logo
ՓԱԿԵԼMenu
2018թ. Aurora Dialogues-ը Մոսկվայում

2018թ. Aurora Dialogues-ը Մոսկվայում

«Ազդեցության ապագան» խորագրով 2018թ. Aurora Dialogues-ը Մոսկվայում, որը համատեղ կազմակերպել էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, PHILIN-ը եւ ՍԿՈԼԿՈՎՈ Մոսկվայի կառավարման դպրոցը, տեղի ունեցավ 2018թ. ապրիլի 26-ին ՍԿՈԼԿՈՎՈ դպրոցում: Մասնակցում էին հումանիտար ոլորտի, ակադեմիայի հեղինակավոր ներկայացուցիչներ, բարերարներ, ձեռներեցներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք քննարկեցին սոցիալական ազդեցության էությունը:

2018թ. Aurora Dialogues-ը Մոսկվայում մեկնարկեց ՍԿՈԼԿՈՎՈ Մոսկվայի կառավարման դպրոցի նախագահ Անդրեյ Շարոնովի բացման խոսքով, որը ողջունեց մասնակիցներին եւ լսարանին ներկայացրեց Հարութ Շիթիլյանին` Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդատուին: Վերջինս խոսեց Aurora Dialogues-ը Մոսկվայում անցկացնելու կարեւորության մասին:

Այնուհետեւ 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Բուրունդիում «Մեզոն Շալոմ» խնամքի տան եւ ՌԵՄԱ հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն իր երախտագիտությունը հայտնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն ու հյուրերին ներկայացրեց պատմություններ այն ողբերգությունների մասին, որոնք ինքը հաղթահարել է: «Իմ ընտանիքի անդամները սպանվել են, սակայն ես հրաժարվեցի իմ սիրտն ատելությամբ լցնելուց: Իմ երախտագիտությունը շատ խորն է: «Ավրորա» մրցանակը փոխեց իմ կյանքը: Դուք մեզ վերադարձրիք մեր արժանապատվությունը: Դուք մեզ ցույց տվեցիք, որ սերը կարող է փոխել մարդկանց կյանքը, եւ այն կարող է փոխել նաեւ աշխարհը»,- ասաց նա:

Նրա խոսքին հետեւեց «Ազդեցության թիրախներն ու ցուցիչները» խորագրով առաջին քննարկումը, որին մասնակցում էին Մոսկվայի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Կուզնեցովը եւ ZIRCON հետազոտական խմբի հիմնադիր-ղեկավար Իգոր Զադորինը: ՄԱԿ-ի Մոսկվայի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Կուզնեցովը նախ լսարանի ուշադրությունը հրավիրեց ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների վրա եւ բացատրեց դրանց առաջացման պատճառները: «Բոլորը համաձայնության եկան, որ ժամանակակից աշխարհի առջեւ ներկայումս ծառացած բազմաթիվ խնդիրների հիմքում ընկած են մեկուսացումն ու անհավասարությունը»,- նշեց Կուզեցովը, որը որպես ռուս դիվանագետ 2008թ. ի վեր ՄԱԿ-ում աշխատել է այս հարցերի շուրջ: ZIRCON հետազոտական խմբի հիմնադիր-ղեկավար Իգոր Զադորինն այնուհետեւ ներկայացրեց երջանկության ընկալումների վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

Այնուհետեւ Անդրեյ Շարոնովը ներկայացրեց հաջորդ քննարկման մասնակիցներին, որը վերնագրված էր «Մեր երազանքի ապագան». մասնակիցներն էին Մոսկվայի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի ղեկավար Լեոնիդ Գրիգորեւը, «Վլադիմիր Պոտանին» հիմնադրամի գլխավոր տնօրեն Օքսանա Օրաչեւան, Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ եւ հիմնադիր գործընկեր Վերոնիկա Զոնաբենդը եւ INSEAD-ի գլոբալ առաջնորդության կենտրոնի հիմնադիր տնօրեն Մանֆրեդ Կեց դե Վրիեսը: Մասնակիցներն անդրադարձան իդեալական ապագայի, անհատական կարիքների եւ ազդեցության գործողների աշխատանքի միջեւ գոյություն ունեցող տարբերություններին ու խեղումներին:

Օքսանա Օրաչեւան բացատրեց, որ Ռուսաստանում հասարակական հատվածը եւս ինչ-որ չափով աշխատում է կայուն նպատակներին հասնելու ուղղությամբ. «Եթե մենք նայենք բարեգործության ոլորտին, հասարակական ու բարեգործական կազմակերպությունների դերին, ապա այն խիստ կարեւոր է ամենուր, այդ թվում՝ Ռուսաստանում վերափոխման գործընթացի տեսանկյունից: Սրա հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ շահույթ չհետապնդող հատվածը հիմնականում առնչվում է սոցիալական առաքելությանն ու նպատակներին, նրան, ինչը մենք սովորաբար անվանում ենք «պայծառ ապագա»: Այսպիսով, մենք աշխատում ենք այս ոլորտում, սակայն չենք օգտագործում միեւնույն բառապաշարը»: Լեոնիդ Գրիգորեւն էլ անդրադարձավ գլոբալ խնդիրների լուծման գործում տնտեսության խաղացած դերին եւ կատակելով նշեց. «Այլ տնտեսություն չկա, քան համաշխարհային տնտեսությունը»:

Ի վերջո, 2018թ. Մոսկվայի Aurora Dialogues-ի վերջին հատվածը բաղկացած էր մի քանի կլոր-սեղան քննարկումներից: Բոլոր մասնակիցները ներկայացրին իրենց կարծիքները հրատապ հարցերի ու խնդիրների մասին կլոր-սեղան քննարկման ժամանակ, որին մասնակցեցին նաեւ կոնֆերանսի փորձագետները: Նրանք եզրակացություններ ներկայացրին այն մասին, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն մարդկության առջեւ այսօր ծառացած գլոբալ մարտահրավերները լուծելու համար:

2018թ. Մոսկվայի Aurora Dialogues-ի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել այստեղ (ռուսերենով):