Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում: Դասախոսության ընթացքում բժիշկը պատմեց իր փորձառության մասին Սուդանի պատերազմական Նուբա լեռներում, որտեղ տարիներ շարունակ նա աշխատում է «Գթության մայր» հիվանդանոցում: Թոմ Քաթինան ավելի քան 700,000 բնակչություն ունեցող բնակավայրի հիվանդանոցի միակ վիրաբույժն է:
«Ես գերմարդ-բժիշկ չեմ, ես ձեզ նման ուսանող էի 25-30 տարի առաջ: Եթե դուք հետաքրքրված եք այս գործով, դուք էլ կարող եք անել այն: Յուրաքանչյուր մարդ կարող է այս գործով զբաղվել. ընդամենը կամքի եւ ցանկության հարց է: Այս աշխատանքը շատ հետաքրքիր է եւ ուժ է տալիս:  Մի՛ վախեցեք Աֆրիկայում գոյություն ունեցող խնդիրներից ու աշխատանքի բարդություններից, - ուսանողներին դիմեց Թոմ Քաթինան, - ես շատ շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք տալիս՝ ներկայացնելու իրավիճակը Նուբայում»: 
 

 

Երեւանի պետական բժշկական համալսարանը Թոմ Քաթինային արժանացրեց պատվավոր դոկտորի կոչման այն բացառիկ մարդասիրական գործունեության համար, որ նա ծավալում է Սուդանի Նուբա լեռներում:
 
 
Դասախոսության ավարտին Թոմ Քաթինան պատասխանեց  ուսանողների եւ դասախոսների հարցերին: 
 
Թոմ Քաթինայի այցը Հայաստան հնարավոր է դարձել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ջանքերով երեք հայ բժիշկների՝ Սուդանի Նուբա լեռներ մեկնելու շնորհիվ, ովքեր բժիշկ Թոմի բացակայության ընթացքում աշխատում են «Գթության մայր» հիվանդանոցում: