logo
ՓԱԿԵԼMenu
ՏԵՂԵԿԱՑՐՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒ

ՏԵՂԵԿԱՑՐՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒ

2018թ. Aurora Dialogues-ի առաջին քննարկումը, որին մասնակցում էին մարդասիրության եւ մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզի նշանավոր ներկայացուցիչներ, մեկնարկեց BBC Panorama հեռուստաընկերության մրցանակակիր լրագրող եւ կինոռեժիսոր Ջեյն Քորբինի ողջույնի խոսքով։ Ապա հետեւեց Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի ուղերձը, որում անդրադառնալով քննարկումների նպատակին՝ ասաց. «Ամենուրեք՝ Աֆրիկայում, Ասիայում եւ նույնիսկ Անտարկտիդայում, շատ են բարի կամքի տեր մարդիկ։ Նրանց պետք է հնարավորություն տալ, որպեսզի իրենց մեկուսացած չզգան, որպեսզի մասնակից դառնան ինչ-որ բանի՝ կարեւոր մի բանի»։ 
 

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Սամանտա Փաուերը հաջորդիվ պարզաբանեց, թե ինչ է նշանակում գերհագեցած լինել աշխարհի հումանիտար ճգնաժամերից եւ թե ինչ կարելի է անել անտարբերության եւ հոգնության դեմ պայքարելու համար. «Մեզնից ոչ ոք (դահլիճում ներկա յուրաքանչյուրի նման ես էլ եմ տառապում սրանից) չպիտի կաթվածահար լինի այն փաստից, որ մենք չենք կարող միանգամից լուծել կառուցվածքային բոլոր մեծ հիմնախնդիրները։ Ես միշտ փորձում եմ մտածել, որ ինչ էլ լինի՝ միշտ կա մի բան, որ կարելի է անել»,– ասաց դեսպան Փաուերը։

Բրյուսելի ազատ համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Դիրք Յակոբսը ներկայացրեց  2018թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչ հանրային հետազոտության արդյունքները, որոնց հետեւեց քննարկում, որի ընթացքում Refugees Deeply մեդիանախագծի հիմնադիր խմբագիր Պրեեթի Նալլուին եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին միացան «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի երկու անդամներ՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր Բերնարդ Քուշները եւ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն։

Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց, թե հետազոտության համար ինչ տրամաբանությամբ են ընտրվել առանձին երկրները՝ մեկնաբանելով նաեւ, թե ինչ արդյունք էին ակնկալում. «Մենք ներառել ենք միմյանցից տարբերվող մտածողությամբ եւ կրոններով երկրներ, որպեսզի տեսնենք, թե ինչպես են այդ տարբերություններն արտացոլվում հետազոտության մեջ։ Այժմ դուք եւս կարող եք տեսնել ընկալման այն տարբերությունները, որ կան, ասենք, Ռուսաստանում եւ Իրանում»,– ասաց բանախոսը։
Պրեեթի Նալլուն ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 2017 թվականին ամենամեծ թվով փախստականների ընդունած երկրները՝ Թուրքիան, Պակիստանը եւ Լիբանանը, դա ոչ միայն անում են առանց միջազգային պատշաճ ճանաչման արժանանալու, այլեւ հաճախ առանց անհրաժեշտ դրամական օժանդակության, երբեմն նույնիսկ՝ վերջինիս լիակատար բացակայությամբ։ «Անհրաժեշտ է ցույց տալ, որ այս երկրներից շատերը բավականին տոկուն են։ Եւրոպական ֆինանսավորումը վերջին տարիներին չի նվազել, սակայն նրանք նոր ուղիներ են մշակում, որպեսզի օգնեն այն փախստականներին, որոնք դեռ երկար են մնալու երկրում»,– շեշտեց բանախոսը։

Էռնեստո Սեդիլյոն ցավով խոսեց լրատվամիջոցներում անդադար շրջանառվող թյուր պատկերացումների մասին, որոնց պատճառով դրանցից ազատվելն այլեւս չափազանց դժվար է։ «Վերջին տարիներին մենք լսում ենք միայն, որ առեւտուրը վատ է, որ միգրացիան վատ է, որ Չինաստանը սպառնալիք է դառնում։ Աշխարհում տեղի ունեցող կամայական վատ բանում միշտ մեղադրվում են ուրիշները։ Իսկ մարդիկ լսում են եւ  հավատում, թե ասվածը ճիշտ է»,– մեկնաբանեց նա։ Բերնարդ Քուշները, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց. «Վախը չափազանց մեծ է։ Այնինչ փախստականները հանցագործներ չեն։ Այդ մոտեցումը բացարձակ ճիշտ չէ։ Մասամբ դա լրատվամիջոցների մեղավորությունն է, սակայն քաղաքական գործիչները եւս նույնքան պատասխանատու են»։

2018թ. հունիսի 9-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անցկացրեց Aurora Dialogues երեւանյան երրորդ քննարկումըը՝ «Ոգեշնչիր, զորացրու, ազդիր» խորագրով։ Քննարկումները հնարավոր էին դարձել Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցության եւ «Գլոբալ հեռանկարներ» (Global perspectives) նախաձեռնության հետ համագործակցության շնորհիվ։ Երկրորդ եւ երրորդ քննարկումների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել այստեղ եւ այստեղ։