logo
ՓԱԿԵԼMenu
«Մարշալի պլանն Աֆրիկայում». աջակցություն զարգացմանը եվ ներդրումներին

«Մարշալի պլանն Աֆրիկայում». աջակցություն զարգացմանը եվ ներդրումներին

2017 թ. Aurora Dialogues բեռլինյան քննարկումների երկրորդ օրվա՝ «Փնտրելով լուծումներ տեղում» խորագիրը կրող նիստի առաջին մասը վարում էր միջազգային հեռուստահաղորդավար Նիկ Գոուինգը, իսկ գլխավոր զեկույցով հանդես եկավ Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարությունում Գերմանիայի Կանցլերի՝ Աֆրիկայի գծով անձնական ներկայացուցիչ Գյունտեր Նուկեն։ Ելույթ ունեցան նաեւ «Ալփբախ» եւրոպական ֆորումի նախագահ Ֆրանց Ֆիշլերը, Լիբերիացի խաղաղության ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան Լեյմա Գբովեն, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին, «Բժիշկներ առանց սահմանների» (Médecins Sans Frontières) կազմակերպության համահիմնադիր Բերնարդ Քուշները եւ Enough նախագծի հիմնադիր-նախագահ Ջոն Պրենդերգասթը։

Միջազգային հեռուստահաղորդավար, Արքայական քոլեջի (Լոնդոն) եւ Նանյանգ տեխնոլոգիական համալսարանի (Սինգապուր) հրավիրյալ պրոֆեսոր Նիկ Գոուինգը, ներկայացնելով գլխավոր բանախոսին, քննարկումն սկսեց՝ մասնակիցներին առաջարկելով ելույթները կառուցել նախորդ նիստերի ընթացքում բարձրացված հարցերի ու հիմնախնդիրների վրա, եւ հավելեց, որ թեեւ անիրատեսական կլիներ սպասել, թե մեկ նստաշրջանում հնարավոր է անդրադառնալ բոլոր խնդիրներին, անհրաժեշտ է նաեւ որոշակի առաջընթաց արձանագրել. «Մենք չենք կարող անդրադառնալ ամեն ինչի, բայց փորձում ենք կարճ ժամանակում՝ մեկ օրում, իրագործել հնարավորը»։

Հիմնական բանախոս, Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարությունում Գերմանիայի Կանցլերի՝ Աֆրիկայի գծով անձնական ներկայացուցիչ Գյունտեր Նուկեն լսարանին իր մտքերը ներկայացրեց համաշխարհային զարգացման ոլորտի կորպորացիաների կողմից օգնության տրամադրման փոխարեն մասնավոր սեկտորի վրա կենտրոնանալու միտման վերաբերյալ՝ անդրադառնալով նաեւ ներկա ճգնաժամի տեւողությանը եւ մատնանշելով, որ այն բնորոշելիս անհրաժեշտ է հստակություն մտցնել լեզվի մեջ. «Մենք խոսում ենք միգրացիայի եւ փախստականների մասին, եւ այնպիսի մի ճգնաժամի, որը չի դադարում արդեն տարիներ,– ասաց նա,- փախուստ եւ միգրացիա եզրերը հաճախ կիրառվում են իբրեւ հոմանիշներ, բայց ըստ իս՝ դա ճիշտ չէ»։

«Ալփբախ» եւրոպական ֆորումի նախագահ Ֆրանց Ֆիշլերը մասնակիցներին հորդորեց չտարվել բարի ցանկությունների երազանքներով եւ մայրցամաքին իր զարգացման ծրագրերում օժանդակելիս զերծ մնալ առաջնային դերակատարում որդեգրելուց։ «Աֆրիկային մենք չէ, որ պիտի սովորեցնենք զարգանալու ձեւը։ Մենք կարող ենք ծառայել իբրեւ կատալիզատոր կամ աջակից, բայց նախաձեռնությունն ու շարժիչ ուժը պիտի գա հենց Աֆրիկայից»,– մեկնաբանեց նա։

Enough նախագծի հիմնադիր-նախագահ Ջոն Պրենդերգասթը, համաձայնելով վերոնշյալ նկատառմանը, հավելեց. «Սա աջակցության եւ ներդրումային ցանկացած նախագծի նախադրյալն է՝ ինչ էլ այն լինի կամ կոչվի։ Ներկայիս կարեւոր խնդիրը խթանող համակարգերի համախումբն է։ Աֆրիկայի մի շարք կառավարությունների համար այդ խթանող համակարգերը խրախուսում են զանգվածային արտահոսք, զանգվածային կոռուպցիա եւ շատ դեպքերում հանգեցնում սոսկալի բռնությունների»։

Լիբերիացի խաղաղության ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբովեն շեշտեց վարից վեր ուղղված վեկտորի կարեւորությունը կայուն առաջընթացի գործում՝ ասելով. «Որպես ակտիվիստներ՝ մենք ասում ենք աշխարհին. եթե ցանկանում եք, որ զարգացումն արմատներ գցի, թողեք առաջանա տեղում, իրագործվի տեղացիների կողմից։ Եթե մի բան դրսից է գալիս, դժվար թե աշխատի»։

Մասնակիցներից ոչ բոլորը համաձայնեցին, որ Աֆրիկայի դեպքում «Մարշալի պլան» կոչվածը տեղին անվանում է։ «Բժիշկներ առանց սահմանների» (Médecins Sans Frontières) կազմակերպության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Բերնարդ Քուշներն ամփոփեց եղած կասկածները՝ ասելով. «Մենք պետք է օգնենք Աֆրիկային, Աֆրիկան՝ մեզ։Հանեք Մարշալի անունն ու եկեք խոսենք Աֆրիկյան պլանի մասին»։

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին հատուկ ներկայացուցիչ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին բոլորի ուշադրությունը հրավիրեց իրական մարդկանց վրա, որոնք եւ պետք է լինեն հաստատվող եւ իրականացվող զարգացման բոլոր նախագծերի շահառուները։ «Աֆրիկյան կառավարությունները կարող են չարաշահել, գրպանել եւ սխալ իրացնել հատկացվող միջոցները։ Սա միանգամայն ակնհայտ է՝ տեսնում ենք իրականությունը։ Ինչեւէ, ճիշտ է նաեւ այն, որ աֆրիկացիներն ունեն որոշակի ձգտումներ, ու եթե լինելու է զարգացման աջակցության ծրագիր, այն պետք է ներդրումներ կատարի մարդկանց ձգտումներում»,– նշեց բանախոսը։