logo
ՓԱԿԵԼMenu
Երիտասարդ առաջնորդները

Երիտասարդ առաջնորդները

UWC-ի երեք դպրոցների ուսանողները, որոնց նախագծերն ընդունվել էին UWC դպրոցների եւ քոլեջների համար «Ավրորան UWC դպրոցներին եւ քոլեջների համար» ծրագրի վերջին փուլ, Aurora Dialogues-ի հյուրերին ու մասնակիցներին, ինչպես նաեւ ժյուրիին ներկայացրին իրենց ծրագրերը: Ժյուրիի անդամներն էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Մարգարիտ Բարանկիցեն, Լեյմա Գբովեն, UWC միջազգային խորհրդի փոխնախագահ Ջիլ Լոնգսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ, Յեյլի համալսարանի գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Էռնեստո Սեդիլյոն:
Եզրափակիչ փուլ անցած հաջողակները Սվազիլենդում գտնվող Հարավային Աֆրիկայի UWC Ուոթերֆորդ Կամլաբա դպրոցի, Գերմանիայում գտնվող UWC Ռոբերտ Բոշ քոլեջի եւ Հնդկաստանի UWC Մահինդրա քոլեջի ներկայացուցիչներն էին, ում ջերմորեն ողջունեց Ռոբերտ Բոշ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստոֆ Բոշը: Նա նշեց, որ օրվա առաջին կեսը նվիրված էր իր սերնդի առաջարկներին եւ ընդգծեց նաեւ, որ ժամանակն է, որ լսարանը վերջապես լսի երիտասարդների առաջարկները: 
 
«Այս մրցույթն, իմ կարծիքով, հավակնում է դառնալ երիտասարդական «Ավրորա» մրցանակ, չնայած, որ դա պաշտոնական անվանում չէ: Դա ոչ այնքան մրցակցություն, որքան համագործակցություն է»,- հայտարարեց Բոշը:
 
UWC Ռոբերտ Բոշ քոլեջի թիմի անդամներ Մոհամեդ Սալահը (Եգիպտոս) եւ Ռավինդրա Մահապատրան (Միացյալ Թագավորություն) առաջինը ներկայացրեցին իրենց DoGood.shop ծրագիրը: Այդ ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին՝ տրամադրելով շահույթ չհետապնդող առցանց շուկա, որտեղ հնարավոր է վաճառել վերամշակված եւ փախստականների ու այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքներ: Երկարաժամկետ կտրվածքում ծրագիրը նաեւ նպատակ ունի օժանդակել փախստականներին՝ նրանց տրամադրելով ՏՏ ոլորտի վերապատրաստման դասընթացներ, որպեսզի նրանք իրենք կարողանան աշխատել տարբեր ծրագրերի վրա, ինչպես նաեւ ապահովել նրանց համապատասխան կրթությամբ աշխատանք գտնելու նպատակով:
 
Այնուհետեւ բեմ բարձրացան Մայա Դայանը (Իսրայել), Էլլա Ռոյը (Գերմանիա) եւ Քեթրին Դելգադոն (ԱՄՆ) Հնդկաստանի UWC Մահինդրա քոլեջից եւ լսարանին ներկայացրին իրենց Kriyā Iron նախաձեռնությունը: Ծրագիրն ունի երեք նպատակ՝ քոլեջի հարակից գյուղական տարածքներում բավականին հրատապ անեմիայի խնդրի լուծումը, սննդարար միկրոէլեմենտների պակասության եւ սննդային այլ խնդիրների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումը, ինչպես նաեւ կանանց հզորացումը սեփական առողջության խնդիրները լուծելու նպատակով: 
 
Դրան հաջորդեց Սվազիլենդում գտնվող UWC Ուոթերֆորդ Կամլաբա դպրոցի BraveGirl Camp  ծրագիրը, որը ներկայացրեցին Էլլա Փանգը (ԱՄՆ), Իկե Նյորոգեն (Քենյա) եւ Քեյթ Դոյլը (Հարավային Աֆրիկա): Այն ուսանողական գենդերային հավասարությանն ուղղված նախաձեռնություն է, որի նպատակն է ակադեմիական ոլորտում մրցակցային աղջիկ ուսանողների համար միջնակարգ կրթության ապահովումը Սվազիլենդի մայրաքաղաքի հարակից տարածքներում: BraveGirl-ն ամբողջական մոտեցում է ցուցաբերում կանանց հզորացման խնդիրներին՝ ուշադրությունը տեղափոխելով անձնական նպատակներից ու առողջությունից դեպի Սվազիլենդում կանանց հզորացման խնդիրների արտաքին համատեքստին:
 
Ժյուրիի կողմից անցկացված քննարկումից հետո «Ավրորան UWC դպրոցների եւ քոլեջների համար» ծրագրի բոլոր մասնակիցները հրավիրվեցին բեմ՝ հաղթողին հայտարարելու համար: Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը հայտարարեց, որ հաղթողը UWC Ռոբերտ Բոշ քոլեջի ծրագիրն է, որն արժանանում է 4000 եվրո մրցանակի ծրագրի հետագա զարգացման եւ ֆինանսավորման համար: Սակայն դա ամենը չէր:
 
Նուբար Աֆեյանը խոսք խնդրեց եւ, ի զարմանս լսարանի ու ի ուրախություն մյուս երկու թիմերի, հայտարարեց որ նրանք եւս ֆինանսավորում են ստանալու: «Թիմերն իրար շատ մոտ էին, այնուամենայնիվ, մենք ողջունում ենք հաղթող թիմին եւ նրանք սստանում են 4000 եվրո: Մեզ նաեւ տեղեկացրին, որ անանուն նվիրատվություն է եղել, եւ մյուս երկու թիմերից յուրաքանչյուրը եւս կարժանանա 4000 եվրո մրցանակի», - հայտարարեց Աֆեյանը:
 
UWC Dilijan միջազգային դպրոցի կառավարիչների խորհրդի նախագահ եւ IDeA հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը փորձեց բառերով արտահայտել բոլորի զգացմունքները: «Այս հրաշքը տեղի է ունենում Դիլիջանում», - ասաց նա: Նա ողջունեց ժյուրիի անդամներին իրենց «իմաստության եւ նվիրվածության համար», իսկ ուսանողական թիմերին իրենց ջանասիրության ու աշխատանքի համար: