logo
ՓԱԿԵԼMenu
2018թ. Aurora Dialogues երեվանյան քննարկումներ

2018թ. Aurora Dialogues երեվանյան քննարկումներ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ոգեշնչիր, զորացրու, ազդիր» նշանաբանով 2018թ. Aurora Dialogues երեւանյան քննարկումների կազմակերպմանն աջակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը` Global Perspectives Initiative-ի հետ համագործակցությամբ: Նշանավոր մարդասերներ, գիտնականներ, բարերարներ, գործարարներ ու քաղաքացիական հասարակության անդամներ կհավաքվեն Հայաստանում՝ մասնակցելու Aurora Dialogues երեւանյան երրորդ համաժողովին, որի ընթացքում փորձագետները մասնագիտական քննարկումներ կվարեն մերօրյա առավել հրատապ հումանիտար հիմնախնդիրների շուրջ։ Այս տարվա երեւանյան համաժողովի ուշադրության կենտրոնում լինելու է անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու եւ ավելի լավ ապագա ձեւավորելու կարեւորությունը։ Ելույթների, եւ հարցուպատասխանների միջոցով մասնակիցները կուսումնասիրեն, թե ոգեշնչումն ու զորացումը ինչպես կարող են օգնել հասնելու տեւական եւ մնայուն փոփոխությունների։

«Ավրորա» մրցանակի ոգուն համահունչ՝ Aurora Dialogues քննարկումները լույս են սփռում այն մարդկանց գործունեության վրա, որոնք ջանք չեն խնայում ոճիրներին դիմագրավելու եւ դրանց դեմ լրջագույն պայքար մղելու համար՝ փնտրելով ու գտնելով այնպիսի ուղիներ եւ գաղափարներ, որոնք ունակ են հանգեցնելու էական փոփոխությունների։ Ամենամյա քննարկումների գլխավոր ծրագիրը տեղի է ունենում Հայաստանում՝ որպես «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը նախորդող միջոցառումների մաս։

Aurora Dialogues անդրանիկ քննարկումները մեկնարկել եւ ընթացել են 2016թ. ապրիլի 23-ին, Մատենադարանում։ Մասնակիցները, որոնց թվում էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ Հինա Ջիլանին, Շիրին Էբադին եւ Գարեթ Էվանսը, իրենց տեսակետներն են հայտնել փախստականների համաշխարհային ճգնաժամի, մարդասիրական հանրույթում կանանց ստանձնած դերի եւ հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը բեւեռելու հարցում լրատվության ունեցած դերակատարման վրա։

2017թ. Aurora Dialogues քննարկումները, որոնց նշանաբանն էր «Լիցքավորելով աշխարհը», տեղի են ունեցել մայիսի 27-28-ին, Երեւանում։ Հայաստան էին ժամանել բազմաթիվ նշանավոր հյուրեր՝ անդրադառնալու այն խնդիրներին, որոնք կապված են կրթությունը բոլորի համար երաշխավորելու, աշխարհի հումանիտար ճգնաժամերի վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու գործում լրատվամիջոցների դերը հստակ սահմանելու, մարդու իրավունքների պաշտպանության, օրինակելի մոդելների ձեւավորման, աղետների հաղթահարման եւ փախստականների աջակցության հետ։

Aurora Dialogues քննարկումների հավելյալ ծրագիրը ներառում է համաժողովներ եւ հանրային բաց դասախոսություններ, որոնք կազմակերպվում են միջազգային հարթակներում եւ նպատակ ունեն մեկ հարկի ներքո հավաքելու բացառիկ փորձառություն ունեցող առաջնորդների՝ նպաստելով աշխարհի առավել հրատապ հումանիտար մարտահրավերների լուծումների որոնումներին։

«Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման եւ ինտեգրացիայի անհրաժեշտություն» նշանաբանով 2017թ. Aurora Dialogues բեռլինյան քննարկումները տեղի են ունեցել դեկտեմբերի 4-5-ին, Բեռլինում։ Միջոցառումը նպատակ ուներ երկխոսություն միջոցով առաջ քաշել նոր գաղափարներ առ այն, թե Գերմանիան եւ Եւրամիությունն ինչպես պետք է լուծում տան համաշխարհային միգրացիայի եւ փախստականների ճգնաժամի ամենահրատապ մարտահրավերներին։

«Փոխօգնություն առանց սահմանների. հաղթահարելով անտարբերությունը» խորագրով 2018թ. Aurora Dialogues 2018 թ. նյույորքյան քննարկումները տեղի են ունեցել մարտի 1-ին։ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի հետ համագործակցությամբ կազմակերպված համաժողովն իր ուշադրությունը բեւեռել էր այն հարցի վրա, թե ինչն է մարդկանց դրդում սպառնալից իրավիճակներում սեփական կյանքը վտանգի ենթարկելով ոտքի կանգնել հանուն այլոց փրկության։

«Ազդեցության ապագան» նշանաբանով 2018թ. Aurora Dialogues մոսկովյան քննարկումները, կազմակերպված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, PHILIN-ի եւ «Սկոլկովո» Մոսկվայի կառավարման դպրոցի համատեղ ջանքերով, տեղի են ունեցել ապրիլի 26-ին, Մոսկվայում։ Միջոցառմանը մասնակցելու էին եկել նորարարներ եւ ազդեցիկ գործիչներ՝ քննարկելու սոցիալական ազդեցության բնույթին վերաբերող բազմաթիվ հարցեր։