logo
ՓԱԿԵԼMenu
Մերօրյա փրկիչները. պատասխանատվությունը համաշխարհային մարտահրավերների դարաշրջանում

Մերօրյա փրկիչները. պատասխանատվությունը համաշխարհային մարտահրավերների դարաշրջանում

Բեռլինում կայացած Aurora Dialogues 2017 քննարկումների առաջին օրվա առաջին նիստն ընթացավ «Մերօրյա փրկիչները. պատասխանատվությունը համաշխարհային մարտահրավերների դարաշրջանում » խորագրի ներքո։ Նիստը վարում էր բեռլինյան հեռուստահաղորդավար, լրագրող Ալի Ասլանը։ Զեկուցողների թվում էին 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ Ջամիլա Աֆղանին, «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան ներկաներին դիմեց տեսաուղերձով։

«Ռոբերտ Բոշ» հիմնադրամի բեռլինյան կենտրոնում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած նիստը մեկնարկեց 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինայի տեսաուղերձով, ով չէր կարող լքել Սուդանի Նուբա լեռների «Գթության մայր» հիվանդանոցը, քանի որ միակ մշտապես այն տեղ գտնվող վիրաբույժն է պատերազմից կեղեքված այդ տարածաշրջանում։ Խոսելով միգրացիայի ճգնաժամից՝ նա նշեց դրա ամենահիմնարար մարտահրավերներից մեկը. «Ըստ իս՝ հրամայական է դարձել, որ հաշվի առնենք ընդունող երկրներում տարածված կարծիքներն ու մտքերը, աշխատենք նրանց տագնապների հետ, հասկանանք, թե ինչ նկատի ունեն՝ ասելով, թե վախենում են ինքնությունն ու մշակույթը կորցնելուց։ Կարծում եմ, որ այս տագնապները պետք է փարատվեն, եւ նրանք ի վերջո կհասկանան, որ միակ ուղին ինտեգրացիան է եւ որ երկարաժամկետ առումով դա օգտակար կլինի իրենց եւ իրենց երկրներին»։

Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանն ընդգծեց, թե որքան կարեւոր է այն ձեւը, որով համաշխարհային հասարակությունը դիտում է տարագրությանը դատապարտվածներին։  «Փախստականները կատեգորիա չեն, մարդիկ են։ Երբ ասում ես փախստական, ապամարդկայնացնում ենք նրանց։ Երբ ասում ես տեղահանված, ապամարդկայնացում չկա։ Մինչդեռ դրանք մարդիկ են, որոնք փորձում են գոյատեւել իրենց ձգտումներով, նպատակներով, երազանքներով, հարազատներով, սիրով ու բաժանությամբ հանդերձ։ Սա է նաեւ, որ ինձ ոգեշնչվել է միանալու այս ջանքերին»,– ասաց Վարդան Գրեգորյանը։

Աֆղանստանի Կրթական եւ հմտությունների զարգացման «Նուր» կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջամիլա Աֆղանին ներկաներին պատմեց փախստականի իր սեփական պատմությունը, եւ թե դիմագրաված մարտահրավերներն ինչպես են արտահայտվում իր գործում։ «Իմ սոցիալական աշխատանքը ես սկսեցի՝ անցնելով նույնի միջով, կայանալով այդ իսկ միջավայրում։ Այնպես որ ես հասկանում եմ մյուս փախստականների՝ իմ աֆղան համերկրացիների խնդիրներն այդ ճամբարներում»,–ասաց նա։

Բուրունդիի «Խաղաղության Տուն» (Maison Shalom) խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, ընդգծելով համաշխարհային համատեղ ջանքերի անհրաժեշտությունն ու խոսելով «Ավրորա» մրցանակի ազդեցության մասին, ասաց. «Եթե այնտեղի (Ռուանդայի փախստականների ճամբարների) երիտասարդները չվերադառնան համալսարան, ի՞նչ են անելու։ Զենք են վերցնելու եւ գնալու ետ (Բուրունդի)՝ վրիժառության։ Այսօր նրանք ուրախ են, որ կարող են գնալ համալսարան, որ մայրերը կարող են կերակրել իրենց երեխաներին։ Սրանք սերմեր են, եւ եթե յուրաքանչյուրը կարողանա մի նոր սերմ ցանել, մենք կփոխենք աշխարհը»։

Ընդունող հասարակություններում փախստականների արդյունավետ ինտեգրացիայի օգտակար կողմերը ցուցադրելու նպատակով Ալի Ասլանը լսարանին ներկայացրեց հակամարտող տարբեր գոտիներից եկած երիտասարդների եւ ասաց. «Ձեր առջեւ կանգնած են ուսման մեջ չափազանց առաջադեմ եւ բարձր ինտելեկտի տեր երեք անձնավորություն, որ եկել հասել են Գերմանիա»։

Այնուհետեւ, Օսասու Օսայանդեն՝ Նիգերիայից, Ամր Ալ-Ջաբերը՝ Սիրիայից եւ Էլիզաբեթ Կակու Գիմբան՝ Հարավային Սուդանից, խոսեցին բազում տարագրությունների իրենց ուղիներից եւ Ֆրայբուրգի UWC Ռոբերտ Բոշ քոլեջի բազմազգ միջավայրում ինտեգրացիայի ընթացքից։

UWC Ռոբերտ Բոշ քոլեջի տնօրեն Լորենս Նոդերը նշեց. «UWC ցանցը մեկտեղ է հավաքում մարդկանց մեծ բազմազանություն։ Մենք սա անվանում ենք կանխամտածված բազմազանություն՝ մարդիկ, որոնք ոչ մի այլ հանգամանքներում հնարավորություն չէին ունենա ապրելու եւ սովորելու մի հարկի տակ։ Այս գործընթացի միջոցով մենք բացահայտում ենք մեր համընդհանուր մարդկայնությունն ու լավատեսությունը, եւ այն, թե աշխարհում ինչի կարող ենք հասնել համատեղ ուժերով»։

Առաջին նիստի ընթացքում ձեւավորվեց հաջորդ օրվա քննարկումների համար բարենպաստ տրամադրություն։ Վարդան Գրեգորյանը համաժողովի մասնակիցներին հորդորեց ակտիվորեն մասնակցել երկխոսությանը եւ ճանաչել միմյանց. «Երկխոսությունն անչափ կարեւոր է։ Մի մնացեք ինտելեկտուալ կամ սոցիալական առումով մեկուսի, քանի որ դրա հետեւանքն օտարացումն է եւ հուսահատությունը»։