logo
ՓԱԿԵԼMenu
2018թ. Aurora Dialogues-ը Նյու Յորքում

2018թ. Aurora Dialogues-ը Նյու Յորքում

2018թ. մարտի 1-ին Նյու Յորքում կանցկացվեն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի համատեղ ջանքերով կազմակերպված «Փոխօգնություն առանց սահմանների. հաղթահարելով անտարբերությունը» խորագրով 2018թ. Aurora Dialogues քննարկումները, որին մասնակցելու են «Ավրորա» մրցանակի նախորդ տարիների հավակնորդները եւ մարդասիրության ոլորտի հեղինակավոր գործիչները՝ քննարկելու, թե որոնք են դժվարին իրավիճակներում սեփական կյանքը վտանգի ենթարկելով հանուն այլոց փրկության ոտքի կանգնելու դրդապատճառները։ Aurora Dialogues քննարկումների շարքն աշխարհի առաջատար հումանիտար, գիտական, քաղաքացիական հասարակության ոլորտի ներկայացուցիչների եւ բարերարների համար հարթակ է՝ հավաքվելու եւ այսօրվա մարդասիրական ամենահրատապ մարտահրավերների մասին կարեւոր քննարկումներ ունենալու համար: 
 

«Ավրորա» մարդասիրական մրցանակի գաղափարին հավատարիմ՝ Aurora Dialogues քննարկումների շարքը ներկայացնում է մարդկանց, որոնք իրականում եւ շարունակաբար աշխատում են ընդդեմ այսօրվա վայրագությունների, ինչպես նաեւ նախանշում այնպիսի գաղափարներ, որոնք կարող են շոշափելի փոփոխություններ բերել: Ամենամյա քննարկումների ծրագրի հիմմնական մասը տեղի է ունենում Հայաստանում՝ իբրեւ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը ուղեկցող միջոցառումների մաս։

2016թ. Aurora Dialogues առաջինքննարկումները ընթացել են 2016 թ. ապրիլի 23-ին, Մատենադարանում (Երեւան)։ Մասնակիցները, որոնց թվում էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ Հինա Ջիլանին, Շիրին Էբադին եւ Գարեթ Էվանսը, իրենց տեսակետներն են հայտնել փախստականների համաշխարհային ճգնաժամի, մարդասիրական համայնքում կանանց ստանձնած դերի եւ հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը բեւեռելու հարցում լրատվության ունեցած դերի մասին։

2017թ. Aurora Dialogues քննարկումները, որոնց խորագիրն էր «Լիցքավորելով աշխարհը», տեղի են ունեցել մայիսի 27-28-ին, Երեւանում եւ Դիլիջանում։ Հայաստան էին ժամանել բազմաթիվ հեղինակավոր հյուրեր՝ քննարկելու այն խնդիրները, որոնք կապված են կրթությունը բոլորի համար երաշխավորելու, աշխարհի հումանիտար ճգնաժամերի վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու գործում լրատվամիջոցների դերը հստակ սահմանելու, մարդու իրավունքների պաշտպանության, աղետների հաղթահարման եւ փախստականների աջակցության հետ։

Aurora Dialogues քննարկումների հավելյալ ծրագիրը ներառում է համաժողովներ եւ հանրային բաց դասախոսություններ, որոնք կազմակերպվում են միջազգային մակարդակով եւ նպատակ ունեն մեկ հարկի ներքո հավաքելու բացառիկ փորձառություն ունեցող առաջնորդների՝ նպաստելով աշխարհի առավել հրատապ հումանիտար մարտահրավերների լուծումների որոնումներին։

«Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման և ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով 2017թ. Aurora Dialogues բեռլինյան քննարկումները տեղի են ունեցել դեկտեմբերի 4-5-ին, Բեռլինում, որը համաժողովի անցկացման վայր էր ընտրվել Գերմանիայի եւ Եվրամիության համար այս թեմայի կարեւորության պատճառով։ Միջոցառումը, որին մասնակվում էին հումանիտար եւ մարդու իրավունքների ոլորտների մի շարք հեղինակավոր ներկայացուցիչներ (Մերի Ռոբինսոն, Լեյմա Գբովե, Նորբերտ Լամերտ եւ ուրիշներ), նպատակ ուներ երկխոսություն խթանելով առաջ քաշելու նոր գաղափարներ առ այն, թե Գերմանիան եւ Եվրամիությունն ինչպես պետք է լուծում տան համաշխարհային միգրացիայի եւ փախստականների ճգնաժամի ամենահրատապ մարտահրավերներին։