logo
ՓԱԿԵԼMenu
Հանդիպում 2019թ. Ավրորայի հերոսների հետ

Հանդիպում 2019թ. Ավրորայի հերոսների հետ

«Մենք բոլորս ապրում ենք միեւնույն աշխարհում: Կամ մենք կոչնչացնենք այն, կամ կփրկենք: Համամարդկային արժեքները, այդ թվում՝ հավատն ու սերն են բանալին: Մենք չունենք այլընտրանք: XXI դարում եթե մենք ոչինչ չփոխենք, ինքներս մեզ կոչնչացնենք, եւ մեր երեխաներն ապագա չեն ունենա»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ միաժամանակ թվարկելով «Ավրորան» համահիմնադրելու իր անձնական հինգ պատճառները: Նա ավելի քան համոզիչ էր, երբ ասում էր, որ ուրիշներին օգնելը մեզ ավելի ուժեղ է դարձնում, քան փողն ու իշխանությունը: 

2019թ. «Ավրորայի» հերոսների հետ հանդիպման հիմնական թեմաները կարեկցանքն ու անձնազոհությունն էին: Երեք բացառիկ մարդասերներ իրենց փորձն ու պատմությունն էին ներկայացնում Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) հավաքված մարդկանց (2019թ. հոկտեմբերի 17): ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսն առաջինը ողջունեց հյուրերին. ««Ավրորայի» առաքելությունը շատ մոտ է մեզ: «Ավրորա» մրցանակի հետ մեր համագործակցությունն սկսվում է վերջինիս հիմնադրումից: ... Այսպիսի համագործակցություններն էական են՝ հայոց պատմությունը ներկայացնելու ու մեզ համար ավելի լավ ապագա կառուցելու տեսանկյունից»:

Աշխարհի տարբեր անկյուններից հազարավոր մարդիկ են առաջադրվել «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար. ընտրվել է 14 «Ավրորայի» հերոս: Նրանցից յուրաքանչյուրի պատմությունը խիզախության, նվիրումի եւ մարդկանց փրկելու մասին է՝ վտանգելով սեփական կյանքը: Աշխարհի ցանկացած կետում դժվարին իրավիճակում գտնվող շրջաններում այս հերոսների կատարած աշխատանքն ու նրանցից յուրաքանչյուրի դրսեւորած խիզախությունն արժանի են հիացմունքի:

««Ավրորա» մրցանակը համեմատաբար երիտասարդ նախաձեռնություն է: Այն մոտավորապես չորս տարեկան է եւ փորձում է աշխարհի ուշադրությունը հրավիրել այսօր այս մոլորակում ապրող մարդկանց վրա, որոնք փրկում են ուրիշներին եւ հսկայական ազդեցություն գործում, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության եւ մարդասիրության ոլորտներում»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

««Ավրորան» եզակի է նրանով, որ այս մրցանակը տրվում է մարդկանց, որոնք դեռ այնքան էլ հայտնի չեն աշխարհում: Նրանք մարդիկ են, որոնք աշխատում են ստվերում, կարծես, վակուումի մեջ: Եվ հույս կա, որ «Ավրորան» հատուկ ուշադրություն կհրավիրիր նրանց աշխատանքին եւ աշխարհին կպատմի ճգնաժամի մեջ հայտնված մարդկանց մասին, որոնց եւ փրկում են այս հերոսները»,- ավելացրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան: Նա սեփական օրինակով եւ փորձով պատմեց, թե իրականում ինչպես է «Ավրորան» փոխում մարդկանց կյանքը:

2019թ. «Ավրորայի» հերոսների հետ հանդիպումն ու զրույցը վարում էր Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը. ««Ավրորան», ինչպես հասարակական այլ կազմակերպություններ, հիմնարար աշխատանք է իրականացնում` աստվածային գործ, մարդկային աշխատանք, աշխատանք, որը կապված է արդարության եւ մարդկանց կյանքը փրկելու հետ: Ոչ թե կառավարություններն, այլ մարդիկ են անում այդ գործը»:

Սալբի Ղազարյանը ներկայացրեց «Ավրորայի» երեք հերոսներին՝ Միրզա Դինայիին, Հուդա ալ-Սարարիին եւ Զանա Բուկար Մուստաֆային, մարդիկ, որոնք ազատագրել են կանանց «Իսլամական պետության» գերությունից, բացահայտել Եմենի գաղտնի բանտային ցանցը եւ բանակցել Նիգերիայում առեւանգված աշակերտուհիների ազատ արձակման համար: Այս հերոսները պատմեցին իրենց անցած ճանապարհի եւ անհավանական դժվարությունների մասին, այն ամենի, ինչը ոգեշնչում է իրենց՝ շարունակելու փրկել ուրիշներին, թեկուզ վտանգելով սեփական կյանքը: Այս հանդիպումը անկեղծ զրույց էր անցյալի, ապագայի եւ «Ավրորայի» մասին:

«Կարծում եմ՝ այն, ինչ անում են հայերն ու «Ավրորան»,  ցույց պետք է տա աշխարհին, որ սա միայն հայերին չի վերաբերում: Նրանք մտածում են ամբողջ աշխարհի մասին, քանի որ բոլորս նույն արժեքների կրողն ենք: Եվ միայն զոհն է, որ լավագույնը կարող է հասկանալ ուրիշ զոհերին: Ցեղասպանության հետեւանքների մասին լավագույնը հասկանում են մարդիկ, որոնք արդեն վերապրել են ցեղասպանություն»,- ասաց Միրզա Դինային:

««Ավրորան» ես դիտարկում եմ նաեւ այլ տեսանկյունից: Այն հարթակ է, որը կարող է հեռուն գնալ: Այս մոդելը կարող է կրկնօրինակվել ամենուրեք: Սա եզակի եւ հատուկ հարթակ է, որը կարող է շատ մարդկանց ոգեշնչել»,- ավելացրեց Զանա Բուկար Մուսաֆան:

«Ավրորա» մրցանակի դափնեկիրն ստանում է 1 մլն ԱՄՆ դոլարի պարգեւ, որը նրան հնարավորություն է տալիս շարունակելու երախտագիտության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին: «Ավրորայի» հերոսներին, ապա՝ դափնեկրին ընտրում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը: Այդ հերոսներից յուրաքանչյուրն իր ծրագրերն ունի, թե ինչպես աշխարհը դարձնել ավելի լավը:

«Ամենակարեւորն այն է, որ մենք հավատանք մեր առաքելությանը, շարունակենք աշխատել, ու զոհերի, ինչպես նաեւ նրանց մայրերի ու քույրերի հավատը մեզ ավելի ուժեղ դարձնի: ... Հայաստանն ինձ համար մեծ երկիր է, որովհետեւ այն հույս է տալիս մարդու իրավունքների պաշտպաններին, որոնք աշխատում են, որպես կանոն, ուշադրությունից դուրս մնացած վայրերում: Ես շնորհակալ եմ Հայաստանին՝ այս Մրցանակը շնորհելու համար, շնորհակալ եմ Հայոց ցեղասպանության զոհերին, որոնք կյանքից հետո էլ շարունակում են պայքարը»,- ասաց եմենցի ակտիվիստ Հուդա ալ-Սարարին՝ ներկայացնելով, թե ինչպես է ապագայում շարունակելու աշխատել Եմենի գաղտնի բանտերում ապօրինի անազատության մեջ հայտնվածների եւ նրանց ընտանիքների հետ:

Երբեմն մարդկանց փրկելու եւ նրանց պաշտպանելու ցանկությունն այս անձնազոհ մարդկանց հեռուն է տանում՝ դուրս բերելով անվտանգության եւ ապահովության սահմաններից, բայց նրանք երբեք չեն նահանջում: Նրանք ակնածանքի արժանի մարդիկ են եւ ուժեղ այնքան, որ իրենց պատմություններով կարող են ոգեշնչել ցանկացած մարդու՝ առանց թաքցնելու սեփական ցավն ու տառապանքները: Կորցնելով սեփական երեխային, հայտնվելով մահվան եզրին, վերադառնալու ուժ գտնելով եւ շարունակելով պայքարը. այսպիսին են նրանք՝ մերօրյա հերոսները: Նրանք «Ավրորայի» հերոսներն են:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա չորրորդ մրցանակը շնորհվեց «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպության («Օդային կամուրջ Իրաք») համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինայիին 2019թ. հոկտեմբերի 20-ին: Նա 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր հայտարարվեց մրցանակի շնորհման արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ Երեւանում՝ «Ավրորա» ֆորումի շրջանակում:  

Տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել ստորեւ (անգլերեն):