logo
ՓԱԿԵԼMenu
ԱՇԽԱՐՀԸ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ

ԱՇԽԱՐՀԸ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ

Բեռլինյան քննարկումների բացման նիստին ներկա էին Նուբա լեռների «Գթության մայր» հիվանդանոցի բժիշկ, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան, Գերմանիայի Ավետարանչական Եկեղեցու Հոգեւոր Խորհրդի նախկին նախագահ Վոլֆգանգ Հուբերը, Գերմանիայի կանաչների կուսակցության նախկին համանախագահ, Գերմանական խորհրդարանի անդամ Ջեմ Օզդեմիրը, «Հավար» կազմակերպության հիմնադիր նախագահ, գրող եւ կինոնկարահանող Դյուզեն Թեքալը եւ Տանիա ֆոն Ուսլար-Գլայխենը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների, միջազգային զարգացման եւ սոցիալական հարցերի գծով տնօրեն, Կայուն զարգացման բաժնի համակարգող: «Աշխարհը՝ ճնշման տակ» քննարկումը վարում էր հեռուստահաղորդավար, Լոնդոնի Քինգզ քոլեջի արտասահմանյան պրոֆեսոր Նիք Գաուինգը։

Նիստի մասնակիցներին եւ հյուրերին բացման խոսքով ողջունեց սոցիալական ներդրող եւ ձեռներեց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչ գործընկերներին, որոնց ջանքերի շնորհիվ միջոցառումն իրականություն դարձավ: Ընդգծեց, թե որքան կարեւոր են անհատական կապերն ու սերտ շփումները, երբ խոսքը վերաբերում է համաշխարհային խնդիրների լուծմանը:

«Ես հավատում եմ, որ փոփոխություն բերելու միայն մեկ ճանապարհ կա՝ ստեղծել մարդկանց ցանց, որոնք վստահում են միմյանց: Ոչ թե կազմակերպությանը կամ հաստատությանն են վստահում, այլ իրար՝ անձնապես, մարդիկ, որոնք նույն արժեքներն ունեն»,- ասել է նա:  

 

 

Գերմանական խորհրդարանի անդամ Ջեմ Օզդեմիրը եւս կարեւորեց անձնական պատասխանատվությունն աշխարհում հանդիպող խնդիրների համար. «Այս ամենը կատարվում է, որովհետեւ մենք թույլ ենք տալիս: Հեղինակը ոչ թե Աստված է, այլ մենք՝ մեր թողտվությամբ: Հետեւաբար՝ մենք կարող ենք դադարեցնել դա»,- բացատրել է Ջեմ Օզդեմիրը:

Նուբա լեռների «Գթության մայր» հիվանդանոցի բժիշկ եւ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան վերահաստատեց իր հավատը մարդկության հիմնարար արժեքների նկատմամբ:

«Կյանքը պետք է վեր դասվի ամեն ինչից՝ բիզնեսից, առեւտրից, ամեն ինչից: Եթե չես արժեւորում կյանքը, եթե կարծում ես, որ ամերիկացու կամ եվրոպացու կյանքն ավելին արժի, քան լեռներում ապրողներինը, հաստատ խնդիր ունես»,- ասաց  նա:

Գրող եւ կինոնկարահանող, «Հավար» կազմակերպության հիմնադիր նախագահ, Դյուզեն Թեքալը նկատեց, որ այդ արժեքները պաշտպանության կարիք ունեն. «Սեփական փորձով եմ համոզվել եւ կարծում եմ, որ պետք է պայքարենք մեր արժեքների համար, ժողովրդավարական արժեքների՝ Եվրոպայում, ինչպես նաեւ Միջին Արեւելքում եւ ամբողջ աշխարհում: Պայքարել արժեքների համար՝ նշանակում է ոտքի կանգնել հանուն ժողովրդավարության»: 

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների, միջազգային զարգացման եւ սոցիալական հարցերի գծով տնօրեն, Կայուն զարգացման բաժնի համակարգող Տանիա ֆոն Ուսլար-Գլայխենը խոսեց իր հիասթափությունների մասին:

«Մենք բոլորս էլ զգում ենք, որ պետք է ավելին անել, բայց, կարծես, սահմանափակված լինենք: Հաճախ մենք կանխելու փոխարեն՝ հետեւանքների հետ գործ ունենք... Այս նիստին խոսեցինք նաեւ անպատժելիության եւ դրա հետեւանքների մասին: Անպատժելիության հանգամանքն ինքնին նպաստում է բռնության կիրառմանը»,- ցավով նշեց նա:

Գերմանիայի Ավետարանչական Եկեղեցու Հոգեւոր Խորհրդի նախկին նախագահ Վոլֆգանգ Հուբերը կարեւորեց հոգեւոր առաջնորդների եւ համայնքների դերը, որոնք կարող են բարձրացնել իրազեկությունը մարդու իրավունքների խախտման վերաբերյալ: 

«Մենք ունենք միջոցներ՝ ներկայացնելու այդ խախտումները: Մի տեղ եղածի մասին պետք է խոսել ամեն տեղ: Իմ կարծիքով՝ հոգեւոր կառույցները եւ համայնքները հատուկ պատասխանատվություն ունեն այս գործում»,- պնդեց նա:

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել անգլերենով.