logo
ՓԱԿԵԼMenu
ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՐ՝ ՀԱՍՆԵԼՈՒ ԿԱՅՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՐ՝ ՀԱՍՆԵԼՈՒ ԿԱՅՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Երրորդ քննարկման ընթացքում 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան, Hainan Cihang բարեգործական հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Ֆիլիպ Ռյոսլերը, Safari Doctors կազմակերպության հիմնադիր, CNN հեռուստաընկերության 2017թ. հերոս Ումրա Օմարը եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամի տնօրեն Մայք վան Քաուվենբերգը, հավաքվել էին վերլուծելու, թե որոնք են լավագույն ուղիները, որոնցով բիզնեսը, կառավարությունը, շահույթ չհետապնդող կազմակերպությունները եւ տեղում գործող կառույցները կարող են համատեղ աշխատել կայուն լուծումներ ստեղծելու ուղղությամբ։ 
 

««Ավրորա» մարդասիրության ցուցիչ հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ մեծ հավատ ունեն տեղական հասարակական կազմակերպությունների հանդեպ, սակայն հենց նրանց է, որ մենք ամենաքիչ միջոցներն ենք հատկացնում։ Հաշվետվողականության պահանջներն իրապես թերագնահատում են այն արդյունքը, որին կարելի է հասնել»,– ասաց Ումրա Օմարը՝ քննարկելով  կազմակերպությունների գործած ազդեցությունը։ Ֆիլիպ Ռյոսլերն ապա ընդգծեց, որ բազմաթիվ դեպքերում դժվար է եղել նույնիսկ ֆինանսավորում ստանալ մի նախագծի համար, որը դուրս է եղել նվիրատուների անմիջական տեսադաշտից։ «Երբեմն մեծ պայքար է անհրաժեշտ տանել [Հոնկոնգի] Մեծ Ծոցի շրջանի «բարի» տղաների հետ, որպեսզի մի կերպ հասկացնես, որ դրանից դուրս մի ամբողջ երկիր գոյություն ունի։ Իսկ իրականում դրանից դուրս մի ամբողջ տիեզերք կա»,– շեշտեց բանախոսը։

Մայք վան Քաուվենբերգն ընդգծեց պատշաճ համագործակցության կարեւորությունը, ինչը գիտակցում են ե՛ւ համաշխարհային կառույցները, ե՛ւ տեղական ակտիվիստները։ «ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների 17-րդ կետը կոչված է առաջխաղացնելու մասնակից բոլոր կողմերի միջեւ գործընկերությունն ինչպես պետական եւ մասնավոր բիզնեսի մակարդակներում, այնպես էլ հասարակական կազմակերպությունների մակարդակում»,– հիշեցրեց նա քննարկման մասնակիցներին։ Կայուն փոփոխություններ ձեւավորող համագործակցության դրական օրինակ ներկայացնելու համար 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան լսարանին պատմեց «Ավրորայի» կրթաթոշակային ծրագրի մասին, որը ներգրավում է բժիշկ-կամավորների՝ աշխարհի տարբեր կետերում առողջապահությունը մարդկանց ավելի հասանելի դարձնելու նպատակով։ «Նրանք վերապատրաստում են տեղացիներին, ինչը մնայուն փոփոխություն է գործելու, սակայն 10-15 տարի անց»,– մեկնաբանեց Քաթինան։

Քննարկումը վարող, BBC Panorama հեռուստաընկերության մրցանակակիր լրագրող եւ կինոռեժիսոր Ջեյն Քորբինն ապա բեմ հրավիրեց Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին, որը եզրափակեց 2018թ. Aurora Dialogues երեւանյան քննարկումները՝ ամփոփելով. «Մենք հուսով ենք, որ «Երախտագիտությունն՝ ի գործ» նշանաբանը մարդկանց կդրդի ներգրավվել այս գործընթացում։ Մեր նշանաբանի «երախտագիտություն» հատվածն անհրաժեշտ ազդակն է, իսկ «ի գործը»՝ ազդեցությունը»։

2018թ. հունիսի 9-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անցկացրեց Aurora Dialogues երեւանյան երրորդ քննարկումըը՝ «Ոգեշնչիր, զորացրու, ազդիր» խորագրով։ Քննարկումները հնարավոր էին դարձել Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցության եւ «Գլոբալ հեռանկարներ» (Global perspectives) նախաձեռնության հետ համագործակցության շնորհիվ։ Առաջին եւ երկրորդ քննարկումների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել այստեղ եւ այստեղ։