logo
ՓԱԿԵԼMenu
Մարդասերները. Արա Երեցյան

Մարդասերները. Արա Երեցյան

1981 թվականին Արա Երեցյանը դարձավ առաջինն այն 20 հայերից, որոնց անուններն ընդգրկված են «Աշխարհի արդարակյացների» ցանկում (պատվավոր կոչում, որն Իսրայելի պետության կողմից շնորհվում է այն ոչ հրեաներին, որոնք Հոլոքոստի ժամանակ վտանգել են իրենց կյանքը, որպեսզի հրեաներին փրկեն նացիստների կողմից ոչնչացվելուց)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Երեցյանը փրկել է ավելի քան 400 հրեայի՝ նրանց թաքցնելով գրավված Բուդապեշտում իր հիմնած հիվանդանոցի շենքում։

Արա Երեցյանը ծնվել է 1918 թվականին Կոստանդնուպոլսում` լինելով ընտանիքի հինգ զավակներից մեկը։ Նրա ծնվելուց շատ չանցած՝ հայերի դեմ չդադարող բռնություններից փրկվելու նպատակով ընտանիքը փախել է Հունգարիա։ 1930-ականներին Երեցյանը միացել է Հունգարիայի ֆաշիստական «Նետ-խաչ» (Arrow Cross) կուսակցության երիտասարդական շարժմանը, սակայն երբ սկսվել են հրեաների հետապնդումները, դուրս է եկել եւ սկսել դերձակությամբ զբաղվել։

1944 թվականի մարտին գերմանական զորքերը գրավում են Բուդապեշտը։ Քաղաքի հրեաների նկատմամբ հայտարարվում է պարետային ժամ, եւ հրահանգվում է նրանց կենտրոնացնել գետտոյում։ Նախքան Լեհաստանի մահվան ճամբարներ ուղարկելը ենթադրվում էր այնտեղ հավաքել ավելի քան 220 հազար մարդու։

Երեցյանն անմիջապես զուգահեռներ է նկատում երեսուն տարի առաջ իր ընտանիքի վերապրած եւ Եվրոպայի կենտրոնում իր աչքի առջեւ ծավալվող իրադարձությունների միջեւ։

Որդին՝ Վիեննայում գործարարությամբ զբաղվող Արա Երեցյան կրտսերը, այսպես է բացատրում հոր դիրքորոշումը. «Տատս բազում պատմություններ էր պատմել Թուրքիայում փոքրամասնությունների հետապնդումների մասին, ուստի հայրս բարոյական պարտավորություն էր զգում անելու ամեն ինչ, որ օգնի միեւնույն իրավիճակում հայտնված մարդկանց։ Վերջին հաշվով՝ նա ընդամենը մարդ էր»։

Երեցյան ընտանիքը (ձախից աջ)՝ կինը՝ Մարիան, դուստրը՝ Սոֆյան, մայրը՝ Սոֆյան, որդին՝ Արա Երեցյան կրտսերը, եւ Արա Երեցյանը։ Լուսանկարը՝ Արա Երեցյանի ընտանեկան արխիվից։

1944 թվականի աշնանը Խորհրդային բանակը մոտենում է Բուդապեշտի մատույցներին։ Արա Երեցյանը, որը դեռ ընդամենը 26 տարեկան էր, նշանակվել էր Բուդապեշտի վեցերորդ շրջանի քաղաքացիական պաշտպանության հրամանատար։ Իլբի Ֆրանկը՝ Երեցյանի փրկած մարդկանցից մեկը, պատմում է. «Ինչպես Երեցյանն ինքը հաղորդեց մեզ, նա պատերազմի ամենասկզբում դուրս էր եկել ֆաշիստական կուսակցությունից, սակայն դրան մեծ ուշադրություն չէր դարձրել։ Ուստի հագավ իր հին զինվորական համազգեստն ու գնաց ներքին գործերի նախարարի մոտ։ Երեցյանը նրան ասաց, որ ռուսներն արդեն շատ մոտ են, քաղաքում շատ են վիրավորները, եւ եղած հիվանդանոցները չեն կարողանում իրավիճակից գլուխ հանել։ Նա առաջարկեց բացել նոր հիվանդանոց, որտեղ կհավաքեր լավագույն բժիշկներին եւ վիրաբույժներին։ Նախարարն ստորագրեց հրամանագիրն ու հիվանդանոցին հատկացրեց անհրաժեշտ ամեն բան։ Դա պարզապես անհավատալի էր»։

Ըստ Ֆրանկի՝ Երեցյանին նաեւ հաջողվեց մի քանի կնիք եւ նախարարի ստորագրությամբ նամակներ գողանալ, որոնք հետո օգտագործում էր հիվանդանոցում ապաստանածներին պաշտպանելու նպատակով։

Հայտնի հոգեբան, հրեական ծագումով հունգարացի Ֆերենց Վյոլգյեսիի հետ նա հիվանդանոց բացեց Զիխի Յենո փողոցի թիվ 1 շենքի նկուղային հարկում։ Այս հիվանդանոցը պետք է փրկեր հարյուրավոր կյանքեր։


 Հոլոքոստը վերապրած Իլբի Ֆրանկը պատմում է (անգլերենով) Արա Երեցյանի կողմից փրկվելու մասին։ Տեսանյութը՝ «Շոա» հիմնադրամ-ինստիտուտի արխիվից:

1944-ի ուշ աշնանը Ռոբերտ Հոլցերն ընդամենը 15 տարեկան էր, երբ մոր հետ տեղափոխվեց մորաքրոջ տուն՝ նացիստական հետապնդումից փրկվելու նպատակով։ Նրա պատմությունը պահվում է Վաշինգտոնի Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանի արխիվում։ Նրա մորաքրոջ մեկ սենյականոց բնակարանում պատսպարվել էր տասն ազգական, ու չնայած նեղվածքին՝ բոլորը երջանիկ էին, քանի որ գոնե կարող են քնել խաղաղ ու անվրդով։ Հոլցերը վստահ է՝ այդ տուն տեղափոխվելու որոշումը ճակատագրական էր, քանի որ դա նույն այն շենքն էր, որում բացվել էր Երեցյանի ու Վյոլգյեսիի կլինիկան։ «Երեցյանը բարձրահասակ ու գեղեցիկ տղամարդ էր։ Ֆաշիստական համազգեստ էր կրում՝ վախեցնելով շատերին, սակայն նա անչափ բարի էր մեր նկատմամբ»,- հիշում է Հոլցերը։

Իր մի քանի հավատարիմ գործընկերների հետ Արա Երեցյանը տեղափոխվեց նկուղային հիվանդանոց։ Վյոլգյեսիի հետ նրանք կարողանում են հիվանդանոցը համալրել բարձրակարգ մասնագետներով։ Այնտեղ կարող էր ապաստան գտնել նացիստների կողմից հետապնդվող յուրաքանչյուր ոք՝ ձեւակերպվելով որպես հիվանդ կամ աշխատակից։ Հատուկ այդ նպատակով Երեցյանը կեղծ փաստաթղթեր էր հայթայթում։ Ընդհանուր առմամբ՝ նրանք կարողացել են փրկել 440 հրեայի, այդ թվում՝ 40 բժշկի։ Չնայած բազմաթիվ հաղորդումներին, թե Երեցյանը հրեաների է թաքցնում, «Նետ-խաչ» կուսակցությունը հազվադեպ էր անհանգստացնում ստուգումներով։ Ֆաշիստների ուշադրությունը վարպետորեն շեղում էին հիվանդանոցի բժշկական նվաճումների վերաբերյալ մանրամասն զեկուցագրերը։

                                                Բուդապեշտ՝ Զիխի Յենո փողոց թիվ 1

Կանադացի բժիշկ Նորբերտ Կերենյին իր «Մի վերապրածի հուշեր» գրքում պատմում է հիվանդանոցում անցկացրած օրերի իր հիշողությունները։ Այն ժամանակ Կերենյին դեռ 17 տարեկան էր։ Մի օր փողոցում հանդիպում է ավագ դպրոցի նախկին դասընկերոջը։ Նացիստական համազգեստով տղան չի սեղմում նախկին ընկերոջ ձեռքը, այլ հակառակը՝ վեցերորդ շրջանի հրամանատարին զեկուցում է, որ տեսել է հիվանդանոց մտնող հրեայի, եւ նրան ձերբակալելու կարգադրություն խնդրում։ Հրամանատարը (Երեցյանն ինքը) ասում է, որ անձամբ է ճանաչում այդ հրեային, եւ ավելացնում, որ եթե երիտասարդն այդքան լի է հայրենասիրական ավյունով, ապա լավ կլինի մեկնի ռազմաճակատ՝ պատերազմի։

«Սա իսկապես վտանգավոր պահ էր, բայց մեր հրամանատարը՝ Երեցյան Արան, պաշտպանեց ինձ»,- գրում է Կերենյին։

Հիվանդանոցը կարեւոր դեր խաղաց քաղաքի կյանքում, քանի որ շրջանի բնակիչներն այնտեղ կարողանում էին անվճար բուժօգնություն ստանալ։ 1944 թվականի նոյեմբերին, երբ Խորհրդային բանակը պաշարել էր Բուդապեշտը, հիվանդանոցը վերածվել էր լիարժեք ռազմական հոսպիտալի։ Պաշարման ընթացքում նացիստները տպավորվել էին Երեցյանի հայրենասիրությամբ, քանի որ նա սեփական միջոցներով բուժում ու խնամում էր հունգարացի զինվորներին ու Բուդապեշտի քաղաքացիներին։ 

Երեցյանի հիվանդներից մեկի համար կեղծված փաստաթղթերը։ Լուսանկարը՝ Բաց հասարակության ինստիտուտի արխիվից։

«Պաշարման օրերը լի էին տարբեր իրադարձություններով, երբ անընդհատ ինչ-որ բան էր տեղի ունենում։ Ինչ-որ իմաստով սա կարելի է համեմատել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում վկայված դեպքերի հետ, երբ հայերի փոքրաթիվ խումբը պայքարում էր թուրքերի նախագծած հոլոքոստի դեմ։ Մեր դիմադրությունը պասիվ էր եւ կյանքի կոչվեց կեղծված փաստաթղթերի ու հիվանդանոցի պաշտպանության շնորհիվ»,– գրել է Նորբերտ Կերենյին Բուդապեշտի պաշարման ժամանակ հիվանդանոցում անցկացրած կյանքի մասին։

Նախքան գերմանացիների կողմից ռազմակալումը՝ Բուդապեշտում բնակվում էր ավելի քան 250 հազար հրեա։ Հոլոքոստի տարիներին նացիստները ոչնչացրին այդ մարդկանց մեծագույն մասին։ Զանգվածային սպանությունները շարունակվեցին մինչեւ ամենավերջին օրերը, երբ քաղաք մտավ խորհրդային բանակը։

Գետտոյից դուրս՝ յուրաքանչյուր հրեայի ուղարկում էին մահվան երթի Դանուբի ուղղությամբ։

Հիվանդանոցի շենքում ապրում էր նաեւ մի քանի ոչ հրեա ընտանիք։ Նրանց մի մասը հույս ուներ, թե որոշակի պաշտպանության հնարավորություն կտրվի, երբ Կարմիր բանակը մտնի քաղաք։ Սակայն նույնիսկ այդ ժամանակ գտնվում էին այնպիսիք, որոնք շարունակում էին մատնություն գրել հարեւանների վրա։

Արա Երեցյանը կնոջ՝ Մարիայի, դստեր՝ Սոֆյայի եւ որդու՝ Արայի հետ, 1956 թվական։ Լուսանկարը՝ Արա Երեցյանի ընտանեկան արխիվից։

«Քաղաքի գրավումից ոչ շատ առաջ հարեւաններից մեկը մատնեց մեզ, եւ ֆաշիստները փորձեցին զինաթափել Երեցյանի մարդկանց ու խափանել մեր պաշտպանությունը։ Նա իրար էր խառնվել։ Մենք պատրաստվեցինք հավաքվելու ու գնալու, բայց հանկարծ Արան հետ եկավ՝ բարձրաստիճան մի պաշտոնյայից վերցրած ինչ-որ փաստաթղթով, ու նրանց հրամայեց անմիջապես հեռանալ, քանի որ դա պաշտպանվող տարածք էր, իսկ հիվանդանոցն աշխատում էր կառավարության համար»,- վերհիշում է Հոլցերը։

Ահա թե ինչպես է այս պատմությունը հիշում Իլբի Ֆրանկը. «Հունվարի 2-ի վաղ առավոտյան հունգարական նացիստները մեզ քնից հանեցին եւ հրամայեցին դուրս գալ բակ։ Ցրտաշունչ ձմեռ էր։ Ապա երեւաց Երեցյանը՝ նացիստական համազգեստը հագին, եւ հրամայեց ոչ ոքի չդիպչել, քանի դեռ ինքը չի խոսել բարձրաստիճան ղեկավարության հետ։ Մի քանի ժամ անց Արան վերադարձավ՝ նախարարի ստորագրությամբ նամակը ձեռքին։ Երկու օր անց Երեցյանն ամուսնուս խոստովանեց, որ չէր կարողացել գտնել նախարարին, քանի որ կառավարությունն արդեն լիակատար քաոսի մեջ էր։ Եւ ընդամենը վերցրել էր նախարարի ստորագրությամբ թղթի մի կտոր, ինքնուրույն շարադրել տեքստն ու կնքել ավելի վաղ իր գողացած կնիքներից մեկով»։

 

Արա Երեցյան կրտսերը դուստրերի՝ Կոնստանսի ու Կլարիսայի հետ։ Լուսանկարը՝ Արա Երեցյանի ընտանեկան արխիվից։

1945 թվականի փետրվարի 13-ին Բուդապեշտը գրավվեց Խորհրդային բանակի կողմից, որն սկսեց ձերբակալել նացիստներին եւ նրանց համագործակիցներին։ Քաղաքի ազատագրումից հետո Արա Երեցյանը նույնպես ձերբակալվեց եւ վեց ամիս անցկացրեց խորհրդային հետախուզական ծառայության կալանավայրում։ «Այնտեղ նա հանդիպեց ծագումով հայ մի բանտապանի, որը նրան խորհուրդ տվեց ոչ մի խոստովանություն չստորագրել։ Այսպիսով, բազմաթիվ կտտանքների ենթարկվելուց հետո, նա վերջապես ազատ արձակվեց»,- պատմում էր Արա Երեցյան կրտսերը։

1960-ականների սկզբին Արա Երեցյանը տեղափոխվեց Վիեննա։ Նա կապ էր պահպանում իր փրկած մարդկանցից շատ քչերի հետ միայն։

«Հայրս երախտագիտությանը գրեթե ուշադրություն չէր դարձնում։ Նրա համար իր գործողություններն ինքնըստինքյան ենթադրվող բան էին»,- ասում է նրա որդին։

1982 թվականին էր միայն, որ Ավստրիայում Իսրայելի դեսպանն ու Հայ եկեղեցու եպիսկոպոսը Վիեննայի հայկական եկեղեցում տեղի ունեցած արարողության ընթացքում Արա Երեցյանին շնորհեցին Յադ Վաշեմի հուշամեդալ։

Արա Երեցյանը վախճանվել է 2010 թվականին՝ 92 տարեկանում։

«Տարիներ ի վեր ոչ ոք առանձնապես հետաքրքրված չէր փրկության այս պատմությամբ։ Սակայն վերջին ժամանակներս հորս մի քանի շքանշան է շնորհվել հետմահու։ Հենց հիմա նրա մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում, իսկ հիվանդանոցի շենքի ճակատին նախատեսում են հուշատախտակ փակցնել»,- հպարտությամբ ամփոփում է Արա Երեցյան կրտսերը։


Գլխավոր նկարում՝ Արա Երեցյանը