logo
ՓԱԿԵԼMenu
Համաշխարհային կոալիցիան գործարկում է Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը

Համաշխարհային կոալիցիան գործարկում է Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը

ՄԱԿ-ի 2018թ. Ընդհանուր վեհաժողովի շրջանակում RefugePoint («Ապաստանատեղի») կազմակերպությունը, Փախստականների հարցերով կանանց կոմիտեն (Women’s Refugee Commission) եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը համատեղ անցկացրին «Ավելի լավ կյանք այսօր. փախստականների ինքնապահովում» խորագրով համաժողով։ Այն նպատակ ուներ գործարկելու Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը (Refugee Self-Reliance Initiative), որը տարբեր կազմակերպությունների, պետական գործակալությունների, հիմնադրամների, գիտահետազոտական ինստիտուտների եւ այլ գործընկերների կոլիացիայի համատեղ ձեռնարկումն է եւ կենտրոնանում է ինքնաբավ դառնալու գործում փախստականների հնարավորություններն առաջ մղելու վրա։

Փախստականների ինքնապահովման նախաձեռնության հայտարարության մեջ ասված է, որ նպատակ է դրվել հինգ տարում հասանելի դառնալ հինգ միլիոն փախստականի՝ ինքնապահովման խնդրի վրա առանձնակի կենտրոնացմամբ։ Կազմակերպությունն ստեղծելու եւ փորձարկելու է չափման նոր գործիք՝ Ինքնապահովման ցուցիչը (Self Reliance Index), որով չափվելու է ինքնապահովման ուղղությամբ փախստականների առաջընթացը՝ հընթացս բարձրացնելով դրա մասին իրազեկվածությունն աշխարհում։

Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը նշեց. «Մենք խորապես հավատացած ենք, որ փախստականները եւ հատկապես նրանք, ովքեր անցել են տառապանքների եւ բռնությունների միջով, հսկայական ներուժ ունեն աշխարհը վերափոխելու հարցում։ Ես սա լավ գիտեմ, քանի որ հայազգի մեր նախնիները հենց դա են արել։ Մեզ անչափ հաճելի է լինել Ինքնապահովման նախաձեռնության մի մասնիկը, քանի որ դա մարդասիրական հզոր նախաձեռնություն է, որը ցույց է տալու աշխարհին, որ փախստականներն ամենաանգնահատելի ռեսուրսն են, երբ հարցը հանգում է նրանց առջեւ ծառացող խնդիրների լուծմանը գլոբալ մասշտաբով»։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների համաձայն՝ փախստականների 80%-ը տեղաբաշխվում է զարգացող երկրներում, իսկ նրանց տարաբնակեցման միջին ժամանակահատվածը կազմում է 20 տարի։ Սույն միջոցառման ընթացքում շեշտվեցին այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել մասնավոր սեկտորի, դոնոր եւ ընդունող կառավարությունների, փախստականների փոխօգնության խմբերի եւ աջակից համայնքի կողմից՝ օգնելու փախստականներին տնտեսական եւ սոցիալական մասնակցություն ցուցաբերել ընդունող երկրներում՝ հանուն նրանց բարօրության։

Նյու Նորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանն ասաց. «Մեզ համար պատիվ է օժանդակել Փախստականների ինքնապահովման նախաձեռնությանը, քանի որ այն համահունչ է այն խնդիրներին ու նպատակներին, որոնք ունի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ համընդհանուր մարդկայնության նկատմամբ մեր նվիրման առհավատչյան, եւ աջակցություն մատուցելով՝ հույս պարգեւել նրանց, ովքեր ունեն տարրական մարդասիրական օգնության ամենահրատապ կարիքը։ Կարեւոր է բարձրացնել փախստականների կարիքներին առնչվող բովանդակալից եւ նորարարական համաշխարհային լուծումների շուրջ աշխարհի իրազեկությունը, որպեսզի բոլորս կարողանանք գտնել նրանց օգնելու պատշաճ ուղիներ»։

RefugePoint կազմակերպության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Սաշա Չանովը հավելեց. «Ճգնաժամային արդի ժամանակաշրջանում, երբ վերջին 20 տարվա ընթացքում տեղահանվածների թիվն արդեն գերազանցել է 25 միլիոնը, աշխարհին անհրաժեշտ են փախստականների համար նորովի լուծումներ։ Նորարարական ծրագրերով եւ հաջողության չափման գործիքներով զինված Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը նպատակ ունի հինգ տարվա ընթացքում հասանելի դառնալու հինգ միլիոն փախստականների՝ նրանց բոլորին ուղղելով ինքնապահովման ուղով եւ կյանքի կոչելով Փախստականների համաշխարհային համաձայնագրի նպատակները»։

Փախստականների հարցերով կանանց կոմիտեի գործադիր տնօրեն Սառա Կոշտան նշեց. «Փախստականների եւ տեղահանված բնակչության ինքնապահովման առաջխաղացումն այժմ առավել քան երբեւէ կարեւոր է։ Սա այն է, ինչ փախստականներն իրենք են ցանկանում։ Սա նաեւ այն փոփոխության մի մասն է, որն անհրաժեշտ է հումանիտար համակարգին»։

«Ավելի լավ կյանք այսօր» մեկնարկային միջոցառման նպատակն է հիմք ընդունելով շարունակել այն դրույթները, որոնք ներառված են Փախստականների համաշխարհային համաձայնագրում (GCR), որը ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ընթացքում կներկայացվի անդամ երկրներին՝ ստորագրության։ Համաձայնագրի վերջնական տարբերակն իր նպատակների շարքում ներառում է փախստականների «ինքնապահովման բարելավումը»՝ որպես դրույթ։